Ընդդիմության իմաստային պատասխանն, ահա, «Իրական Հայաստանին»՝ պետք է լինի ոչ միայն ու ոչ այնքան (իսկ գուցե ընդհանրապես պետք է չլինի) նախկին հաղթականության մեխանիկական հիշեցումը, որն այսօրվա ստորացման պայմաններում ցավեցնում է, այլ նվաղած երկրում ապրող նոր, ոչ իր կամքով նոր դարձած մարդու, մարդկանց միավորող այնպիսի ուղերձը, որը կհակադրվի «Իրական Հայաստանի» մարազմին: Բայց կհակադրվի ոչ թե ուղղակի որպես պարզ ռեֆլեքսիա, որպես արձագանք, այլ որպես նոր բովանդակություն, նոր իմաստ, որի վրա երբևէ կարող է հառնել նախկին հաղթականությունը վերադարձնելու շանս ունեցող նոր սոցիալական ու պետական կառույց:
«Իրական Հայաստանի» հակաթույնն իրական հայ մարդն է՝ առանց չակերտների: Բայց այդ մարդու հայկականությունը՝ մազաչափ անգամ չուրանալով անցյալի կոդերը, պետք է այդուհանդերձ խարսխված լինի նոր իրողությունների, այսօրվա իրականության վրա: Գաղափարների ու իմաստների այս պայքարում ժամանակային գործոնն առանցքային է: Իշխանությունն «Իրական Հայաստանի» ցնորքը վաճառում է՝ որպես այսօրվա, բայց ավելի շատ՝ որպես վաղվա նախագիծ: Ընդդիմությունները դրան հակադրվում են անցյալի արքետիպներով: Իսկ անցյալի ու ապագայի ժամանակային չափումների մրցակցության մեջ անցյալը միշտ պարտվելու է՝ մարդ արարածի բնության բերումով: Պարտվելու է՝ ողջ հերոսականությամբ հանդերձ:
Կգտնե՞ն արդյոք ընդդիմությունները՝ առանձին-առանձին և միասին վերցրած, առաջիկա երկու ամսում «Իրական Հայաստանին» իրական հայ մարդուն հակադրելու ալգորիթմը: Սա է այս ընտրական շրջափուլի, բայց նաև հետագա ժամանակների ամենագլխավոր հարցը: Բազմապատիկ ավելի կարևոր, քան սոցիոլոգիական հարցումների չափումներն ու դրանցով հիացող չափվողների ինքնագոհությունից արձակվող անպատեհ ու որպես քաղաքական խոսք ներկայացվող ձայների դեցիբելները:
Գառնիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։


















































