Հայ քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակներն էլ են կանխատեսումներ անում, թե ինչպես կանդրադառնա Իրան-ԱՄՆ երկարատեւ խաղաղության կնքումը տարածաշրջանի եւ հատկապես Հայաստանի վրա: Հավաքական կարծիքն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այդպիսով կորցնելու է քաղաքական հետաքրքրությունն Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի համար եւ կրկին աշխարհաքաղաքական «բոմժ» է դառնալու՝ փորձելով նոր տերեր գտնել։
Փորձառու դիվանագետ, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը չի ուզում անշնորհակալ գործով զբաղվել եւ կանխատեսումներ անել, քանի դեռ բանակցությունների արդյունքները հայտնի չեն։ Այդուհանդերձ, դրական է գնահատում հրադադարը․ «Ամեն ինչ կախված է բանակցությունների արդյունքից, քանի որ դիվանագիտությունն աշխատում է, բանակցություններ են լինելու, դա արդեն իսկ լավ է, մնացած բոլոր կանխատեսումների մասին հնարավոր է խոսել բանակցություններից հետո։ Մի բան փաստ է, որ Իրանն ավելի քան դիմադրեց, եւ ներքին միասնության շնորհիվ մարդիկ կարողացան համախմբվել նման ճգնաժամային իրավիճակներում։ Իրականում, այս պատերազմը պետք է բլից-կրիգ լիներ եւ ստեղծեր ներքին անհամերաշխության մթնոլորտ, ու ներքին պառակտվածության միջոցով հասնեին հաղթանակի, բայց դա տեղի չունեցավ, որովհետեւ Իրանի ժողովրդին հաջողվեց միավորվել եւ տապալել ԱՄՆ ծրագրերը»։
Մինչդեռ քաղաքական գործիչները չեն սպասում բանակցությունների ավարտին եւ իրենց գնահատականներն են ներկայացնում, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը կարծում է․ «Եթե այս ամենն իրողություն դառնա, կարելի է ասել, որ Իրանը պատմական հաղթանակ է տարել՝ դիմակայելով երկու միջուկային տերությունների ռազմական հարձակմանը, քանի որ Թրամփը համաձայնել է ընդունել Իրանի պայմաններով ձեւավորված 10 կետանոց փաստաթուղթը՝ որպես բանակցությունների հիմք»։ Ըստ Զուրաբյանի, սա ամբողջությամբ փոխում է մեր տարածաշրջանի ճարտարապետությունը եւ հաստատում Իրանին որպես տարածաշրջանային հզոր տերություն եւ, հաշվի առնելով նրա վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, նաեւ որպես համաշխարհային մեծ խաղացող:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































