Լրահոս
Օրվա լրահոսը

Օշական՝ պատմական անցյալով ու ներկայով

Ապրիլ 09,2026 12:18 Share

Մեր երկրի ամեն մի անկյուն պատմական մեծ անցյալ ունի՝ ամրոցներ ու տաճարներ՝ նախաքրիստոնեական ու քրիստոնեական, այլ սրբավայրեր, կամուրջներ ու բնակատեղիներ… Կան առավել հայտնի վայրեր, որոնցում տեղի են ունեցել մեր պատմության առանցքային իրադարձություններ։ Օշականը գյուղ է Հայաստանի Հանրապետությունում՝ Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակից քիչ հարավ՝ Քասախ գետի ափերին։ Ինչպես բոլոր բնակավայրերը, Օշականն էլ ունի իր պատմությունը, պատմական ու ժամանակակից հուշարձանները։

Հաճախ ենք լսում կամ կարդում այսպես կոչված «Օշականի ճակատամարտը» պատմական իրողության մասին։ 336 թ․ տեղի է ունեցել ճակատամարտ Մազքթաց Արշակունիների և Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության բանակի միջև։ Ճակատամարտն ավարտվել է հայոց զորքի հաղթանակով։ Այս առթիվ 5-րդ դարի պատմիչ Փավստոս Բյուզանդը գրում է․ «…Երբ թշնամիները տեսան նրա հարձակումն իրենց վրա, քաղաքից (Վաղարշապատից․ Զ․ Ը․) դուրս եկան, փախան դեպի առապարը, Օշական բերդի կողմը՝ ապավինելով այն անապատին ու քարքարոտ տեղերին։ Սաստիկ պատերազմ եղավ։ Եվ Հայոց զորավարի (Վաչե Մամիկոնյան, Զ․ Ը․) նիզակակիցները, որ էին Բագրատ Բագրատունին, Մեհունդակ և Գարեգին Ռշտունիները, Ամատունյաց տոհմի նախարար Վահանը, Վարազ Կամինականը, հասան, խփեցին, կոտորեցին ալանների, մասքութների, հոների ու մյուս ազգերի զորքերը…» («Փավստոս Բյուզանդ», «Պատմություն Հայոց», էջ 76–77, Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 1968 թ․)։

 

Օշականը հայտնի է նաև Ռուս-պարսկական 1826–1828 թթ․ պատերազմի տարիներին տեղի ունեցած իրադարձություններով։ Գյուղի տարածքում ռուս-հայկական զորքերը՝ Աֆանասի Կրասովսկու գլխավորությամբ, 1828 թ․ օգոստոսի 17-ին հաղթեցին պարսիկ Աբաս-Միրզայի բանակին։ Սակայն և՛ մեր ժողովրդին, և՛ շատ օտարների համար Օշականը հայտնի է՝ կապված Սուրբ Մեսրոպ Մաշտոցի հետ։

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, որը 1996 թվականից Արագածոտնի թեմի առաջնորդանիստն է, գտնվում է գյուղի մեջ՝ Քասախ գետի ձախ ափին՝ հնգաթռիչք կամրջի հարևանությամբ։ Ըստ պատմական մի շարք աղբյուրների՝ ժամանակակից եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում Վահան Ամատունի իշխանի կողմից կառուցված եկեղեցու տեղում։

Հայոց Քերթողահայրը՝ Մովսես Խորենացին, որը եղել է Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից և նրա հանձնարարությամբ ընկերների հետ ուսման էր գնացել Բյուզանդիա, վերադառնալուց հետո տեղեկանում է, որ արդեն մահացել էին Ամենայն Հայոց 10-րդ կաթողիկոս Սահակ Պարթևը և Մաշտոցը։ Խորենացին իր «Հայոց պատմություն» մատյանի ԿԸ «Ողբ» գլխում գրում է․ «…Եվ մինչ նրանք սպասում էին մեր դարձին, որ փառավորվեին իմ անիմաստ գիտությամբ և լիակատար պատրաստությամբ, և մենք էլ Բյուզանդիայից շտապ-շտապ դիմելով հույս ունեինք հարսանիքներում պարել, խիզախ և արագ շարժումներով, և առագաստի երգեր երգել,— այժմ, այդ ուրախության փոխարեն, գերեզմանի վրա ողբեր եմ ասում, ողորմելի հառաչելով, նույնիսկ չհասա տեսնելու նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց վերջին ձայնն ու օրհնությունը…» (Երևան, 1990 թ․, «Հայաստան» հրատարակչություն, էջ 236)։

Իսկ Մաշտոցի մահվան մասին Խորենացին գրում է․ «Սուրբ Սահակի վախճանվելուց վեց ամիս հետո, մեհեկան ամսի տասներեքին, երանելի Մեսրոպն էլ այս աշխարհից փոխվեց Վաղարշապատ քաղաքում՝ գերազանցելով բոլոր առաքինի մարդկանցից, որպիսիք այն ժամանակ կային…» (էջ 243)։

Ինչպես գիտենք՝ Սուրբ Սահակ Պարթևը մահացել է 439 թ․ սեպտեմբերի 7-ին՝ Բագրևանդի Բլրոցաց գյուղում, իսկ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը՝ 440 թ․ փետրվարի 17-ին (մեհեկան 13)՝ Վաղարշապատում։

Եվ Խորենացին, և Մաշտոցի կենսագիր Կորյունը նկարագրում են մի հետաքրքիր երևույթ․ «Ինչպես լսեցի բազմաթիվ և արժանահավատ անձերից, խաչի ձևով աղոտ լույս էր շողում այն տան վրա, որտեղ երանելին հոգին ավանդեց…» («Մ․ Խորենացի», «Հայոց պատմություն», էջ 234–235)։ Կորյունը գրում է․ «Եվ մինչդեռ Սրբի ձեռքերը կարկառված էին դեպի երկինք՝ խաչանման, լուսավոր շողավոր ձևով սքանչելի տեսիլ երևաց այն ապարանքի վրա…» («Կորյուն», «Վարք Մաշտոցի», էջ 96–97, Երևան, 2005, ԵՊՀ հրատարակչություն)։

Կորյունը, որը ներկա է եղել, հիշատակում է, որ այդ օրը Սրբի մոտ էին նրա աշակերտներից հոգևորականներ Հովսեփը, Թադիկը, զինվորականներից՝ Վահան Ամատունին՝ Մեծ Հայքի հազարապետը, Հմայակ Մամիկոնյանը (Վարդան Մամիկոնյանի եղբայրը) և այլք։

Պատմիչները նկարագրում են նաև, թե ինչպես են որոշել Սրբի հուղարկավորման վայրը։ «Վահանն ու Հմայակը, աշխարհական բազմության հետ, վերցրեցին նրան… և բարձրացան Օշական ու այնտեղ մարտիրոսարանի մեջ դրին…» (էջ 97)։ Սա վկայում է, որ դեռևս այն ժամանակ Օշականում եղել է Սուրբ Մարտիրոսների հանգստարան։

Խորենացին նշում է, որ երեք տարբերակ կար՝ Սրբին հուղարկավորել Տարոնում, Գողթնում կամ Վաղարշապատում, սակայն «հաղթեց քաջ Վահան Ամատունին… Նա մարմինը վերցրեց և արժանավայել հուղարկավորությամբ տարավ իր գյուղը՝ Օշական…» (էջ 235)։

Հնարավոր է, որ Վաղարշապատից մինչև Օշական Սրբի մարմինը տեղափոխվել է մեծ թափորի ուղեկցությամբ՝ ձեռքի վրա։

Արագածոտնը վաղ միջնադարում եղել է Ամատունի նախարարական տան եպիսկոպոսների տեսչության ներքո, իսկ Օշականը դարձել է նրանց կենտրոնը Խոսրով Բ Արշակունու օրոք (330–338 թթ․)։

Պատմիչների վկայությամբ՝ 443 թ․ Վահան Ամատունին Մաշտոցի գերեզմանի վրա եկեղեցի է կառուցել։ Կորյունը գրում է․ «Իսկ երեք տարի անցնելուց հետո՝ Վահան Ամատունուն հաջողվեց… սքանչելի տաճար կանգնել… և նրա մարմինը փոխադրվեց տաճարի գերեզմանը…» (էջ 97)։

Սուրբ Մաշտոցի մահվան հաջորդ տարին իսկ սահմանվեց հատուկ տոն նրա հիշատակին, իսկ նրա գերեզմանը դարձավ ուխտատեղի։

Օշականի ներկայիս Սուրբ Մաշտոց եկեղեցու մասին հիշատակություններ են թողել նաև հետագա դարերի պատմիչները։ Թովմա Արծրունին և անանուն հեղինակը «Պատմություն Արծրունյաց տան» գրքում գրում են, որ Մաշտոցի մարմինը խաչաձև լույսի ուղեկցությամբ թաղվել է Օշականում (էջ 121, Երևան, 1985 թ․, ԵՊՀ հրատարակչություն)։

Առաքել Դավրիժեցին իր «Պատմություն» գրքում նշում է, որ տաճարը ժամանակի ընթացքում վնասվել էր, սակայն կաթողիկոս Փիլիպոսը 1645 թ․ վերականգնել է այն (էջ 277, Երևան, 1988, «Սովետական գրող»)։

19-րդ դարում Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Դ-ը ծավալել է շինարարական լայն գործունեություն։ 1875–1879 թթ․ վերակառուցվել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին։ 1879 թ․ հոկտեմբերի 21-ին այն օծվել է։

1880 թ․ եկեղեցու հարավային կողմում՝ Վահան Ամատունու գերեզմանի վրա, կանգնեցվել է հուշակոթող՝ «ՎԱՀԱՆ ԱՄԱՏՈՒՆԻ՝ ԻՇԽԱՆ ՀԱՅՈՑ» գրությամբ։ 1884 թ․ եկեղեցուն արևելքից կցվել է երկհարկանի, ութսյունանի ռոտոնդայով պսակված զանգակատուն, որը մասնագետների կարծիքով՝ եզակի է հայ եկեղեցաշինական ճարտարապետության մեջ։

Եկեղեցու հարևանությամբ գտնվում է 1913 թ․ կառուցված դպրատունը, որը հիմնանորոգվել է 1996 թ․։ Եկեղեցու ետնաբակում է նաև հայ գրերի պուրակը և Մաշտոցի արձանը՝ կարմիր տուֆից։

1997 թ․ եկեղեցու արևմտյան կողմում կառուցվել է առաջնորդարանի շենքը (ճարտարապետ՝ Հ․ Բաբախանյան)։ Տաճարի ներսի պատերը նկարազարդված են․ արևմտյան պատին Հ․ Մինասյանի և Հ․ Մամյանի «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարն է, հարավային պատին՝ զինվորների պատկերներ՝ թևատարած արծվի խորհրդանիշով, իսկ հյուսիսային պատին՝ Հայաստանի գարնան պատկերումը։

 

1995 թ․ եկեղեցու արևմտյան կողմում կանգնեցվել է քառակող հուշակոթող, որի արևելյան կողմում քանդակված է հայոց այբուբենը՝ Աստվածաշնչյան հայտնի խոսքի ուղեկցությամբ։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930