Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և Ժամանակակից արվեստի թանգարանը օրերս հանդես եկան հերթական հրաշալի նախագծով։ Այս երկու արվեստի օջախները համագործակցում են տարիներ շարունակ՝ երաժշտությունը հնչեցնելով ժամանակակից կերպարվեստի տիրույթում։ Այսպիսով, արվեստի ճյուղերն էլ միաձուլվում են, ինչն անմիջականորեն ազդում է ուսանող արվեստագետի հետագա զարգացման վրա։
Այս անգամ ցուցասրահում հնչեցրած ֆրանսիական երաժշտությունն այնքան համահունչ էր, որ կարծես էլ ավելի էր նպաստում զգայարաններով ընդունել, յուրացնել ֆրանսահայ ճանաչված նկարիչ Գևորգ-Ջորջ Քասսաբյանի «Գևորգ, Վիշապ, Սունկ» խորագրով ցուցադրվող աշխատանքների խորը բովանդակությունը։
Կարդացեք նաև
Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, ՀՀ կոմպոզիտորների միության անդամ Նարինե Ավետիսյանը Aravot.am-ի հետ զրույցում նախ հիշեցրեց, որ կոնսերվատորիայի և թանգարանի համատեղ այս նախագիծը պայմանավորված է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում անցկացվող միջոցառումներով, ապա ասաց. «Հերթական համագործակցության համար թանգարանի տնօրինությունը ցանկություն հայտնեց, իսկ կոնսերվատորիան առաջարկեց այս անգամ ցուցասրահը ողողել ֆրանսիական մեղեդիներով, առավել ևս, որ վերջիններս գունեղ են, խոսուն, ինչն էլ, վստահ եմ, նկատեցիք՝ համահունչ է ցուցադրությանը»։
Մեր զրուցակիցը, ազդված ցուցահանդեսի խորագրով ու ներկայացված աշխատանքներով, ասաց. «Աշխատանքների այս նախագիծը կապված է բնության մեջ գործող անտեսանելի փոխկապակցվածության սկզբունքի հետ։ Տեսեք, սնկերը ներկայացվում են որպես ստորգետնյա ցանցի մակերեսային դրսևորումներ և վերածննդի խորհրդանիշ։ Ներկայացված քանդակներն էլ նույն խորհրդանիշերով են, որտեղ համադրվում են փխրունությունն ու ներքին ուժը՝ արտահայտելով կենսական գործընթացների շարունակականությունը։ Իսկ սնկերի մոտիվը ներկայացված է գունավոր վիշապների պատկերների հետ երկխոսության մեջ, որոնք խորհրդանշում են տարերային էներգիա, շարժում և փոխակերպման դինամիկ ուժ։ Հետաքրքիր է, որ մեր հայրենակիցը այս կերպարները ցույց է տալիս հայկական գորգերի ֆոնին։ Եվ այդ կերպարները, ինչի հետ համամիտ եմ, ըստ Քասսաբյանի, միավորում են նյութականն ու առասպելականը։ Այս համադրությամբ հեղինակը ներկայացնում է կյանքի միասնական հոսքը»։
Զրույցի ընթացքում երաժշտագետը բարձրաձայնեց կոնսերվատորիայի վարած քաղաքականության հիմնական սկզբունքը՝ այն է՝ բեմ բարձրանան հնարավորինս շատ ուսումնառողներ, քանի որ յուրաքանչյուր ելույթ նպաստում է նրանց մասնագիտական աճին։ Խոսքն էլ ավարտեց այսպես. «Ամենահաճելի պահը յուրաքանչյուր նախագծի կազմակերպչական ընթացքի և կայացած համերգների ժամանակ մեր ուսանողների աչքերի փայլն է ու նրանց երախտագիտության խոսքերը»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է երաժշտագետ Նարինե Ավետիսյանը























































