«Ես այդ ձայնագրություններ կոչվածում չկամ, թող մեկն ապացուցի, որ ես եմ, կամ Իգորն է, Հայկն է, Արթուրն է կամ որեւէ մեկ ուրիշը: Նման բան չեք կարող ապացուցել»,- այսօր Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստում հայտարարեց Բագրատ սրբազանը:
Նրա խոսքով՝ ինքը չի եղել այդտեղ (ձայնագրությունների վայրում), եթե այդ ապացույցների հաստատումը չկա. «Դե հաստատեք»:
Նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանն էլ ասաց՝ մեղադրող կողմը թող բարի լինի՝ ներկայացված ապացույցով մեղադրանքը հաստատի, դատարանին համոզի:
«Այս ամբողջ գործի մեջ, ծանր մեղադրանքով գործի մեջ երկու խոսակցություն ավել, թե տասը խոսակցություն պակաս բացարձակ դերակատարություն չունի: Կան էական խնդիրներ, որոնք լույս են սփռում ամբողջ եղածի վրա: Դուք կամ մեղադրող կողմը թելադրում եք մտնել մանր դետալների մեջ, բայց մոռանալ հիմնական մասը, ասում եք՝ հիմնականը հետո կքննենք, մանրը՝ հիմա: Չեմ պատկերացնում, որ այդպես ճիշտ է: Եթե ամենասկզբից ի վեր պատրաստ էի սրանք ապացույց ընդունել, հիմա տեսնելով, որ իրավական իմաստով չեմ կարողանում ներս թափանցել խնդրի էության մեջ, ասում եմ՝ այնտեղ չեմ եղել: Էդ ի՞նչ խոսակցություններ են, ամոթ էդ խոսողներին»,- շարունակեց Բագրատ սրբազանը:
Կարդացեք նաև
Նիստը նախագահողն էլ հիշեցրեց Բագրատ սրբազանին, որ ավելի վաղ ասում էր, ձայնագրությունները մոնտաժված են, բովանդակությունից կտրված:
«Դուք մեզ իրավունք եք տալիս հազար շերտով մեկնաբանել հարցը: Երբ գլխավոր դատախազը խորհրդարանի ամբիոնից հայտարարություն է անում ու դա հետեւանք չունի, դա մեզ իրավունք է տալիս ամեն գնով ինչ ասես ասելու: Եթե մարդը խոստացել է, որ փորձաքննություն պետք է անի ձայնագրությունները, բա ո՞ւր է, 9 ամիս անց ո՞ւր է այդ փորձաքննությունը: Սա է ինձ նեղություն տալիս: Չի կարող բարձր պաշտոն զբաղեցնող անձ մը այդպիսի հայտարարություն անի ու իր խոսքին չհետեւի, որեւէ մեկն էլ հետեւողական չլինի նրա ասածին»,- հավելեց Բագրատ սրբազանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































