Ոչ մի ծաղկաման չի կարող հավերժ հույս դնել, որ անվնաս կմնա կործանումից, եւ ոչ մի հրաշք չի կարող ամեն անգամ փրկել իրավիճակը։
Լիբանանյան անեծքը՝ ազգի համար անհարկի ու չափազանց բարձր գին վճարելը, հաճախ արյունով, բացատրելու համար գրեթե անհնար է տալ լիբանանյան ողբերգական առեղծվածի արդար եւ օբյեկտիվ պատկերը՝ սկսելով դրա իսկ ձեռքով համառաբար հյուսված թակարդների նկարագրությունից, առանց հետ գնալու դեպի այդ ինքնաթարմացվող թակարդների հիմքերին, որ շատ վաղեմի եւ խորն են; Բայց քանի որ սա ոչ թե պատմական գիրք է, այլ հոդված, որտեղ դժվարությունը ոչ թե ընթերցողին առատ բովանդակություն մատուցելն է, այլ այն ամփոփելը, ես կսկսեմ 2000 թվականից։ Այդ ժամանակ պատերազմն ավարտվեց անբնական ձեւով, երբ լիբանանցիները ստիպված եղան թանկ գին վճարել ոչ թե խաղաղության կամ կայունության, այլ երկարաժամկետ հրադադարի համար՝ «Թաիֆի համաձայնագրով» (Սաուդյան Արաբիա), որը գրեթե դարձավ նոր Լիբանանի՝ պաշտոնապես անփոփոխ սահմանադրության փաստացի հիմքը։
«Թաիֆի համաձայնագրով» քրիստոնյաները պարտվեցին բոլոր մակարդակներում եւ ստիպված եղան թղթի վրա իշխանությունը հանձնել լիբանանցի մուսուլմաններին՝ հիմնականում սուննի մուսուլմաններին, որտեղ գործադիր իշխանության վարչապետն այժմ տեսականորեն հզոր էր, իսկ կառավարությունը՝ ազդեցիկ օղակ։
Սակայն սա միայն թղթի վրա էր, քանի որ այս համաձայնագրով ոչ միայն լիբանանցի մարոնի քրիստոնյաները կորցրեցին իրենց սահմանադրական արտոնությունները, այլեւ իրական տիրակալը դարձավ սիրիական վարչակարգը, որն օկուպացրել էր Լիբանանը։ «Թաիֆի համաձայնագրի» շրջանակներում լիբանանյան բոլոր մարտական խմբավորումները հանձնեցին իրենց զենքերը, սակայն թակարդը չափազանց վտանգավոր էր. Հըզբոլլահը բացառություն կազմեց այդ միջոցառումներից, քանի որ այն հռչակվեց, որպես «դիմադրություն իսրայելական օկուպացիային», եւ հենց այդտեղից սկսվեց ողբերգությունը (Լիբանանի առաջին պատերազմը սկսվել էր նույն կերպ, երբ Կահիրեում Լիբանանը համաձայնեց թույլ տալ պաղեստինցի ֆիդայիներին Իսրայելի դեմ պայքարել Հարավային Լիբանանից, ինչը հանգեցրեց մեծ պայթյունի)։
Կարդացեք նաև
Լիբանանը կորցրեց իր ինքնիշխանությունը հօգուտ Սիրիայի, որն էլ վարում էր խաղը, եւ սուննիների դժգոհությունն աստիճանաբար աճում էր։ Զուգահեռաբար, սիրիական դարաշրջանը հայտնի էր որպես «քրիստոնեական հուսահատության եւ բարոյալքման» շրջան։ Ասադի վարչակարգը միշտ անվստահությամբ էր վերաբերվում լիբանանցի սուննիներին եւ սատարում էր շիա մուսուլմաններին, իսկ Լիբանանի հարավի ընդարձակ տարածքների իսրայելական օկուպացիան մեծապես ծառայում էր սիրիական վարչակարգին եւ նրա դաշնակիցներին։
Լիբանանյան բանակին փաստացի արգելված էր մոբիլիզացվել, մինչդեռ Հըզբոլլահը մոբիլիզացված էր հնարավոր առավելագույն չափով։
2000 թ. իսրայելական օկուպացիոն բանակը նահանջեց, սակայն սիրիական վարչակարգը չարամտորեն շարունակեց իր խաղը։ Գոյություն ունի մի տարածք, որի պատկանելությունը Լիբանանի եւ Սիրիայի միջեւ վիճարկելի էր՝ «Շեբաայ», ուստի Հըզբոլլահը հրաժարվեց վերջ տալ իր ռազմական կարգավիճակին՝ պնդելով. «Ոչ, Շեբաան դեռ օկուպացված է, եւ մենք պետք է ազատագրենք այն»։ Սիրիական վարչակարգը կարող էր շատ հեշտությամբ լուծել այս հարցը՝ հանձնելով պաշտոնական փաստաթուղթ, որով ճանաչվում էր, որ Շեբաան լիբանանյան հող է, բայց վարչակարգն ամեն պատրվակ օգտագործեց դա չանելու համար, իսկ Հըզբոլլահը հաճույքով օգտվեց դրանից՝ զինված մնալու իր պատրվակը պահպանելու համար. նրանք դարձան լիբանանյան պետությունից եւ բանակից շատ ավելի հզոր ուժ։
2005 թ. սիրիական օկուպացիոն բանակը վերջապես լքեց Լիբանանը, եւ մենք կարծում էինք, թե մեր խնդիրներն ավարտված են, սակայն Հըզբոլլահը պնդեց պահպանել իր բանակը։ Լիբանանի պետական հաստատությունները տարիներ շարունակ պարալիզված էին՝ բաժանված «Մարտի 8»-ի կոալիցիայի (Սիրիայի դաշնակիցներ՝ Հըզբոլլահի գլխավորությամբ) եւ «Մարտի 14»-ի կոալիցիայի (Լիբանանի ինքնիշխանության կողմնակիցներ) միջեւ։ Հըզբոլլահը եւ իր դաշնակիցները պարտվեցին երկու ընտրություններում, սակայն քանի որ զինված էին, նրանք ահաբեկեցին եւ պարտադրեցին իրենց կամքը։ Լիբանանյան պետությունը, ժողովրդավարական համակարգն ու հաստատությունները բոլորն էլ անարդյունավետ դարձան, իսկ Հըզբոլլահը գործում էր անզուսպ՝ անտեսելով պետությունն ու ժողովրդավարական կարգը։
Ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում՝ 2008 թ., Հըզբոլլահը ներխուժեց սուննի մուսուլմանների եւ դրուզների բնակեցված տարածքներ, ինչից հետո բոլոր կողմերը մեկնեցին Դոհա, որտեղ մի նոր թակարդ պատրաստվեց. Հըզբոլլահին եւ իր դաշնակիցներին տրվեց նախարարական տեղերի «1/3-րդ պլյուսը» (բլոկավորող փոքրամասնություն)։ Սա ծանր հարված էր, քանի որ ըստ սահմանադրության՝ եթե նախարարների 1/3-ը գումարած մեկը հրաժարական է տալիս, կառավարությունը պաշտոնապես համարվում է լուծարված։ Ամեն ընտրությունից հետո եւ յուրաքանչյուր առիթով, երբ պետք է նոր կառավարություն կազմվեր (նոր կառավարություն է ձեւավորվում ընտրություններից հետո կամ նոր նախագահի ընտրվելուց հետո), կառավարության պաշտոնական հռչակագիրը երբեմն ամիսներով հետաձգվում էր։ Դա տեղի էր ունենում այն պատճառով, որ նրանք չէին կարողանում ձեւակերպել որեւէ հստակ ու հասկանալի հայտարարություն, քանի որ Հըզբոլլահը պահանջում էր ներառել հատուկ կետ (հոդված, բանաձեւ), որը վերահաստատում էր «դիմադրության իրավունքը»։ Այսպիսով, ինչպես Լիբանանի յուրաքանչյուր անեծք, կառավարության ծրագրերն ավարտվում էին երկիմաստ եւ հաճախ ինքնահակասական վերջնական հոդվածներով։
Ողբերգությունը շարունակվեց. որոշ դեպքերում Հըզբոլլահի դաշնակիցները պահանջում էին կոնկրետ նախարարական պորտֆելներ, ինչի պատճառով կառավարության ձեւավորումը ձգձգվում էր մինչեւ մեկ տարի։ Երկու առիթով լիբանանցիները չկարողացան նախագահ ընտրել, քանի որ ստիպված էին հաշվի նստել Հըզբոլլահի բանակի հետ, իսկ որպես արդարացում առաջ էին քաշվում սահմանադրական «պատրվակներ»։ Լիբանանի խորհրդարանը բաղկացած է 128 անդամից, սակայն Հըզբոլլահը եւ իր դաշնակիցները պնդում էին, որ նիստի ժամանակ պետք է ներկա լինի 90 պատգամավոր (քվորումի համար), եւ այսպիսով, լիբանանցիները ստիպված էին սպասել տարիներով։ Հիմնական խնդիրն այն չէր միայն, որ Հըզբոլլահն ավելի հզոր էր, քան լիբանանյան բանակը. մեկ այլ հսկայական խնդիր էր «պատերազմի եւ խաղաղության որոշումը», որն այժմ Հըզբոլլահը մենաշնորհել էր։ 2006 թ. այն հատեց «կապույտ գիծը» եւ առեւանգեց երկու իսրայելցի զինվորների, ինչից հետո Իսրայելը հարձակվեց եւ ավերեց Լիբանանը՝ պատճառելով թերեւս 8 միլիարդ դոլարի կորուստ։ 2006 թ. պատերազմն ավարտվեց քաղաքական համաձայնությամբ, որտեղ Հըզբոլլահը, որը միշտ կատաղի կերպով դեմ էր լիբանանյան բանակի մուտքին դեպի Հարավ՝ պնդելով, թե դա կհանգեցնի նրան, որ «լիբանանյան բանակը կդառնա իսրայելական սահմանների պահապանը», ի վերջո, համաձայնեց դրան եւ իրեն «հաղթանակած» հռչակեց։ Այնուհետեւ, Հըզբոլլահը ներքաշվեց Սիրիայի քաղաքացիական պատերազմի մեջ, եւ Ծոցի երկրները տնտեսապես բոյկոտեցին Լիբանանը։
Մեկ տարի առաջ Հըզբոլլահը նոր պատերազմ սկսեց Իսրայելի դեմ՝ «ի պաշտպանություն Գազայի» կարգախոսով, ինչին ի պատասխան իսրայելական բանակը դիմեց աննախադեպ ուժգնության գործողությունների՝ սպանելով Հըզբոլլահի բարձրագույն ղեկավարներին եւ օկուպացնելով Լիբանանի հարավի նոր հատվածներ։ Հըզբոլլահի դաշնակիցը՝ Լիբանանի խորհրդարանի նախագահ, շիա առաջնորդ Բերրին մի գործարք կնքեց, որը չափազանց ծանր էր Լիբանանի եւ Հըզբոլլահի համար. ըստ դրա՝ լիբանանյան բանակը պետք է բռնագրավի Լիբանանում առկա ողջ զենքը, որը չի պատկանում բանակին կամ ներքին անվտանգության ուժերին։ Այս համաձայնագիրը, որը պետք է վերահսկվեր ամերիկացի եւ ֆրանսիացի գեներալների կողմից, ստացավ «մեխանիզմի համաձայնագիր» անվանումը։ Այժմ ներքին լարվածությունը ծայրահեղ սրվել է. քրիստոնեական աջակողմյան ուժերը՝ «Լիբանանյան ուժերը», «Լիբանանյան փաղանգը» եւ այլք, պահանջեցին, որ բանակն արդյունավետ գործի եւ վերացնի Հըզբոլլահի զենքը։ Իսրայելցիները սպառնացին վերսկսել հարձակումները ամենուր, որտեղ լիբանանյան բանակը կձախողի կամ կանտեսի իր պարտավորությունը։ Իսրայելն այդպես էլ վարվեց. մեկ տարի շարունակ իսրայելական օդուժը անդադար հարվածներ էր հասցնում Հըզբոլլահի բազաներին։
Բնականաբար, լիբանանյան ներքաղաքական դաշտը դարձավ չափազանց լարված. Հըզբոլլահը մեղադրում էր քրիստոնյա աջակողմյաններին «Իսրայելի գործակալ» լինելու մեջ՝ մի մեղադրանք, որը պրոսիրիական կուսակցությունները թմբկահարում են արդեն ավելի քան 50 տարի։ Հըզբոլլահն ավելի քան մեկ տարի չէր պատասխանում իսրայելական հարձակումներին։ Այս լարված իրավիճակում սկսվեց Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմը, եւ Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին սպանվեց։ Այժմ Հըզբոլլահը 6 հրթիռ արձակեց՝ հայտարարելով, թե դա արել է ի պատասխան Խամենեի մահվան։ Սա բացեց դժոխքի դռները. Իսրայելը՝ լցված մոլեգին վրեժխնդրությամբ, ավելի դաժան պատերազմ սկսեց Լիբանանի դեմ։ Հըզբոլլահը փորձեց արդարանալ լիբանանյան ներքին հարթակում՝ ասելով. «Ո՛չ, մենք մեկ տարի շարունակ լռել ենք, բայց Իսրայելը հարձակվում էր մեզ վրա, եւ մեր համբերությունը սպառվեց»։ Հըզբոլլահի հակառակորդները ծաղրեցին սա՝ պնդելով, որ Հըզբոլլահը պատերազմի մեջ է մտել բացառապես իրանական հրամանների հիման վրա։ Այժմ քաղաքական հավասարումը կտրուկ փոխվել է։ Հըզբոլլահի վաղեմի քրիստոնյա դաշնակիցը՝ «Ազատ հայրենասիրական շարժումը», դիմեց պատեհապաշտության եւ խաղաց «Պիղատոսի» դերը՝ լվանալով ձեռքերը Հըզբոլլահի հետ դաշինքից։ Լիբանանի նոր նախագահն առաջին անգամ դադարեց չեզոք խաղալ, եւ Լիբանանի կառավարությունն ու վարչապետը (սուննի, ով մեղադրվում է ամերիկամետ լինելու մեջ) որոշում կայացրեցին. «Հըզբոլլահի ռազմական գործողություններն այսօրվանից անօրինական են եւ արգելված»։ Լիբանանի նախագահը (ով մինչ նախագահ դառնալը լիբանանյան բանակի հրամանատարն էր) շատ կոշտ հայտարարություններ արեց Հըզբոլլահի դեմ։ Այն ժամանակ, երբ կառավարությունը Հըզբոլլահի ռազմական գործողություններն անօրինական հայտարարելու որոշում էր կայացնում, նույնիսկ նրա հիմնական դաշնակից Նաբիհ Բերրիի կուսակցությունը («Ամալ») կողմ քվեարկեց, իսկ Հըզբոլլահի նախարարները վերապահումներ հայտնեցին։ Այժմ Հեզբոլլահը սկսել է կառավարությանը մեղադրել ազգային դավաճանության մեջ, մինչդեռ լիբանանյան աջակողմյան ուժերը գտնում են, որ «ժամանակն էր, ավելի լավ է ուշ, քան երբեք»։
Մյուս կողմից, ավելի քան մեկ միլիոն լիբանանցի շիաներ այժմ փախել են Հարավային Լիբանանի շիայաբնակ շրջաններից, Բեքաայի հովտից եւ հարավային արվարձաններից։ Քրիստոնեական ուժերը, դրուզներն ու սուննիները նրանց նայում են անվստահությամբ՝ պնդելով, որ նրանց մեջ կան Հըզբոլլահի մարտիկներ։ Իհարկե, Իսրայելը, որը շատ լավ է ուսումնասիրել Լիբանանի քաղաքական եւ կրոնական հոգեբանությունը, նախընտրում է սնել այդ պարանոյան։ Հակահըզբոլլահական ուժերը պնդում են, որ շարժման մարտիկների ներկայությունը վտանգի տակ է դնում այդ տարածքները, քանի որ իսրայելցիներն այժմ ընդլայնում են իրենց հարվածների աշխարհագրությունը դեպի այդ շրջանները, եւ ամենայն հավանականությամբ, Իսրայելն այժմ հարվածներ կհասցնի հակահըզբոլլահական տարածքներին։Կարծես այս ամենը բավարար չէր, Իրանի դեսպանը հանդես եկավ հայտարարություններով, որոնք Լիբանանի կառավարությունը համարեց բոլոր սահմաններն անցնող։ Նրան հայտարարեցին «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ) եւ պահանջեցին մինչեւ կիրակի լքել երկիրը, սակայն Իրանի դեսպանը չհեռացավ Լիբանանից։
Իրոք, իրավիճակը ծայրահեղ զգայուն եւ փխրուն է։
Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ
բլոգեր
«Առավոտ» օրաթերթ
09.04.2026


















































