Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղեցկության «բարեկամ» սննդամթերքները․ ինչ ուտել առողջ ու երիտասարդ մաշկ ունենալու համար

Ապրիլ 10,2026 09:30 Share

Այսօր բոլորն են ցանկանում որքան հնարավոր է երկարաձգել իրենց մաշկի երիտասարդությունը, և այս հարցում օգնության «շտապող» կոսմետիկ միջամտություններն այնքան բազմազան են, որ, կարծես թե, դա այդքան էլ մեծ խնդիր չէ։ Սակայն անհնար է չնկատել, որ դրսից կատարվող անգամ ամենաթանկարժեք միջամտությունը պակաս արդյունավետ է, երբ մաշկը ներսից չի ստանում այն սննդանյութերն ու բաղադրիչները, որոնք իրեն հարկավոր են վերականգնվելու և առողջ տեսքը պահպանելու համար։

Ուստի առաջարկում ենք կենտրոնանալ այն սննդատեսակների վրա, որոնք մաշկը սնուցում են ներսից՝ կենսական էներգիա ու գեղեցիկ տեսք հաղորդելով նրան։ Իհարկե, չմոռանանք, որ լավ արդյունքի համար այս մթերքները պետք է համադրվեն ճիշտ ընտրված խնամքի ու լայն սպեկտրի արևապաշտպան միջոցների, ֆիզիկական ակտիվության հետ։ Մաշկի վրա շատ կարևոր ազդեցություն ունի նաև լիարժեք գիշերային քունը, սթրեսի կառավարումն ու չծխելը։

Մաշկի «բարեկամ» սննդամթերքների ցանկը կազմելիս մենք նախապատվությունը տվել ենք ոչ թե «սուպերսննդի» համարում ունեցող թանկարժեք մթերքներին, այլ այն սննդատեսակներին, որոնք հենց այս պահին գուցե իրենց «աստղային ժամին» են սպասում ձեր սառնարանում։

Կտավատի սերմեր

Այս փոքրիկ սերմերը հարուստ են ալֆա-լինոլենաթթվով, որը բուսական ծագման օմեգա-3 ճարպաթթվի տեսակ է։ Օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուները, ինչպես հայտնի է, շատ օգտակար են ընդհանուր առողջության համար։ Մաշկի վիճակի բարելավմանը դրանք նպաստում են՝ նվազեցնելով ուլտրամանուշակագույն ճառագայթների, ծխելու և շրջակա միջավայրի աղտոտման վնասակար ազդեցությունները։ Նաև կարող են նվազեցնել մաշկի կնճիռներն ու չորությունը, թեփոտվածությունը։

Կտավատի սերմերից ստացված կտավատի յուղը նույնպես կիրառելի է որպես մաշկի վիճակը բարելավող միջոց։ Օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ այլ մթերքներ են չիայի, դդմի սերմերը, սաղմոն, թունա և սարդինա տեսակի ձկները։

Կիվի

Գիտեի՞ք, որ կիվին պարունակում է ավելի շատ վիտամին C, քան նարինջը։ Կիվին օգտակար է մաշկի առողջության համար, քանի որ վիտամին C-ն հզոր հակաօքսիդանտ է, որը պայքարում է բջիջներում առաջացող ազատ ռադիկալների դեմ։

Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ վիտամին C-ն կարող է՝

  • պաշտպանել մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից,
  • նպաստել կոլագենի արտադրությանը,
  • բարձրացնել մաշկի խոնավությունը։

Կիվին ցանկալի է ուտել լիովին հասուն վիճակում, քանի որ այդ ժամանակ այն ունի առավելագույն հակաօքսիդանտներ։ Վիտամին C-ի լավ աղբյուրներ են նաև սև հաղարջը, հապալասը, ցիտրուսային մրգերը, կարմիր պղպեղը, մաղադանոսը, ելակը, բրոկոլին և այլն։

Ավոկադո

Ավոկադոն վիտամին C-ի և E-ի լավ աղբյուր է, ունի հակաօքսիդանտային ազդեցություն և օգնում է պաշտպանել բջիջները վնասումից։ Այն նաև պարունակում է լյուտեին և զեաքսանտին, որոնք, որոշ նախնական հետազոտությունների համաձայն, կարող են բարելավել մաշկի երանգը։

Բացի այդ, ավոկադոն հարուստ է մոնոչհագեցած ճարպաթթուներով, որոնք օգնում են օրգանիզմին ավելի լավ յուրացնել որոշ վիտամիններ՝ A, D, E և K։

Կաղամբ, քեյլ, սպանախ

Իրականում ցանկացած մուգ կանաչ տերևավոր բանջարեղեն սննդարար նյութերի հզոր աղբյուր է, քանի որ պարունակում է բազմաթիվ վիտամիններ և հակաօքսիդանտներ, որոնք նաև օգտակար են մաշկի համար։

Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ մարդիկ, որոնք շաբաթական 2–3 չափաբաժին մուգ կանաչ բանջարեղեն են օգտագործում, ավելի քիչ հավանականությամբ են ունենում մաշկի քաղցկեղ։

Յոգուրտ

Յոգուրտը ոչ միայն հարուստ է սպիտակուցով, ինչն այն դարձնում է հագեցնող սնունդ, այլ նաև պարունակում է պրոբիոտիկներ։ Պրոբիոտիկները կենդանի «բարեկամ» բակտերիաներ են, որոնք օգնում են պայքարել բորբոքման դեմ, այդ թվում այն բորբոքման, որը կարող է սրել մաշկային խնդիրները, օրինակ՝

  • ակնեն,
  • ատոպիկ դերմատիտը,
  • փսորիազը։

Պրոբիոտիկները նաև կարող են օգնել մաշկի էկաստիկության բարձրացմանն ու խոնավացմանը։ Պրոբիոտիկներ պարունակող այլ մթերքներ են կեֆիրը, Նարինեն, թթու կաղամբը։

Կանաչ թեյ

Եթե ցանկանում եք ավելի հարթ մաշկ ունենալ, փորձեք երբեմն սուրճի փոխարեն կանաչ թեյ խմել։ Այն հարուստ է պոլիֆենոլներով, որոնք հակաօքսիդանտներ են և կարող են նվազեցնել ճարպագեղձերի արտադրած յուղի քանակը։ Սա կարող է օգնել կորյակների լավացմանը։

Կանաչ թեյը նաև պարունակում է ֆլավոնոիդներ, որոնք նպաստում են ԴՆԹ-ի վերականգնմանը և կարող են նվազեցնել մանր կնճիռները։ Մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ կանաչ թեյից առավելագույն ֆլավոնոիդներ ստացվում են, երբ այն երկար ժամանակ թրմվում է սառը ջրում։

Ջուր 

Ջուրը պարզ միջոց է մաշկին առողջ փայլ հաղորդելու համար, հատկապես եթե մաշկը չոր է։ Հնարավոր է լսած լինեք, որ պետք է օրական 8 բաժակ ջուր խմել, սակայն իրականում հստակ կանոն չկա։ Ջրի մի մասը մենք ստանում ենք նաև սննդից։ Օրինակ՝ձմերուկը, վարունգը և նեխուրը ջրի հիանալի աղբյուր են։

Ձիթապտղի յուղ

Եթե այն կանոնավոր կերպով ներառվում է սննդակարգում, ապա կարող է նվազեցնել բորբոքումը։ Ձիթապտղի յուղը ավելի քան 200 քիմիական միացություններ է պարունակում, հարուստ է  օմեգա-3 ճարպաթթուներով ու հակաօքսիդանտներով, որոնցից որոշներն ուսումնասիրվում են էկզեմայի և փսորիազի բուժման համար նախատեսված միջոցներում օգտագործելու նպատակով։

Յուղոտ ձուկ

Կոենզիմ Q10-ը (CoQ10) վիտամինի նման նյութ է, որը բնականորեն առկա է մարդու օրգանիզմում։ Այն օգնում է բջիջների աճին և պայքարում է ազատ ռադիկալների դեմ, որոնք վնասում են մաշկը։ Մի փոքրիկ հետազոտություն ցույց է տվել, որ CoQ10 հավելումները կարող են նվազեցնել մաշկի մանր գծերն ու կնճիռները և բարելավել մաշկի ընդհանուր կառուցվածքը։ Սակայն մոտ 35 տարեկանից հետո CoQ10-ի մակարդակը մարդու օրգանիզմում սկսում է նվազել։ Դրան նպաստում են նաև թերի սննդակարգն ու սթրեսը։ Այս նյութը կարելի է ստանալ սառը ջրերի ձկներից, օրինակ՝ ծովատառեխ, սաղմոն, թունա։

Գազար

Գազարը հիանալի սննդատեսակ է, որը հարուստ է բետա-կարոտինով։ Ինչպես գիտենք, այս նյութը պաշտպանում է մաշկն արևի վնասակար ճառագայթների ազդեցությունից։ Բետա-կարոտինն է, որ բույսերին նարնջագույն երանգ է հաղորդում և պարունակվում է նաև ծիրանի, սեխի, մանգոյի, պապայայի, դդմի և քաղցր կարտոֆիլի կազմում։

Գազարը նաև մագնեզիումի լավ աղբյուր է, որը հանգստացնում է նյարդերն ու մկանները։ Մագնեզիումի պակասը կարող է վատացնել քունը, իսկ դա միշտ բացասաբար է անդրադառնում մաշկի վրա։

Ընկուզեղեն

Վիտամին E-ով հարուստ մթերքները, օրինակ՝ նուշը, գետնանուշը և պնդուկը, օգնում են հակազդել մաշկի ծերացման որոշ գործընթացներին։ Վիտամին E-ն դա անում է՝ կանխելով կոլագենի քայքայումը, որը կարևոր է մաշկի կառուցվածքի պահպանման համար։ Այն նաև հզոր հակաօքսիդանտ է, որը պաշտպանում է բջիջներն ազատ ռադիկալների պատճառած վնասներից։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ WebMD

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930