«Հրայր Պալեանը հանրագիտական բնույթի բացառիկ աշխատանք է կատարել, հավաքել է ամբողջ բանակցային փաստաթղթերը, ներկայացրել՝ և՛ վերլուծության ձևով, և՛ առանձին հավելվածների բաժնով, զրուցել է գործընթացի մասնակից կարևոր դերակատարների հետ, ում հետ հնարավոր է եղել, բավականին հետաքրքիր շրջանակի հետ, այդ թվում՝ նախկին նախագահների, արտգործնախարարների, միջնորդների, փորձագետների, և այս ամենին գումարվում է նաև Հրայր Պալեանի տասնամյակների փորձը»,– խաղաղաշինության ոլորտի հայտնի փորձագետ, իրավագիտության դոկտոր Հրայր Պալեանի «Անավարտ խաղաղություն. Ղարաբաղյան հակամարտությունն ու բաց թողնված հնարավորություններն» աշխատության շնորհանդեսի ժամանակ նշեց գրքի խմբագիր և թարգմանիչ Կարեն Հարությունյանը։ Սա Արցախյան բանակցային ամբողջ գործընթացի վերաբերյալ միակ հայալեզու աշխատությունն է։
Կարեն Հարությունյանը նշեց, որ Պալեանը աշխատել է ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարտերի հետ, եղել նրա կենտրոնի ղեկավարը։ Նրա ձևակերպմամբ՝ Պալեանը եղել է նաև Կոսովոյի և Մոնտենեգրոյի անկախության ճարտարապետներից մեկը, և այդ առումով հետաքրքիր են Արցախի թեմայով համեմատությունները։
Հարցին՝ ինչպես ծնվեց գիրք գրելու գաղափարը, հեղինակն այսպես արձագանքեց․ «Երբ 2023 թ․ Ղարաբաղն անկման վտանգի տակ էր, մտածում էի՝ ինչ կարելի է անել, որ գոնե որոշ բան մնա, Ղարաբաղն ամբողջովին չկորցնենք… Սկսեցի պրպտել, թե ինչու այսպես եղավ, ինչու ձախողեցինք բանակցություններում, 30-ից ավելի տարիների ընթացքում ինչու ձախողվեցինք, ինչ բացթողումներ եղան։ Ես իմ հասկանալու համար սկսեցի այս աշխատանքը, հետո գտա, որ այն պետք է գրքի վերածվի, որովհետև չկա այս հարցը քննող ուրիշ ուսումնասիրություն։ Շատ գրքեր են հրատարակվել դրանից առաջ, նաև 44-օրյա պատերազմի մասին, Արցախի մասին, միակողմանի ուսումնասիրություններ են եղել, ես չգտա որևէ խորքային ուսումնասիրություն, գիրք։ Ես 3 տարի խորքային ուսումնասիրեցի բոլոր փաստաթղթերը, արխիվները՝ պրպտելով, հարցազրույցներ անելով։ Փետրվարին անգլերեն գիրքը հրատարակվեց, ապա սկսեցինք աշխատել հայերենի վրա, ինչի համար շնորհակալ եմ Կարենին՝ հմուտ թարգմանության համար»։
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ իր գրքում խոսում է բանակցված հակամարտությանը լավագույն այլընտրանքի մասին, և կարմիր թելով անցնում է այն գաղափարը, որ հայկական կողմը կորցրել է իր այդ հնարավորությունը, իսկ այդ հնարավորությունը 1997 թվականին էր, և ոչ թե 2007 թ․, երբ ամրագրվեց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, Հրայր Պալեանը պարզաբանեց․ «1997 թ․ երկու կողմերին առաջարկեցին Ղարաբաղի վերջնական ստատուսը դնել անորոշ ժամանակով, բայց փորձենք կարգավորել Ղարաբաղի դե ֆակտո անկախությունը՝ միջազգային օրենքի տրամադրությունների տակ, այսինքն՝ ՄԱԿ-ի որոշումների տակ փորձենք կարգավորել Ղարաբաղի կարգավիճակը։ Այդ պարագայում մենք միայն 5 շրջանները կվերադարձնեինք, բայց կպահեինք Լաչինը ամբողջությամբ, նաև Քելբաջարի շրջանը։ Ղարաբաղը կկարողանար պահել իր բանակը, դե ֆակտո ընտրված կառավարական կարգավիճակը, Ղարաբաղը կկարողանար իր ինքնավարությունը պարտադրել բոլորին։ Ադրբեջանին կվերադարձվեին 5 շրջանները, բայց Ադրբեջանը չպետք է կարողանար իր բանակը բերել վերադարձված 5 շրջաններ, և ամբողջ Լեռնային Ղարաբաղի ու վերադարձված շրջանների օդային տարածքը կլիներ արգելված գոտի ռազմական օդանավերի համար։ Ղարաբաղը կկարողանար իր կապերը պահել Հայաստանի հետ՝ Լաչինի և Քելբաջարի միջոցով, կունենար դիվանագիտական ներկայացուցչություններ՝ ներառյալ Հայաստանում։ Միակ տարբերությունն այն կլիներ, որ Ղարաբաղը ՄԱԿ-ում չպետք է ունենար աթոռ, անդամ չպետք է լիներ… Այն ժամանակ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ուզեց ընդունել այս առաջարկը, սակայն ուժային նախարարները դեմ եղան, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հրաժարվեց, և այս առիթը բաց թողեցինք…»։
Կարեն Հարությունյանը նշեց, որ գրքում անդրադարձ կա այն մասին, որ հասարակություններին չէին նախապատրաստում խաղաղության, նրանք ավելի էին բևեռացվում, սակայն դա էական չէ, և երբ հակամարտությունը լուծելու քաղաքական կամք են դրսևորում երկրների ղեկավարները, ի վերջո հակամարտությունը կարգավորվում է։ Նա մի շարք օրինակներ բերեց։ Գրքի խմբագիրը հետաքրքրվեց՝ արդյոք մենք չենք չափազանցնում հասարակություններին նախապատրաստելու հարցը։ Հրայր Պալեանն ասաց, որ չենք չափազանցնում, ու հարցին հարցով պատասխանեց․ «Այդ դեպքում Եգիպտոսի 3-րդ նախագահ Սադաթն ինչու սպանվեց, դա ժողովրդին չնախապատրաստելու արդյունք էր, այդպիսի օրինակներ շատ կան… Մեր պարագայում Հեյդար և Իլհամ Ալիևներն էլ իրենց ժողովրդից վախենում էին… Երբ Հեյդար Ալիևը մասնակցում էր Քի Վեսթի գագաթնաժողովին, ասում էր՝ եթե ընտանիքիս չեմ կարողանում համոզել, ինչպե՞ս ժողովրդիս համոզեմ։ Մենք ևս չենք պատրաստել մեր ժողովրդին, մեր բոլոր ղեկավարները ժողովրդին ասել են, որ մեր մաքսիմալ պահանջներով առաջ ենք գնալու, ոչ մի զիջում չենք անելու, ոչ մի թիզ հող չենք տալու… Զիջումը կարող է այստեղ սխալ հասկացվել, բայց երբ բանակցությունների ես նստում՝ լինի բիզնեսի, թե քաղաքական հարցերով, միշտ սկսում ես մաքսիմալ պահանջներից, բայց հետո մի փոքր զիջելով կարողանում ես մեծ պատառը պահել… Ցավոք սրտի, փոխզիջումը մեզանում դավաճանություն է ընկալվում»։
Պալեանը նաև ընդգծեց․ «Այո, Հայաստանը պարտված կողմ է, բայց երբ ժողովրդի արժանապատվությունը ոտնակոխ ես անում, 19 պատանդ ունես Բաքվում և համաձայնագիր ես նախաստորագրում 17 հոդվածներով, որի մեջ որևէ նշում չկա 19 պատանդների մասին, այդտեղ ոտնակոխ է արվում արժանապատվությունը։ Ադրբեջանը միշտ փորձել է Հայաստանի քիթը ցեխի մեջ մտցնել, այդ ձևով մեզ հետ բանակցություն վարել։ Մենք այստեղ մի ծայրահեղությունից մեկ այլ ծայրահեղության մեջ ենք ընկնում, այստեղ է, որ ես խնդիր եմ տեսնում… 17 հոդվածների մեջ ոչ մի նշում չկա 240 քառ. կմ հողատարածքների վերաբերյալ։ Ի՞նչ է դա նշանակում, մենք տվե՞լ ենք դա, իրեն է պատկանում, մենք որևէ պահանջ չունե՞նք, ո՞ւր է մեր սահմանը, որտեղ պետք է մնանք, կա՞ սահման… Այո, պարտված երկիր ենք, զիջումների ենք գնում, բայց տեղ կա, որ պիտի հետ կանգնենք, եթե ոչ՝ ժողովուրդը կըմբոստանա ղեկավարության դեմ և ղեկավարության արած զիջումների դեմ, ժողովրդի զգայնությունը պետք է հաշվի առնել, հասկացանք, որ իրական Հայաստան է»։
Դիտարկմանը, թե անգամ միևնույն է, Ադրբեջանը 7 շրջանները զիջելուց հետո կրկին նորանոր պահանջներ էր առաջ քաշելու, որովհետև նրա ցանկությունն Արցախը վերցնելն էր, Պալեանը պատասխանեց․ «Նախ՝ ոչ թե 7, այլ 5 շրջանների վերադարձնելու հարց կար անմիջապես… Այդ 5 շրջանները տալու փոխարեն մենք ապահովություն էինք ստանալու, 1997 թ․ առաջարկի պայմաններն էին գործելու։ Երբ փոխզիջում ես անում, և դիմացինն ընդունում է քո կարգավիճակի իրավականությունը ՄԱԿ-ի որոշումների տակ, միջազգային համայնքն ընդունելու էր, որ Ղարաբաղի բանակն ու կառավարությունը դե յուրե իրավունք ունեն գոյություն ունենալ։ Այդպիսով կսկսես ավելի հզոր կառավարման համակարգ ձևավորել։ Հայաստանը միևնույն ժամանակ չպետք է վստահեր թղթի վրա գրված համաձայնագրերին, պետք է սկսեր պատրաստվել պաշտպանելու այն, ինչ ստանալու էր թղթի վրա։ Եթե չես կարողանում պաշտպանել թղթի վրա ստացածդ, գործ չունես պետականություն հաստատելու հետ։ 100 տոկոսանոց երաշխիքի մասին որևէ մեկը չի կարող խոսել այսպիսի գործընթացների մեջ։ Միշտ ռիսկ կա, պետք է հաշվարկել այդ ռիսկը և փորձել պահել քո գոյութենական անվտանգությունը՝ եղած երաշխիքների պարագայում ու չվստահել մեկ ուրիշին»։
Գրքի բաժիններից մեկը վերաբերում է 2018-ի «Թավշյա հեղափոխությունից» հետո նոր կառավարության բանակցային վարքագծին։ Պալեանը ցույց է տալիս, որ իշխանափոխությունից հետո ձևավորված քաղաքական միջավայրում արտաքին քաղաքականության և բանակցային ժառանգության նկատմամբ բավարար ինստիտուցիոնալ հիշողություն չձևավորվեց, իսկ արդեն գոյություն ունեցող բանակցային կառուցվածքի ընկալումը փոխարինվեց զրոյական կետից գործընթաց սկսելու քաղաքական հայտարարություններով։ Նա քննադատաբար է դիտարկում այն մոտեցումը, որ անհրաժեշտ է բանակցությունները սկսել նոր հիմքերից՝ անտեսելով նախորդ երկու տասնամյակների ընթացքում կուտակված փաստաթղթային և քաղաքական շերտերը։ Պալեանի դիտարկմամբ՝ նման մոտեցումը ոչ միայն չէր արտացոլում բանակցային գործընթացի իրական կառուցվածքը, այլև նվազեցնում էր միջնորդների համար կողմերի կանխատեսելիության աստիճանը։
Հեղինակը նաև կոշտ գնահատական է տվել այն ձևակերպումներին, որոնք հետագայում դարձան քաղաքական շրջափուլի խորհրդանիշներ՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ», «բանակցությունները սկսում եմ իմ սեփական կետից» և «Արցախը Հայաստան է և վերջ»։ Ըստ Պալեանի՝ հատկապես վերջին հայտարարությունն Ադրբեջանում ընկալվել է որպես բանակցային ամբողջ կառուցվածքի մերժում։
Հավելենք, որ հատուկ շնորհանդեսի ու գրքարշավի համար Հրայր Պալեանը ԱՄՆ-ից ժամանել է Հայաստան։ Մեկշաբաթյա գրքարշավի շրջանակում նա նաև մի քանի բուհերում հանդես կգա շնորհանդես-դասախոսություններով։ Նշենք նաև, որ բրիտանական Palgrave Macmillan հրատարակչատունը տպագրել է Հրայր Պալեանի «Anatomy of Peacemaking: Nagorno-Karabakh Conflict and Missed Opportunities» ծավալուն աշխատությունը, իսկ «Նյումեգ» հրատարակչատունը տպագրել է այս գրքի հայերեն հրատարակությունը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ




















































