«ՀՀ դատախազության կողմից կոնկրետ քրեական վարույթներից դուրս իրավական գնահատականներ չեն տրվում»,-Aravot.am-ին այսպիսի պատասխան փոխանցեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։
Հարցադրում էինք ուղղել ՀՀ դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանին՝ հիշեցնելով, որ որոշ ժամանակ առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը դիմել էր դատախազության և քննչական կոմիտեի իրավասու մարմիններին՝ Սամվել Կարապետյանի` տեսաուղերձով հանդես գալու հնարավորության մասին պատասխան ստանալու նպատակով։ Օրերս, փաստաբանական թիմը հայտարարել էր, որ սպասում են դատախազության պատասխանին: Իսկ քննչական կոմիտեից ստացված պատասխանն, ըստ Արամ Վարդեւանյանի, համարժեք է եղել մերժման։
Տիկին Մարտիրոսյանից հետաքրքրվել էինք՝ պատասխան տրվե՞լ է եւ ի՞նչ պատասխան է տրվել այդ դիմումին։ Եվ ռեպլիկի կարգով նկատել՝ կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը խուսափում է պատասխանել, քանի որ դիմումը բավարարվել է, և Սամվել Կարապետյանը կարող է հանդես գալ տեսաուղերձներով։
Aravot.am-ի բուն հարցադրմանը դատախազությունից, փաստորեն չեն արձագանքել։ Հավելյալ ճշտմանն էլ ի պատասխան Արեւիկ Խաչատրյանն ասաց, որ Սամվել Կարապետյանի փաստաբաններին դատախազության դիրքորոշումը ներկայացվել է։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































