«Գետերում գարնանային վարարումները պայմանավորվում են նոյեմբեր-մարտ ամիսներին դիտված եւ ապրիլ-հունիս ամիսներին կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանների առանձնահատկություններով: 2025թ. նոյեմբեր ամիսը եղել է երկրորդ տաք եւ չոր նոյեմբերը՝ սկսած 1935թ դիտարկումներից:
2026թ. փետրվար ամսվա օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 0.1 աստիճանը, որը նորմայից բարձր էր 4.9 աստիճանով: Այն ամենատաք փետրվարն էր դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Փետրվարը նաեւ տեղումնառատ էր, տեղումների ամսական քանակը կազմել է 78 մմ, որը կազմում է նորմայի 206%-ը: Դա երրորդ տեղումնառատ փետրվարն էր՝ սկսած 1935 թվականից»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց «Հիդրոօդերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի» տնօրեն Լեւոն Ազիզյանը:
Նա տեղեկացրեց, որ 2026թ. մարտ ամսվա օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -0.3 աստիճան, որը նորմայի սահմաններում էր, մարտը ամենատեղումնառատն էր՝ սկսած 1935 թվականից. տեղումների ամսական քանակը Հայաստանի տարածքում կազմել է 98 մմ, ինչը նորմայի 198%-ն է:
«Հիդրոօդերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի խոսքով՝ վերջին օրերը տեղումնառատ են, Հայաստանը գտնվում է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: «Մասնավորապես վերջին 2 օրերին բավականին առատ տեղումներ են գրանցվել: Ունենք հատվածներ, որ վերջին երկու օրերի ընթացքում թափվել է ապրիլի տեղումների քանակի 50-60 %-ը: Ձյան ծածկն այսօրվա դրությամբ բավականին բարձր է հանրապետության տարածքում, ձյան ծածկ կա Լոռու ու Տավուշի մարզերում, այս պահին էլ ձյուն է տեղում Լոռիում, Տավուշում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքի առանձին հատվածներում: Ձյան ամենաբարձր ծածկը Արագած բարձր լեռնային գոտու օդերեւութաբանական կայանում է եւ կազմում է 311 սմ»,-նշեց Սուրենյանը:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ օդի ջերմաստիճանը բավականին ցածր է, եւ մինչ օրս Արարատյան դաշտում եւ Երեւանում 20-ից բարձր ջերմաստիճան չի գրանցվել, մինչդեռ անցյալ տարվա մարտի կեսերին Արարատյան դաշտում արձանագրվել էր 25-25 աստիճան տաքություն: Սուրենյանն ընդգծեց, որ ջերմային ցածր ֆոնով պայմանավորված՝ ունեցել ենք պտղատուների ուշ ծաղկում, իսկ այդ դեպքում նվազում է ցրտահարման ռիսկը:
«Ցիկլոնը Հայաստանի վրա պտտվելու է մինչեւ ապրիլի 13-ը ներառյալ, եւ հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ տեղումները շարունակվելու են: Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային հատվածներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում տեղումները լինելու են ձյան տեսքով, այնպես որ վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածներում ցուցաբերել զգոնություն:
Ապրիլի 12-13-ին տեղումները կլինեն զգալի, կուղեկցվեն ամպրոպներով եւ քամու ուժգնությամբ, առանձին հատվածներում պոռթկումները կհասնեն 24 մետր\վրկ արագության: Պայմանավորված քամու մեծ արագությամբ՝ հանրապետության լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն»,-տեղեկացրեց Գագիկ Սուրենյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































