«Փաստինֆո». ՀՀ կառավարությունը պահանջել է վերացնել «Տաշիր կապիտալն» ընդդեմ կառավարության գործով հայցի ապահովումը, որով մինչև մայիսի 25-ը կասեցվել է եռամսյա ժամկետը՝ ՀԷՑ 70% բաժնեմասը օտարելու հարցով համաձայնեցման համար։
Մասնավորապես, «Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել էր, որ «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել՝ ընդդեմ կառավարության՝ ՀՀ կառավարության առաջարկության հիման վրա վերջինիս հետ համաձայնեցված կարգով «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ 70% բաժնեմասի՝ հայցվորի կողմից օտարվելու հնարավորության իրավահարաբերության առկայությունը մինչև 25.05.2026 թվականն ընկած ժամանակահատվածը ճանաչելու պահանջով։ Դատարանը մասնակիորեն բավարարել է հայցի ապահովման միջնորդությունը՝ ժամանակավորապես ճանաչելով Կառավարության առաջարկության հիման վրա համաձայնեցված կարգով ՀԷՑ-ի 70% բաժնեմասը օտարելու հնարավորությունը և մինչև մայիսի 25-ը կասեցնելով եռամսյա ժամկետը, որի ընթացքում պետք է իրականացվի վաճառքը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ կառավարության ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով վերացնել կիրառված հայցի ապահովման միջոցը: Ներկայացված միջնորդությամբ պատասխանողը հայտնել է, որ սույն գործի փաստական հանգամանքների համաձայն «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերությունը 04.03.2026 թվականին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն մուտքագրված գրությամբ ըստ էության պահանջ է ներկայացրել, որ Կառավարության անունից 17.02.2026 թվականի թիվ ԴԽ/21.1/5614-2026 գրությամբ ներկայացված օտարման առաջարկությանը հայցվորը պատասխանի մինչև 25.05.2026 թվականը, քանի որ ըստ հայցվորի «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված եռամսյա ժամկետը պետք է հաշվարկվի հայցվորի կողմից առաջարկության ստացման պահից։ Ի պատասխան հայցվորի նշված գրության Կառավարության անունից որևէ պատասխան չի ներկայացվել սույն միջնորդությունը ներկայացնելու օրվա դրությամբ։ Նշվածը որևէ կերպ չի ենթադրում, որ Կառավարությունը հայցվորի կողմից «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի մեկնաբանության առնչությամբ չի արտահայտելու իր դիրքորոշումը և չի պատասխանելու հայցվորի 04.03.2026 թվականի գրությանը։
«Նման պայմաններում Կառավարության անունից Հայցվորի 04.03.2026 թվականի գրության առնչությամբ պատասխանի բացակայության և Կառավարության կողմից ընկերության բաժնետոմսերը Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան օտարելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի բացակայության պայմաններում առհասարակ հայցվորի կողմից չի հիմնավորվում Վարչական դատավարության օրենքի 3-րդ հոդվածի ներքո վարչական դատարան դիմելու իրավունքի և սույն գործով կողմերի միջև նյութաիրավական վեճի առկայությունը։ Նշված փաստական տվյալներն ըստ էությանն հայտնի չեն եղել դատարանին հայցի ապահովման միջոց կիրառելու մասին 17.03.2026 թվականի որոշումը կայացնելիս և ավելին՝ հայցվորի կողմից հայցադիմումի շրջանակներում խեղաթյուրվել է Կառավարության անունից ներկայացված դիրքորոշումը՝ հայտնելով, թե իբր Կառավարությունն իր առաջարկության մեջ նշել է, որ 21.02.2026 թվականից հետո ստացված որևէ արձագանք, միևնույն է դիտարկվելու է որպես Կառավարության առաջարկության մերժում՝ ապահովելով Կառավարությանը գույքն օտարելու հարկադիր կարգով օտարում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման ռեժիմով»,- նշված է միջնորդությամբ։
Կարդացեք նաև
Վարչական դատարանը՝ դատավոր Արթուր Ավագյանի նախագահությամբ, մերժել է միջնորդությունը՝ արձանագրելով, որ Դատարանի 17.03.2026 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովումը ենթակա չէ վերացման, քանի պատասխանողի կողմից չի ներկայացվել հայցի ապահովման միջոցը կիրառելու որոշումից հետո տեղի ունեցած՝ սույն գործի փաստական հանգամանքների այնպիսի փոփոխություն, որի հետևանքով վերացել է կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանելու անհրաժեշտությունը, հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությամբ չի ներկայացվել այնպիսի փաստ կամ ապացույց, որը Դատարանը հայցի ապահովման միջոցը կիրառելու միջնորդության քննարկման ժամանակ իր տրամադրության տակ չի ունեցել և որի առկայության պարագայում կբացակայեր հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը:
Անդրադառնալով պատասխանողի պնդումներին, թե չի հիմնավորվում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի ներքո վարչական դատարան դիմելու իրավունքի և սույն գործով կողմերի միջև նյութաիրավական վեճի առկայությունը՝ Դատարանը փաստում է, որ նշված փաստարկները որևէ առնչություն չունեն Դատարանի 17.03.2026 թվականի հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցների կիրառման և դրանց վերացման հետ, քանի որ Դատարանը նշված որոշմամբ գտել է, որ հայցի ապահովման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի և իրավական վիճակի փոփոխության, ինչպես նաև էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին, իսկ պատասխանողի բնորոշմամբ կողմերի միջև նյութաիրավական վեճի առկայությունը կամ բացակայությունը որևէ կերպ չի հերքում Դատարանի նշված եզրահանգումները: Դատարանն արձանագրել է, որ հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդության բավարարումը կարող է անհնարին դարձնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի և իրավական վիճակի փոփոխության, ինչպես նաև էական վնաս հասցնել հայցվորին, իսկ հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությամբ պատասխանողի կողմից չի ներկայացվել կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու համար հիմք հանդիսացող որևէ պատշաճ հիմնավորում: Դատարանը եզրակացրել է, որ պատասխանողի միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման:
Իզաբել Սահակյան


















































