Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են խոչընդոտում Մարաղայի զոհերի հիշատակի խաչքարի տեղադրումը

Ապրիլ 10,2026 14:13 Share

1992 թ. Մարաղայի կոտորածը Ադրբեջանի Հանրապետության կողմից կազմակերպված եւ հայերի նկատմամբ ատելության շարժառիթով իրագործված աննախադեպ պատերազմական հանցագործություն էր, որի նպատակը հայ ագգաբնակչության ոչնչացումն էր։ Ապրիլի 10-ին՝ մի քանի ժամ տեւած հրետակոծությունից հետո Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել էին Մարաղա, որտեղից բնակչության մեծ մասը տարհանվել էր, իսկ մնացածներին ադրբեջանցի զինվորները խոշտանգել ու սպանել էին:

Մարաղայի ջադերի 34-րդ տարելիցի առիթով կազմակերպված հիշատակի միջոցառման ժամանակ  «Մարդու իրավունքների եւ ցեղասպանագիտության կենտրոն» հ/կ-ի հիմնադիր նախագահ, ցեղասպանագետ Լիլիթ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ խնդիրներ են առաջացել Մարաղայի ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթողը Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի տարածքում տեղադրելու հետ կապված: Նա նշեց, որ ավելի վաղ ստացել են ԿԳՄՍ նախարարության համաձայնությունը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ճարտարապետներից Սաշուր Քալաշյանի դրական եզրակացությունը: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից փոխանցել են, որ համաձայնությունը պետք է ստացվի ԱԳՆ-ից, ընդ որում ոչ թե ԿԳՄՍ նախարարությունը պետք է դիմի, այլ հենց ՀԿ-ն:

Լիլիթ Մարտիրոսյանը պարզաբանեց, թե ինչու է կարեւոր Մարաղայի կոտորածի անմեղ զոհերի հիշատակի հուշակոթող տեղադրելը, ինչով է Մարաղայի կոտորածը տարբերվում Բաքվի, Կիրովաբադի եւ Սումգայիթի ջարդերից. «Դա տեղի է ունեցել 1992թ՝ անկախ Ադրբեջանի իշխանության ձեռամբ, իսկ մնացած կոտորածները եւ ցեղասպանական գործողությունները տեղի են ունեցել ԽՍՀՄ-ի ժամանակ: Քանի որ  շատ հարգում եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, չեմ ուզենա, որ առանց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինության թույլտվության տեղադրենք հուշակոթողը, հաշվի առնելով, որ իրենք մեր գործընկերներն են:

Թանգարան-ինստիտուտի արդեն նախկին տնօրեն Էդիտա Գզոյանն ասել էր, որ հարցը պետք է քննարկի ԱԳՆ-ի հետ: Ես խոսել էի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, նա էլ ուղղորդել էր դիմել ԿԳՄՍ նախարարություն: Մենք  ներկայացրել էինք 2 էսքիզ, որի շրջանակներում իրենք պետք է ընտրություն կատարեին, ԿԳՄՍ նախարարության կողմից ստացել ենք առաջին տարբերակի թույլտվությունը, մեզ առաջարկեցին որ Ջուղայի խաչքարի կրկնօրինակով պատրաստենք հուշակոթողը,  ինչը եւ արել ենք: Խաչքարը պատրաստվել է հանրության դրամահավաքով»:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի  խոսքով՝ Լիլիթ Մարտիրոսյանը տարիներ շարունակ զբաղվում է Մարաղայի խնդրով, ինքը եւս իր ներդրումն ունի այդ գործում: Նա հիշեց, թե ինչպես է 1992թ ապրիլի 10-ին առավոտյան 8:30-ին ստացել առաջին զանգը Մարաղայից: Նաեւ հավելեց, որ  իր ղեկավարծ ՀԿ-ն փաթեթ է կազմել եւ ուղարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողով:

Լարիսա Ալավերդյանը տարակուսանք է հայտնում՝ Ծիծեռնակաբերդի տարածքում 3 խաչքար է տեղադրված, որոնք համար երբեք հարկ չի եղել դիմել ԱԳՆ-ին: Նրա համոզմամբ, հատուկ ձգձգում են խաչքարի տեղադրման հարցը, ինչը նսեմացուցիչ է հենց պետական պաշտոնյաների համար:

Տիկին Ալավերդյանը զարմանում է, ինչու պետք է մոռանանք մեր պատմությունը, ուրանանք այն ամենը, ինչ պատահել է մեր ժողովրդի հետ, երբ Ալիեւը  հորինված դեպքերի հետ կապված է հարց բարձրացնում ՄԱԿ-ում: «Իսկ ինչու ենք պնդում հենց Մարաղայի վրա, որովհետեւ Մարաղան մի քանի օր ճանաչված Ադրբեջանական Հանրապետության կողմից է իրականացվել, եւ երբ Թուրքիան ճանաչում ենք որպես ցեղասպանություն իրականացնող, պետք է անընդհատ հիշեցնենք, որ Ադրբեջանը եւս գործել է ցեղասպանություն»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930