Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե 2018-ին ասվեր՝ «Քայլ արա, մերժիր Սերժին, ընտրիր Նիկոլին», հազարավոր մարդիկ չէին գնա դրան»․ Հակոբ Ասլանյան

Ապրիլ 10,2026 14:36 Share

«2018 թվականին տեսեք թե Նիկոլ Փաշինյանը ինչպիսի մանիպուլյացիայով եկավ իշխանության, երբ հայտարարվում էր՝ «Քայլ արա, մերժիր Սերժին», եւ այդտեղ կանգ էր առնվում։ Եվ այդ ընդդեմը, ոչ թե՝ հանունը, բերեց այս վիճակին։ Եթե այն ժամանակ ասվեր՝ «Քայլ արա, մերժիր Սերժին, ընտրիր Նիկոլին», հազարավոր մարդիկ չէին գնա դրան։ Ասացին՝ «Նիկոլ՝ վարչապետ», այն ժամանակ, երբ որ արդեն պաթետիկ վիճակը հասել էր մի տեղի, երբ Հանրապետության հրապարակում 300-400 հազար մարդ կար․ ինչ որ մեկը գոռաց՝ «Նիկոլ՝ վարչապետ» ու գնաց ձնագնդին։ Այսօր մենք դա պիտի թույլ չտանք։ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ սպառնում է մեր հայրենիքին։ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը նշանակում է մեր հայրենիքի կորուստ, դա նշանակում է, որ հայ ժողովուրդն այլեւս չի ունենալու հայրենիք»,- Ազգային ժողովում կազմակերպված՝ միահեծան իշխանության բացառման վերաբերյալ քննարկման ժամանակ կարծիք հայտնեց «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության» խորհրդի անդամ, ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

Քննարկումը նախաձեռնել էր  «Հանրային դաշինքը»։ Հրավերներ էին ուղարկվել բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին։

«Հանրային դաշինք» քաղաքացիական նախաձեռնության անդամները համախմբվել են Հայաստանի քաղաքական համակարգի խորքային ճգնաժամն արձանագրելու և դրա պատճառների շուրջ հանրային խոսք ձևավորելու նպատակով։ Նախաձեռնության հեղինակների համոզմամբ՝ երկրի հիմնական խնդիրը ոչ թե կոնկրետ անձերն են, այլ միահեծան իշխանության ինստիտուցիոնալ մոդելը, որն ամրապնդվել է 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով։ Այս համակարգը վերարտադրում է իշխանության գերկենտրոնացում, ճյուղերի ձևական տարանջատում, անկախ մարմինների քաղաքական կախվածություն և վերահսկողության մեխանիզմների թուլացում։ Ուստի նախատեսում են՝ քաղաքական ուժերից ստանալ հստակ դիրքորոշում՝ երկրի ներսում միահեծան իշխանությունը բացառող սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, հասարակության քաղաքական գիտակցությունը բարձրացնել, մատնանշելով, որ Հայաստանի հիմնական մարտահրավերը ոչ թե կոնկրետ անձերն են կամ առանձին ճամբարները, այլ ինստիտուցիոնալ միահեծան իշխանական համակարգը։

Դաշինքն իր դերակատարությունը տեսնում է նաև որպես կամուրջ՝ հանրության և ընտրական գործընթացների միջև՝ հատկապես 2026 թվականի ընտրությունների համատեքստում, նպաստելով քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանը և ժողովրդավարական փոփոխությունների հանրային պահանջի ձևավորմանը։ Ըստ այդմ, այսօրվա քննարկման ժամանակ առաջարկվեց ձեւավորել մեկ մարմին, որը կզբաղվի նախանշած խնդիրներով։

Հակոբ Ասլանյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն աշխատում են հասարակության ապատիայի վրա, որպեսզի մարդիկ ընտրություններին չմասնակցեն, եւ իրենք կարողանան հաջողել։ Նա կարծում է՝ ընդդիմության խնդիրը պետք է լինի՝ առաջիկա ընտրություններում ակտիվ մասնակցությունը, եւ եթե հաջողվի հանրության 55 տոկոսից ավելի մասնակցություն ապահովել ընտրություններում, ապա վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը 35 տոկոսից ավելի ձայն չի հավաքի։

Իրավաբան Արսեն Թավադյանն էլ նկատեց՝ իշխանության ներկայացուցիչները հպարտությամբ են նշում, որ իրենց վարկանիշը վերին 20-յակում է, եւ դա իրենց հնարավորություն է տալու ունենալ պատգամավորների 60 տոկոսից ավելին, ինչն իր հերթին ապահովվելու է հնարավորությունը՝ ընտրել անկախ մարմիններին եւ սահմանադրական փոփոխություններ կատարել։ Իր գնահատմամբ, ՀՀ Սահմանադրությունը հակաժողովրդավարական է, քանի որ անգամ ամենաներքին օղակներում՝ սկսած համատիրությունից, մարդիկ ընտրություն չեն կատարում, իսկ  տեղական եւ պետական ընտրություններին 5 տարին մեկ անգամ են մասնակցում։ Նախկին Սահմանադրությամբ՝ ՏԻՄ ընտրությունները երեք տարին մեկ անգամ էին լինում։ Գործող Սահմանադրությունն էլ, բանախոսի բնութագրմամբ, այն տրամաբանությունն ունի, որ հաղթողն ամեն ինչ է ստանում։ Նա չի ուզում պնդել, որ ընտրություններով հնարավոր չի հասնել իշխանափոխության, բայց կարծում է, որ հասարակության մասնակցության 60 տոկոսի պարագայում հնարավոր կլինի հստակ հարցեր լուծել։ Սահմանադրական մեխանիզմներն, ըստ Արսեն Թավադյանի, այնպեսիք են, որ համայնքում՝ համայնքի ղեկավարը իրեն չի կարող թույլ տալ ընդդիմադիր լինել, անպայման պետք է «կքի» կենտրոնական իշխանության առջեւ, որպեսզի համայնքին սուբսիդավորեն։

«Այսինքն, կա իրավիճակ, որ կամ անփորձ մարդը՝ փողոցից հեղափոխությամբ, պետք է 60 տոկոս հավաքի եւ իշխանություն ձեւավորի կամ էլ շատ սահմանափակ հնարավորություններ կան ընտրություններում հաղթելու»,- ասաց նա՝ հավելելով, որ իր համոզմամբ Հայաստանը պետք է նախագահական կամ կիսանախագահական համակարգի անցնի, այլապես, չձեւավորված կուսակցությունների պարագայում անիմաստ է խոսել խորհրդարանական կառավարման մասին։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930