Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգևոր իշխանությունը ձեր խելքի բանը չէ։ Կաթողիկոսի ընտրությունն ու Եկեղեցու կանոնական կարգը բացառապես հոգևոր տիրույթում են. հայտարարություն

Ապրիլ 10,2026 14:59 Share

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված անընդունելի, ապօրինի և հակասահմանադրական դրույթների ներառումը։

Ինչ-որ կուսակցական խմբակ իրեն վերապահել է Եկեղեցին «բարենորոգելու», կանոնադրություն փոխելու, Ամենայն Հայոց Կաթողիկոսին տապալելու և նոր ընտրություններ պարտադրելու լիազորություն։ Սա խղճի, կրոնի ազատության և մարդկային տարրական բարոյականության ոչ թե խախտում է, այլ բացահայտ բռնաբարություն։

Եկեք իրերը կոչենք իրենց անուններով. սա պարզապես տգետների հերթական սխալը չէ։ Սա պետական լծակներով հայ ժողովրդի ողնաշարը կոտրելու, Մայր Աթոռը իշխանական խամաճիկների գրասենյակի վերածելու և մեր դարավոր դիմադրողականությունը վերջնականապես ոչնչացնելու ծրագրված դավաճանություն է։ Սա ուղիղ հարված է մեր հիմքերին, որը, վստահաբար, թելադրված է հայակործան արտաքին օրակարգերով։

Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց։ Եկեղեցին ձեր կուսակցական բջիջը չէ, որտեղ կարող եք շարունակել ձեր ապաշնորհ փորձարկումները։

Հոգևոր իշխանությունը ձեր խելքի բանը չէ։ Կաթողիկոսի ընտրությունն ու Եկեղեցու կանոնական կարգը բացառապես հոգևոր տիրույթում են։ Դուք չե՛ք ստեղծել այս Եկեղեցին, որ դուք էլ ձեզ իրավունք վերապահեք այն քանդել։

Պահանջում ենք անհապաղ աղբանոց նետել ձեր նախընտրական ծրագրի այդ պղծագործ և հակասահմանադրական դրույթները, դադարեցնել պետական ապարատի միջոցով Եկեղեցու դեմ տարվող լկտի ահաբեկչությունն ու միջամտությունը մեր ներքին հոգևոր կյանքին, հրապարակայնորեն հրաժարվել ժողովրդի սրբություններն ու ազգային ինքնիշխանությունը ոտնատակ տվող ցանկացած ձևակերպումից։

Սփյուռքի և Հայաստանի սիրելի՛ հայրենակիցներ, այսօր լռելը հավասարազոր է ազգուրացության և հանցակցության։ Վտանգված է մեր վերջին ու ամենաամուր բերդը։ Մենք պարտավոր ենք անզիջում կերպով մերժել ու պատմության լուսանցք շպրտել հակաեկեղեցական ու հակահայ ցանկացած ուժի։ Պաշտպանե՛նք Մայր Աթոռի սրբազան անկախությունն ու մեր արժանապատվությունը՝ կանխելով հոգևոր պետականաքանդությունը։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930