«Մի քանի տարի առաջ անհնար էր, որ ես եւ ՀՅԴ-ականները միասին մեկ սեղանի շուրջ նստեինք եւ զրուցենք, որովհետեւ դասակարգային հակամարտություններ կան։ Ասել, որ դրանք հարթվել-հաշտվել են՝ չէ, բայց մեր առաջ կանգնած խնդիրն այնքան լուրջ է եւ կարեւոր, որ պատրաստ ենք մի կողմ դնել նեղ, անձնական տարաձայնությունները»,- Ազգային ժողովում կազմակերպված՝ միահեծան իշխանության բացառման վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը։ Ասաց՝ միանում է առաջարկին՝ հանձնաժողով ստեղծել, առաջիկա ընտրություններում իշխանության դեմ միասնական մեկ ճակատ գեներացնելու համար։
«Ուրախալի է նաեւ, որ ունենք ազգային ձեւավորվող քաղհասարակություն, երբ մարդիկ գիտակցված եւ ինքնակամ մասնակցում են գործընթացների՝ գեներացնելով ազգային շահը»,- հավելեց Նինա Կարապետյանցը՝ նկատի ունենալով նախաձեռնության հեղինակներին՝ «Հանրային դաշինք» քաղաքացիական նախաձեռնությանը։
«Նժար» սահմանադրական շարժումը՝ «բացի Նիկոլից, որը բոլորիս խնդիրն է» երկու խնդիր էլ է առանձնացնում՝ սահմանադրական մոդելը, որի բոլոր տարբերակները, Նինա Կարապետյանցի բնութագրմամբ, մենք «հաջողել ենք տապալել»։ Պառլամենտական տարբերակը գուցե լավագույնը չեն համարում, բայց առաջարկում են պահպանել՝ լավարկելով, հնարավորություններ ընձեռնելով մեծ մասնակցայնության ապահովման համար։ Առաջարկում են Պետխորհրդի գաղափարը, որը կփոխարինի նախագահի ինստիտուտին, դրա 9 անդամները երեք տարին մեկ ռոտացիոն կարգով փոխվելու են եւ թույլ են տալու դատական իշխանությանը անկախություն ապահովել։
Կարդացեք նաև
Նինա Կարապետյանցը կարծում է՝ «Քայլ արա՝ մերժիր Նիկոլին» գործընթացին զուգահեռ՝ բոլոր տարբերակների կիրառմամբ, նաեւ սահմանադրական բարեփոխման հարցը պետք է քննարկվի, որպեսզի հասկանալի լինի, թե ի՞նչ է լինելու ՔՊ-ի իշխանության հեռացումից հետո, որպեսզի չհայտնվենք «Քայլ արա՝ մերժիր Սերժին» իրավիճակում։
Առաջարկում են միավորվել՝ միասնական ճակատով հաղթել այս ընտրություններում, ապա 5-6 ամիս անց կազմակերպել նոր ընտրություններ, հավասար մեկնարկային պայմաններից մասնակցել ընտրությունների եւ արդար մրցակցությամբ իշխանություն ձեւավորել։
Քննարկման մասնակից «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը հաշտ է առաջարկի հետ, մեկ վերապահում ունի՝ խնդիրն այսօրվա Սահմանադրությունը չէ ու այն այդքան էլ վատը չէ։ Խնդիրը սահմանադրական դրույթների պահպանումն է։ Հիշեցնում է՝ Փաշինյանը քանի՞ անգամ է խախտել Սահմանադրությունը։ 1995 թվականից Նիկոլ Փաշինյանին ճանաչող Արտակ Գալստյանը հստակ գիտի՝ «Փաշինյանը խելքը չի գցել, ինքն ու իր դասատուները գիտեն՝ ինչ են անում»։ Հեռանկարն է ուրվագծում, եթե այս ընտրություններում Նիկոլ Փաշինյանը հաղթեց․ «ՀՀ-ին սպասվելու է նույն ճակատագիրը, ինչ Արցախին։ Մի քանի ամիս բլոկադա կլինի, սոված կպահեն, հետո՝ Բագրատաշենով ճանապարհը ցույց կտան՝ կասեն՝ գնացեք»։ Ուստի, ինքն էլ կողմ է՝ թողնել այլ ամբիցիաները եւ միասնական ճակատ կազմել՝ ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի չվերարտադրության դեմ։
«Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության» նախագահ, նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ հավելեց՝ եթե Փաշինյանը վերընտրվեց եւ ստորագրեց 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հարցը, Բագրատաշենում արտագաղթի խցանում է լինելու։ Ըստ նրա, անգամ 300 հազար ադրբեջանցի չեն գալու, գալու են 300-ը եւ անընդհատ բախումներ են լինելու։
Արտակ Գալստյանն էլ Հակոբ Ասլանյանին ուղղում է՝ Հանրապետության հրապարակում, օպերատիվ տվյալներով, 80 հազար մարդուց ավել չի հավաքվում եւ եթե չլիներ մեծ աշխարհաքաղաքական խաղը, 2018-ին հեղափոխություն Հայաստանում չէր լինի։ Համեմատության համար ասում է՝ 2008-ին Մյասնիկյանի հրապարակում մոտ 150 հազար մարդ էր հավաքվել․․․չեղավ։
«Այսօր վտանգի տակ է ՀՀ-ն, բոլորիս տներն ու գերեզմանները, դա պետք է փրկել, հետո անցնել մյուս հարցերին»։
ՀՅԴ-ն եւ «Հայաստան» դաշինքը ներկայացնող Արծվիկ Մինասյանի համար ընդունելի կամ առնվազն քննարկելի են առաջարկները։
Համակարծիք է՝ աշխատանքային խումբ պետք է ձեւավորվի եւ առաջին խնդիրը պետք է լինի առաջիկա ընտրություններում օգնել ժողովրդին՝ իր քվեին «տեր կանգնել»։ Ասում է՝ ավելի վաղ իրենց առաջարկը ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ միասնական ճակատ ստեղծել՝ ապահովելու հանրային մեծ մասնակցությունը ընտրություններում եւ քվեին «տեր կանգնելը», անարձագանք է մնացել։
Առաջին եւ գլխավոր խնդիրը՝ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի իշխանազրկումն է, որին հետեւելու է պետական ինստիտուտների բարեփոխման գործընթացը, ուստի Արծվիկ Մինասյանը կողմ չէ, որ նոր ընտրությունների անցկացման համար 3-4 ամսի ժամկետ սահմանվի։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ






















































