Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի ստերին մենք հակադրելու ենք ինքնիշխան խաղաղության կառուցման մեր մոդելը․ խաղաղության կուսակցությունը մենք ենք»․ Լեւոն Զուրաբյան

Ապրիլ 10,2026 15:43 Share

«Գնում ենք ընտրությունների մեր գաղափարների հաղթանակի ակնկալիքով՝ որպես Հայաստանին ինքնիշխան խաղաղություն բերելու ունակ միակ քաղաքական ուժը»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀԱԿ վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ այս ընտրությունների գլխավոր հարցը խաղաղության հարցն է։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի դա, դրա համար էլ ընտրել է խաղաղությունը որպես ընտրություններում կարգախոս։ «Ինքը փաստորեն որոշել է այդ կարգախոսով գնալ ընտրություններին, ավելին ասեմ՝ որոշել է ինչ-որ իմաստով խաղաղության մենաշնորհը վերցնել իր ձեռքը։ Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ գործ ունենք հերթական մեծ խարդախության հետ։ Նա փորձում է մեկ ու կես տարի սահմաններում չկրակելը, մի քանի վագոն բենզինը Ադրբեջանի տարածքով Ալիեւի թույլտվությամբ բերելը ներկայացնել որպես խաղաղություն, բայց դա խաղաղություն չէ։ Ստորագրված չէ խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանը հրաժարվում է դա անել, մեր գերիները շարունակում են տանջվել Բաքվի բանտերում, իսկ Ադրբեջանում շարունակում են խոսել Զանգեզուրի եւ այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջանի» տարածքների «ազատագրման» մասին»,- ասաց նա։

Ըստ Զուրաբյանի՝ ԹՐԻՓՓ-ը մնացել է մտադրությունների արձանագրության մակարդակի վրա, եւ, կարելի է ասել, վերջին զարգացումների արդյունքում կորցնում է իր կենսունակությունը։ «Ադրբեջանի կողմից առաջ են քաշվում պահանջներ, որոնք սպառնում են մեր ինքնիշխանությանն ու ժողովրդավարությանը։ Ուրեմն, նրանք սուտ են ասում, որ խաղաղություն են բերել։ Սուտ են ասում, որ խաղաղության կուսակցություն են։ 2021 թվականին նորից հայտարարում էին, որ վերջապես բերել են խաղաղության դարաշրջան։ Նիկոլ Փաշինյանի բերած խաղաղության դարաշրջանի արդյունքում ոչնչացվեց Արցախը, գրավեցին ՀՀ ինքնիշխան տարածքները։ Եվ այսքան ստերից հետո Փաշինյանը նորից հանդգնում է իրեն ներկայացնել որպես խաղաղության կուսակցություն։ Իրականում Փաշինյանն ու իր թիմը ապացուցված պատերազմի կուսակցություն են»,- հավելեց Զուրաբյանը։

«Այս ամենին մենք հակադրելու ենք ինքնիշխան խաղաղության կառուցման մեր մոդելը։ Խաղաղության կուսակցությունը մենք ենք եւ այդպիսին ենք եղել ի սկզբանե։ Մենք միշտ էլ ասել ենք, որ պետք է կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, որ մեր ազգային անվտանգության գլխավոր երաշխիքը հենց Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մեջ պետք է փնտրել։ Եվ մենք շատ արդյունավետ ենք գործել այդ ուղղությամբ։

Կհարցնեք՝ բա ինչո՞ւ չեք հասել արդյունքի, շատ պարզ պատճառով՝ Թուրքիան ու Ադրբեջանը համաձայն էին, արդյունքի չհասանք, որովհետեւ մեր ներքին առավելապաշտները խանգարեցին դրան։ Եվ մենք պատրաստ ենք շարունակել խաղաղության հաստատման գործընթացը եւ կատարել Հայաստանի կողմից ստանձնված բոլոր միջազգային պարտավորությունները։

Ես կրկնում եմ՝ մենք պատրաստ ենք շարունակել խաղաղության հաստատման գործընթացը եւ կատարել Հայաստանի կողմից ստանձնված բոլոր միջազգային պարտավորությունները։ Այսինքն՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խաղաղության հաստատումը եւ հարաբերությունների կարգավորումը լինելու է մեր գլխավոր առաջնահերթությունը։

Բայց մենք նաեւ անկախականներ ենք, մեզ պետք է խաղաղություն, որը պաշտպանում է մեր անկախ պետականության հիմքը, մասնավորապես, Անկախության հռչակագիրը, Հայ Առաքելական սուրբ եկեղեցին։ Եվ մենք պնդում ենք, որ ներքին հարցերը, մեր ընտրությունները, Սահմանադրությունը, պետական խորհրդանիշները, պատմագրությունը մերն են բացառապես, ոչ մեկին թույլ չենք տալու խառնվել այդ հարցերի մեջ։ Մի բան, որը Նիկոլն անում է։

Խաղաղությունը չի կարող պայմանավորված լինել մեր ներքին հարցերին վերաբերող Ադրբեջանի պահանջների կատարմամբ։ Ոչ ոք մեզ իրավունք չունի դնելու ինքնիշխանության ու խաղաղության մինչեւ ընտրություն կատարելու վտանգի առջեւ»,- հավելեց նա։

Զուրաբյանը նաեւ հայտարարեց, որ իրենք արեւմտամետ չեն, ռուսամետ չեն եւ համարում են, որ պետք է համագործակցել ամբողջ աշխարհի հետ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930