Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ինքս որոշել եմ, որ ինձ համար մանդատը չի կարեւոր»․ Արծվիկ Մինասյանը՝ ցուցակի 19-րդ հորիզոնականը զբաղեցնելու մասին

Ապրիլ 10,2026 15:53 Share

«Ես ինքս որոշել եմ, որ ինձ համար մանդատը չի կարեւոր, եթե խորհրդարանն այսպիսի տեսք պետք է ունենա։ Այսինքն, եթե ՔՊ-ն այս ընտրություններում նորից պետք է ունենա այնքան քվե, որ նորից պահպանվի այս վիճակը, հետեւաբար, ես այդ խորհրդարանում անելիք չունեմ։ Անկախ նրանից՝ ո՞ր տեղում եմ լինելու, ես հրաժարական էի տալու եւ մանդատ չէի վերցնելու»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, որ հունիսի 7-ի ընտրություններում դաշինքի մասնակցության նախընտրական ցուցակում ինքը բավական ցածր հորիզոնականում է ներկայացված՝ 19-րդ տեղն է զբաղեցնում։

Իր այդ ընտրությամբ Արծվիկ Մինասյանը հանրությանն ուղերձ է ցանկացել հղել․ «Որ այս ընտրությունները մանդատի ընտրություններ չեն։ Սա այս իշխանություններից ազատվելու հնարավորություն է։ Մանդատի կռիվ պետք չի տալ։ Ցուցակները պայմանական են։ Գլխավոր խնդիրն այս իշխանությունից ազատվելն է»։

Ապա նաեւ հնարավորություն է այլ մարդկանց, թիմի այլ անդամների համար՝ երկրին նոր որակ բերելու։ Բայց այդ որոշման երրորդ եւ ամենակարեւոր ուղերձն իր բնութագրմամբ, քաղաքական ուժերին է ուղղված․ «Պետք չի մտածել՝ ցուցակում որ տեղում ես։ Երկրում այնքան անելիք կա, հաջողության դեպքում հսկայական գործ կա անելու եւ կարեւոր չէ՝ ո՞ր ցուցակում, ո՞ր տեղում ես»։

Նույնը՝ ցուցակից դուրս մնացած Սեյրան Օհանյանին է վերաբերվում։

«Նաեւ շատերի պատասխանն է հարցին՝ էդ մանդատների համա՞ր էիք դուք մնում։ Չէ։ Մանդատը բացարձակ կապ չունի պայքարի հետ։ Պայքարը կարեւոր է, անհրաժեշտ է եւ պետք է տանել»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ իրենց թիմում ցուցակի մասով վեճեր չեն եղել․ ծավալուն, բարդ ու երկար քննարկումներ՝ եղել են։

«Եթե օրենքով պահանջվեր, որ պիտի հաստատվի 50 տեղը, ես կխնդրեի, որ ինձ 50-րդ տեղում գրեին»,- ասաց նա՝ հավելելով, որ նաեւ առհասարակ հրաժարվելն էլ էր տարբերակ․ «Բայց չկարողացա ընկերների պնդումներին․․․Բոլորն էին դեմ, որ ես հետ տեղերում լինեմ, բայց դա իմ որոշումն էր։ Ես եմ որոշել եւ շատ կարեւոր է, որ նաեւ այս մշակույթը բերել քաղաքական դաշտ։ Ի վերջո, մեկ մանդատի խնդիր չէ։ Այսօր խնդիրը շատ ավելի գլոբալ է, հստակ է եւ շատ պարզ է»։

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930