Ermenihaber. Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմարդյունաբերության ոլորտում նոր համագործակցության մասին պայմանագիր է ստորագրվել, որը նպատակ ունի զարգացնել ռազմավարական կարողությունները և վերափոխել էկոհամակարգը: Այս մասին սոցիալական մեդիայում կատարած գրառմամբ տեղեկացրել է Թուրքիայի նախագահականի ռազմարդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյորգյունը:
«Ռազմարդյունաբերության մեջ ամբողջական էկոհամակարգային մեր մոտեցումն այժմ հասել է մի մակարդակի, որտեղ այն միջազգային ճանաչում ունի ոչ միայն հարթակի և արտադրանքի մշակման հնարավորությունների, այլև կորպորատիվ կառուցվածքի, կառավարման մոդելի և կայուն արդյունաբերականացման ըմբռնման առումով»,- նշել է նա:
Գրառման համաձայն՝ Թուրքիայի նախագահականի ռազմարդյունաբերության վարչության անունից փաստաթուղթը ստորագրել է վարչության ղեկավարի օգնական Հաքան Քարաթաշը, իսկ Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության անունից՝ գերատեսչության ղեկավարի օգնական Հիդայեթ Ազիմովը:


















































