Aravot.am-ը հյուրընկալել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր պրոֆեսոր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Աննա Ասատրյանին
– Տիկին Ասատրյան, 2026թ․ մարտի վերջերին տեղի ունեցավ «Արթուր Ադամով․ ինքնություն, աքսոր և թատերական արդիականություն» թեմայով միջազգային գիտական կոնֆերանսը, որը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և «Սաթէ-Աթղը» թատերական միությունը (Ֆրանսիա)։
Խնդրում ենք ներկայացնել կոնֆերանսի նպատակն ու առաքելությունը:
Կարդացեք նաև
– Հայկական ծագումով ֆրանսիացի արձակագիր և դրամատուրգ, աբսուրդի թատրոնի հիմնադիրներից Արթուր Ադամովի (1908–1970) կյանքին ու ստեղծագործությանը նվիրված գիտական կոնֆերանս Հայաստանում՝ հայ արվեստագիտության պատմության մեջ կազմակերպվում էր առաջին անգամ։ Այս միջոցառմամբ սկիզբ առավ նաև ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և «Սաթէ-Աթղը» թատերական միության (Ֆրանսիա) միջև համագործակցությունը։
Կոնֆերանսի պատվավոր հյուրն էր Լիոնի բարձրագույն դպրոցի (ENS de Lyon) թատրոնի պատմության և գեղագիտության պրոֆեսոր, ժամանակակից ադամովագիտության երևելի ներկայացուցիչ Օլիվիե Նըվոն (Ֆրանսիա, Լիոն)։
Առաջին նիստը (նիստավար՝ արվեստագիտության թեկնածու, դոցենտ Անուշ Ասլիբեկյան) մեկնարկեց Օլիվիե Նըվոյի ««Ադամովի թատրոնը». Արթուր Ադամովի ստեղծագործությունը՝ պատմության մեջ «պարտվածի» դիրքից» զեկուցումով, որտեղ բանախոսը ներկայացրեց Արթուր Ադամովի ստեղծագործության պարադոքսալ դիրքը թատրոնի պատմության մեջ՝ որպես միաժամանակ ճանաչված և մարգինալացված երևույթ։
Ֆրանսիացի ադամովագետի կարծիքով՝ այդ իրավիճակը պայմանավորված էր թե՛ մարքսիստական և քննադատական թատրոնի պատմական նահանջով, թե՛ հեղինակի ստեղծագործության կենսագրական ու գոյաբանական բնույթով։ Ադամովի թատրոնը միավորում է անհատական (նևրոզ, ներաշխարհ) և պատմական (սոցիալական հարաբերություններ, գաղափարախոսություն) հարթությունները՝ բացահայտելով դրանց փոխազդեցությունն ու ներքին հակասությունները։ Ստեղծագործական նպատակը դրանց համադրումը չէ, այլ դրանց միջև լարվածության ցուցադրումը։ Ադամովի դրամատուրգիան դիտարկվում է որպես բաց և չավարտվող համակարգ, որը շարունակում է արդիական հարցադրումներ առաջադրել արվեստի, քաղաքականության և մարդու գոյության մասին՝ վերաիմաստավորելով ժամանակակից թատրոնի դերը։
Այնուհետև «Սաթէ-Աթղը» թատերական միության ղեկավար, Սորբոնի համալսարանի (Sorbonne Nouvelle Paris 3, M2 Études théâtrales) դրամատուրգիայի գծով մագիստրոս, բանասիրական գիտությունների թեկնածու Սաթէ Խաչատրյանը (Ֆրանսիա, Լիոն) հանդես եկավ «Արթուր Ադամովի «Մարդը և երեխան» ինքնակենսագրական վեպը․ ինքնության անհնարին կառուցում կամ գեղարվեստական ինքնաոչնչացում» բանախոսությամբ, որը նվիրված էր Արթուր Ադամովի «Մարդը և երեխան» վեպի վերլուծությանը՝ այն դիտարկելով որպես ինքնության կառուցման և միաժամանակ դրա քայքայման փորձ։ Ըստ բանախոսի՝ Ադամովը հրաժարվում է դասական ինքնակենսագրական նարատիվից՝ կիրառելով բեկորային և ոչ գծային շարադրանք, որը վերարտադրում է տրավմատիկ հիշողության տրամաբանությունը։ Մանկությունը ներկայացվում է որպես վախի, մեղքի և հոգեկան ճեղքման ձևավորման տարածք, որտեղ ծագում են ինքնաոչնչացման միտումները։ Մարմինը հանդես է գալիս որպես ամոթի և պատժի դաշտ, իսկ կրկնության մոտիվը մատնանշում է անցյալից ազատագրվելու անհնարինությունը։ «Արտաքսման և օտարացման փորձառությունը ձևավորում է անկայուն ինքնություն, մինչդեռ աբսուրդը ներկայանում է ոչ թե գեղագիտական հնարք, այլ գոյաբանական փորձառություն։ Վեպը մեկնաբանվում է որպես չավարտված ինքնավերլուծություն, որը բացահայտում է լեզվի և ինքնաճանաչման սահմանները»,- եզրակացրեց Ս․Խաչատրյանը։
Առաջին նիստը եզրափակվեց ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Անուշ Ասլիբեկյանի «Արթուր Ադամովի «Վերագտնում» պիեսի թատերականացված ընթերցումները հայ բեմում» զեկուցմամբ, որի նպատակն էր ուսումնասիրել Արթուր Ադամովի Վերագտնում (Retrouvailles) պիեսի հայաստանյան թատերականացված ընթերցումները՝ դիտարկելով դրանք ոչ թե որպես բեմադրության նախնական փուլ, այլ որպես ինքնուրույն թատերական ձև, որը միաժամանակ կատարում է գեղարվեստական, կրթական և հետազոտական գործառույթներ:
«Թարգմանիչ ու բեմադրիչ Սաթէ Խաչատրյանի նախաձեռնությամբ ընթերցումները հնարավորություն ընձեռեցին առաջին անգամ հայ բեմում ներկայացնել պիեսի առանձնահատուկ տարածաչափական կառուցվածքը, որտեղ գործողությունը մասնատված է, ժամանակը անկայուն է, իսկ իրականությունը մշտապես սահում է երազի մեջ: Այս ձևաչափում առաջնային է ոչ թե խաղը, այլ տեքստի ընկալումը, և ընթերցումը թույլ է տալիս պահպանել պիեսի այդ առանձնահատկությունները՝ առանց հանդիսատեսին ծանրաբեռնելու բեմական և ռեժիսորական լուծումներով»,- նկատեց Անուշ Ասլիբեկյանը՝ միաժամանակ ընդգծելով Ադամովի յուրահատուկ մոտեցումը աբսուրդի թատրոնին և թատերականացված ընթերցման կարևորությունը հայկական բեմում:
Իսկ երկրորդ նիստը (նիստավար՝ Սաթէ Խաչատրյան) սկսվեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանի «Արթուր Ադամովը և հայ իրականությունը» զեկուցումով, որտեղ բանախոսը քննության առավ Արթուր Ադամովի հատուկենտ առնչությունները հայության և հայկական իրողությունների հետ։ Մանկուց բնակված լինելով օտար միջավայրերում և չտիրապետելով հայերենին, նա ամբողջովին զերծ չի եղել հայկական ինքնությունից։
Ադամովը թոռն էր առաջին հայ կին թատերագիր Եկատերինա Բահաթուրի, որը հեռվից հետևել է թոռան գրական ուղուն։ Ա․Բախչինյանը նկատեց, որ «Հատուկենտ հայ մտավորականների հետ իր հանդիպումներում Ադամովը ցանկություն է հայտնել այցելել Հայաստան և իր գործերից բեմադրված տեսնել հայ թատրոնում»։
«Միջնադարյան տիպարների զուգահեռները Արթուր Ադամովի «պարոդիա» պիեսում» զեկուցման մեջ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Օրդոյանը ընդգծեց, որ առաջին անտիդրաման կամ, ինչպես հետագայում անվանեցին, աբսուրդի դրաման հրապարակ եկավ Ֆրանսիայում 1947 թվականին: Դա Արթուր Ադամովի «Պարոդիա» (La Parodie) պիեսն էր, որը նախորդում էր Էժեն Իոնեսկոյի («Ճաղատ երգչուհին», 1948) և Սամյուել Բեքեթի («Գոդոյին սպասելիս», 1948) այս ժանրում գրված ստեղծագործությունները: Պատմա-համեմատական և տիպաբանական վերլուծության արդյունքում Գրիգոր Օրդոյանը ցույց տվեց, թե որքան են Ադամովի պիեսում գործող պերսոնաժները նմանվում վաղ միջնադարյան տիպարների, որոնք իրենց ծագումնային հատկանիշներով հասնում են մինչև ուշ միջնադար, ընդհուպ մուտք գործում Վերածնության դարաշրջանի Կոմեդիա դել’արտե (commedia dell’arte), դիմակների կատակերգություն: «Մասնավորապես՝ պիեսում հանդես եկող ակտիվ և օպտիմիստ Ծառայողին հակադրվում է պասիվ և հոռետես N կոչված գործող անձը: Նրանք հիշեցնում են հնագույն այն տիպարները, որ միջնադարում հայտնի էին հացկատակ և մորոս անուններով: Հետագայում՝ ուշ միջնադարում և վաղ Վերածնության շրջանում, նրանց եկան փոխարինելու Առլեկինը և Պիեռոն, որոնք սիրահարված էին Կոլոմբինային: «Պարոդիայում» այդ տիպարի զուգահեռն է Լիլի անունով թեթևսոլիկ օրիորդը, որը խելքահան է անում բոլորին»,-եզրակացրեց բանախոսը:
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, երիտասարդ հետազոտող Լինդա Սարգսյանը «Ձայնային և ռիթմիկ կառուցվածքները Արթուր Ադամովի դրամատուրգիայում» բանախոսության մեջ բացահայտեց, որ Արթուր Ադամովի դրամատուրգիայում ձայնային և ռիթմիկ կառուցվածքներն արտահայտում են գործող կերպարների հոգեվիճակն ու զգացմունքները։ Աբսուրդի թատրոնի գեղագիտությանը հարող պիեսներում խոսքը հաճախ կորցնում է հաղորդակցական անմիջական գործառույթը և վերածվում հնչյունային, ինտոնացիոն ու ռիթմիկ ինքնուրույն միավորի։ Արթուր Ադամովի պիեսներում երաժշտական բաղադրիչը որևէ նշանակալից դերակատարում չունի։ Բանախոսի դիտարկմամբ․ «Կարևորելով գործողության հոգեբանական և գաղափարական շերտը՝ իր ներկայացումներում երաժշտությունը կիրառում է որպես ֆոնային միջոց՝ (թղթերի, գնացքի, մեխանիկական իրերի ձայներ ևն) ստեղծելով անհանգիստ և լարված մթնոլորտ։ Այսպիսով, աբսուրդի թատրոնի մեծագույն դրամատուրգները վերափոխեց ոչ միայն XX դարի թատերական ստեղծագործությունների բովանդակությունը, այլ նաև բեմական ձայնի ընկալումը»։
Կոնֆերանսը եզրափակվեց ԵՊՀ մշակութաբանության մագիստրոս, թարգմանիչ, Սորբոնի համալսարանի (Sorbonne Nouvelle Paris 3, M1 Études théâtrales) թատերական թարգմանության գծով մագիստրոս Հերմինե Աթանեսյանի «Արթուր Ադամովի համագործակցությունը Ժան-Մարի Սերոյի հետ» զեկուցումով, որի ընթացքում բանախոսը թերթեց Արթուր Ադամովի և թատրոնի ռեժիսոր, ֆրանսիացի Ժան-Մարի Սերրոյի (1915–1973) ստեղծագործական համագործակցության էջերը՝ ներկայացնելով հետպատերազմյան եվրոպական թատրոնի զարգացման կարևոր հանգույցներից մեկը։ Այն արտացոլում էր Նոր թատրոնի առաջացումը, որը ծնվել է որբության գոյաբանական տանջանքների և սոցիոկուլտուրային ճգնաժամերի ազդեցությամբ։ «Ադամովը համակարգային կերպով քանդում էր դասական պիեսի դրամատուրգիական կառուցվածքը՝ գործողությունների և մտքերի մակարդակում, իսկ Սերրոն՝ դասական թատրոնի ճարտարապետությունը, որպեսզի ստեղծի նոր ձևաչափ։ Այս համատեղ մոտեցումն ու վարպետությունը թույլ տվեցին Ադամովին և Սերրոյին ձևավորել Նոր թատրոնը՝ որպես արվեստի միջոց, որը նպատակ ունի թե՛ արտացոլելու համամարդկային կործանարար իրավիճակները, թե՛ դրանք փոխակերպելու ավելի բարեկեցիկ աշխարհ ձևավորելու համար»,- նշեց բանախոսը։
Անշուշտ, «Արթուր Ադամով․ ինքնություն, աքսոր և թատերական արդիականություն» թեմայով միջազգային գիտական կոնֆերանսը դարձավ հայկական ադամովագիտության ձևավորման ճանապարհին առաջին ու կարևոր քայլը։
Իմիջիայլոց, որոշվեց 2028 թվականին խոշորամասշտաբ միջազգային գիտական կոնֆերանսով նշել Արթուր Ադամովի ծննդյան 120-ամյա հոբելյանը։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

























































Ավաղ, շատ վատ է թարգմանվել Ադամովի պիեսները: Մասնագիտական շրջանում «խայտառակ թարգմանություն» է որակվում այդ ֆրանսերենը՝ բազմաթիվ սխալներով: Աղջիկը լավ կանի այլևս չզբաղվի թարգմանական գործով, մարդիկ 4տարի սովորում են թարգմանական գործ, բայց էլի չի հաջողվում: Այնպես որ շատ ցավում ենք Ադամովի պիեսների վատ թարգմանության համար: