Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում անցկացված կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում՝ անդրադառնալով Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին և առաջիկա ընտրություններին։
Իր խոսքում նա ընդգծել է, որ «2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում ընտրությունները եղել են ազատ, արդար և թափանցիկ», նշելով, որ այս ձեռքբերումը կարևոր հիմք է երկրի ժողովրդավարական զարգացման համար։ Իր խոսքում Գալջյանը վստահություն է հայտնել, որ «հայ ժողովուրդը կընտրի ժողովրդավարության ճանապարհը»՝ վերահաստատելով հասարակության հանձնառությունը ազատ և արդար ընտրություններին։
Ելույթի ընթացքում նա նաև կարևորել է միջազգային համագործակցությունը՝ ընդգծելով Եվրոպայի խորհրդի և եվրոպական գործընկերների աջակցությունը Հայաստանում թափանցիկ ընտրություններ ապահովելու գործում։ Նա տեղեկացրել է, որ արդեն ապրիլին Հայաստանը կընդունի դիտորդական առաքելություն՝ որպես բաց և հաշվետու գործընթացների ապահովման հերթական քայլ։
Ամփոփելով իր խոսքը՝ պատվիրակության ղեկավարը նշել է, որ Հայաստանը շարունակաբար շարժվում է խաղաղության և ժողովրդավարության ուղով և պատրաստ է խորացնել համագործակցությունը եվրոպական կառույցների հետ։
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանին Հայաստանը ներկայացված էր նորացված պատվիրակությամբ, որն արտացոլում է երկրի տեղական ինքնակառավարման համակարգի բազմազանությունն ու փորձառությունը։ Պատվիրակության կազմում էին պատվիրակության ղեկավար, Երևանի ավագանու անդամ Արմեն Գալջյանը, Մարտունու ավագանու անդամ Լիանա Հովհաննիսյանը, Կապանի քաղաքապետ Գևորգ Պարսյանը, Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը։
Կարդացեք նաև
Պատվիրակությունը ակտիվորեն մասնակցել է նստաշրջանի աշխատանքներին՝ ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումները տեղական ժողովրդավարության, ընտրական գործընթացների և տարածաշրջանային զարգացման հարցերի շուրջ։
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանը կարևոր հարթակ է՝ նվիրված տեղական ժողովրդավարության, անվտանգության, տարածաշրջանային զարգացումների և նոր տեխնոլոգիաների ազդեցության քննարկմանը, որտեղ Հայաստանը հանդես է գալիս ակտիվ և ներգրավված մասնակցությամբ։
Հայաստանի համայնքների միություն


















































