Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագրում ենք 10 մարզերում նստավայրեր ունենալ, ընտրություններից հետո նախաձեռնվելու է դրանց ձեւավորման գործընթացը. ԿԸՀ նախագահ

Ապրիլ 10,2026 17:45 Share

2024-2025 թվականներին կազմակերպվել են տեղական ինքնակառավարման մարմինների չորս ընտրություններ, որոնցից մեկը՝ մեծամասնական ընտրակարգով, իսկ երեքը՝ համամասնական: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի խոսքով որեւէ ընտրության արդյունք չի բողոքարկվել:

Զեկուցողն ընդգծել է, որ փաստաթղթում ներկայացված է հանձնաժողովի զարգացման ռազմավարության տեսլականը: Ռազմավարության համաձայն՝ ԿԸՀ-ի առաքելությունն է ապահովել ժողովրդի, իշխանության իրացումն ազատ, արդար, թափանցիկ, մրցակցային եւ միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների եւ հանրաքվեների միջոցով: Ըստ ռազմավարության՝ հանձնաժողովի ջանքերը՝ սկսած 2025 թվականից, միտված են լինելու ընտրական գործընթացների արդյունավետ կազմակերպմանը, թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացմանը, տեխնոլոգիական զարգացմանը, ընտրողների կրթության եւ իրազեկման բարձրացմանը, ընտրական հանձնաժողովների կարողությունների զարգացմանը:

Հանձնաժողովի նախագահի դիտարկմամբ հաշվի առնելով ընտրական համակարգի հետ կապված աշխարհում տեղի ունեցող զարգացումները՝ ակնհայտ է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները պետք է ունենան առանձնացված շենքային պայմաններով եւ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած մարզային նստավայրեր: «Մենք ծրագրում ենք 10 մարզերում ունենալ նստավայրեր: Միջազգային գործընկերների կողմից ստացվել է դրական արձագանք, եւ ԱԺ ընտրություններից հետո նախաձեռնվելու է դրանց ձեւավորման գործընթացը»,- ընդգծել է Վահագն Հովակիմյանը:

Անդրադառնալով առաջիկայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը՝ զեկուցողը նշել է, որ 300 եւ ավելի ընտրող ունեցող բոլոր տեղամասերից կապահովվի քվեարկության եւ արդյունքների ամփոփման գործընթացի հեռարձակումը:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ ԿԸՀ նախագահը տեղեկացրել է, որ արտերկրում բնակվող եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է քվեարկության օրը գտնվեն Հայաստանի Հանրապետության տարածքում:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2024-2025 թվականների գործունեության մասին հաղորդումը քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 10-ի նիստում:

Հաղորդումն ամբողջությամբ՝ այստեղ:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930