«Ռուսաստանի դեսպանը հանդիպման խնդրանքով դիմել էր, եթե չեմ սխալվում, մոտ երկու շաբաթ առաջ, և քաղաքական իրադարձությունները, որ փորձում եք կապել, դրանից առաջ են եղել։ Ըստ էության, ինքը եկել էր ծանոթանալու նախապատրաստման ընթացքին, ինչպես նաև ՌԴ ԿԸՀ նախագահի հնարավոր այցի նախապատրաստման հարցով»,- լրագրողներին ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով հարցին, թե որոշակիորեն անակնկալ էր իր և դեսպանի հանդիպումը, ինչո՞ւ էր եկել նա հանձնաժողով, ի՞նչ են քննարկել և արդյո՞ք դա պայմանավորված էր ՌԴ նախագահի վերջին հայտարարությամբ։
Հարցին, թե ընտրություններին Ռուսաստանից դիտորդներ լինելո՞ւ են, Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Եթե ԱՊՀ միջխորհրդարանական՝ այո։ Մենք այսօր արդեն իրենց 14 վկայականները կազմեցինք, որպեսզի ԱԳՆ միջոցով փոխանցվի մեր գործընկերներին։ Եթե նկատի ունենք Ռուսաստանի Դաշնության ԿԸՀ-ն, իրենք մեր հրավերով են ժամանելու։ Իրենք ընտրությունները դիտարկելու երկու խողովակ ունեն։ Մի խողովակը ԱՊՀ շրջանակներում է, մյուսն արդեն անհատական մեր հրավերով, որովհետև մենք մեր բոլոր գործընկերների ընտրական մարմինների ներկայացուցիչներին հրավիրում ենք»։
ԿԸՀ նախագահը նշեց, որ Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպումը կայացել է նրա նախաձեռնությամբ։ «Վերջին հանդիպումը, որ եղել էր ՌԴ մեր գործընկերոջ՝ տիկին Պամֆիլովայի հետ, ինքն ինձ հրավիրեց սեպտեմբերին կայանալիք իրենց խորհրդարանական ընտրություններին, ես իրեն հրավիրեցի հունիսին կայանալիք մեր խորհրդարանական ընտրություններին։ Եվ կեսկատակ, բայց իրականում լուրջ՝ ասացինք, քանի որ մերը սկզբում է, տիկին Պամֆիլովան ինքը կժամանի Հայաստան, սեպտեմբերին էլ ես կգնամ Մոսկվա»։
Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպմանը չի՞ արծարծվել բոլոր ուժերին ընտրություններին մասնակցել թողնելու վերաբերյալ հարցին Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապաքաղաքական կառույց է։ Եվ ես ձեզ հավաստիացնում եմ, որ դեսպանները, միջազգային կառույցների մեր գործընկերները, որ գալիս են, իրենք հարգում են մեր օրենսդրությունը։ Իրենք շատ լավ գիտեն ԿԸՀ մանդատի, այսպես ասենք՝ ապաքաղաքական, չեզոք լինելը և երբեք իրենց խոսքում, գործողություններում չեն անում մի բան, որը կարող է մեր մանդատից դուրս լինել»։
Կարդացեք նաև
Նա նաև տեղեկացրեց, որ տարբեր դեսպանների հետ նույնպես պարբերաբար հանդիպումներ լինում են, բայց այնպես ստացվեց, որ լրահոսում ուշադրության արժանացավ միայն ՌԴ դեսպանի այցը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































