Հարցազրուցավար Աննա Դանիելյանը «Առաջինի լրատվական» հրավիրված «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին հարցրեց. «Օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ցանկանում է՝ Հայաստանում ռուսամետ ուժերը կամ գործիչները հնարավորություն ունենան ընտրություններին մասնակցելու։ Հասկանանք։ Արդյո՞ք նրա հայտարարությունից հետո էլ եք շարունակելու հերքել, որ դուք ռուսամետ ուժ եք»։
Նարեկ Կարապետյանը պատասխանեց. «Կարևոր է, որ մենք մեր խոսակցությունը սկսեինք Հայաստանին առաջնահերթ հետաքրքրող, Հայաստանի բնակչության կյանքը լավարկող հարցերից և նոր անցնեինք արտաքին քաղաքականությանը։ Բայց եթե առաջնահերթությունների հարց կա, մենք պետք է հասկանանք մեր երկրի առաջնահերթությունները։ Պետք է հասկանանք, որ մեր երկրի գլխավոր հարցը ներքին խնդիրները լուծելն է, մեր երկրի ուժն ամրապնդելն է։ Իսկ երկրի ուժն ամրապնդելու համար մեզ համար շատ կարևոր է՝ չունենալ վատ հարաբերություններ տարածաշրջանային մեծ երկրների հետ։ Ինչպես դուք նշեցիք, Ռուսաստանի Դաշնության համար առաջնային է, որ այս պահին տարածաշրջանում չլինի հակառուսական ֆորպոստ։ Հակառուսական ֆորպոստը մեծ վտանգ կներկայացնի իր համար, վտանգ կլինի Իրանի համար, որը կբերի տարածաշրջանային երկրների միջև և մեր հարաբերությունների վատթարացմանը։
Մենք ասում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է չլինի հակառուսական, պետք է չլինի հակաիրանական, այլ պետք է տարածաշրջանային երկրների հետ կազմի երկարաժամկետ, խաղաղ ու համագործակցային զարգացման մոդել, լավ հարաբերություններ ունենա։ Մենք պետք է մեր տարածաշրջանը հակադրությունների ֆոնին չնայենք։ Մենք պետք է լավ հարաբերությունների, տնտեսական զարգացման ֆոնին նայենք։ Դա լիբերալ արտաքին քաղաքական մոդելի գլխավոր տարրերից է»։
«Դուք հիմա իմ հարցին կպատասխանե՞ք։ Դուք շարունակում եք հերքել, որ դուք ռուսամետ ո՞ւժ եք»,- հարցը կրկնեց հարցազրուցավարը։ «Ես պատասխանում եմ, որ մենք հակառուս ուժ չենք հաստատ։ Շատ մեծ տարբերություն կա մեր երկու ասածների մեջ։ Մեզ համար շատ կարևոր է երկու կարևոր բան։ Առաջինը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պես ամեն օր Ռուսաստանի հասցեին սխալ արտահայտություններ թույլ տալով հարաբերություններ չփչացնենք այդ երկրի հետ, ուր մենք արտահանում ենք տարեկան $ 3 միլիարդի ապրանք։ Ի տարբերություն Ֆրանսիայի, որի հետ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ութ տարվա մեջ չի կարողացել ավելացնել մեր արտահանումը»,- ասաց Նարեկ Կարապետյանը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































