Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր ու ինչպե՞ս պետք է ձեւավորեն նոր իշխանությունը

Ապրիլ 11,2026 13:00 Share

«Ոչ ոք իրավունք չունի այս ճակատագրական պահին երկրի նկատմամբ դրսեւորել կամայական եւ անպատասխանատու վերաբերմունք, առավել եւս՝ Սամվել Կարապետյանը». «Առավոտի» զրուցակիցն է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) նախագահ Մովսես Շահվերդյանը։

-Ընտրական փուլին ընդառաջ իշխանությունը կոշտացնում է գործողությունները. ԱԺ-ում հապշտապ սահմանափակեցին կուսակցությունների դաշինքների անվանումներում անձնանունների օգտագործումը եւ տեսակետ կա, որ դա արվել է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին «նեղ դրության» մեջ դնելու համար, Հակակոռուպցիոն կոմիտեն նախկին պաշտոնյաներով է նորից ակտիվ հետաքրքրվում եւ այսպես. ինչի՞ մասին են իշխանության վախերը։

-Եթե անկեղծ լինեմ՝ չի հետաքրքրում, թե ի՞նչ է կատարվում իշխանության ճամբարում։ Բավականին լավ հասկացել ենք՝ ի՞նչ որակի իշխանություն ունենք, նրանք ի՞նչ գաղափարներ, նպատակներ եւ ծրագրեր ունեն։ Ութ տարի շարունակ այդ ամենը մեր աչքի առաջ է։ Այս պահին, ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե մրցակից, այլընտրանքային, ընդդիմադիր, ինչպես կուզեք՝ անվանեք, ճամբարում ի՞նչ է կատարվում։

-Եվ ի՞նչ է կատարվում։

-Վատը նա կլինի, որ այդ ճամբարը չկարողանա անել այնպիսի քայլեր, որոնք կարող են մոտիվացնել մեր ժողովրդին, ոտքի հանել եւ իշխանափոխություն իրականացնել։

Իշխանությունը Հայաստանն արդեն աղետի եզրից տեղափոխել է աղետի դաշտ եւ իշխանափոխությունն այսօր հրամայական է։ Հարցն այն է, թե ովքե՞ր ու ինչպե՞ս պետք է ձեւավորեն նոր իշխանությունը։

-Այլընտրանքային դաշտում ունենք երեք խոշոր դաշինք՝ «Հայաստան»՝ Ռոբերտ Քոչարյան-ՀՅԴ, ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձեւավորվող՝ «Առաջարկ Հայաստանին» եւ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ», ապա՝ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ղեկավարած «Միասնության թեւերը», ՀԱԿ-ը եւ այլն։ Թե խոշոր դերակատարները, թե փոքրերը, կարծես, բացառման սկզբունքով են առաջ գնում՝ յուրաքանչյուրն իրեն համարելով ամենակարողը, ամենաուժեղը։ Այս ելակետից ի՞նչ ակնկալիքներ ունենալ։

-Քանի որ բավական հասուն տարիքի եմ եւ բավական քաղաքական փորձ ունեցող, բավական էլ լավ ճանաչում եմ քաղաքական դաշտի դերակատարներին՝ անհատներին եւ ուժերին, գիտեմ նրանց անցած ճանապարհը, ունակությունները, նաեւ գիտեմ նրանց ներդրումը՝ մեր պետության ներկայիս վիճակի մեջ… Սկսած 1990 -91 թվականներից, իմ խորին համոզմամբ գնում ենք սխալ ճանապարհով եւ աննպատակ ճանապարհով՝ չունենալով հստակ ազգային նպատակներ։ Այս ամենում շատ որոշակի դերակատարում ունեն ձեր թվարկած անձերի եւ ուժերի մեծ մասը։ Այդ շարքում կարելի է բացառություն համարել Սամվել Կարապետյանին, որը Հայաստանում պետական պաշտոն չի զբաղեցրել։

Այս տեսակետից, իհարկե, ես առանձնակի ակնկալիքներ չունեմ ձեր թվարկած ուժերից։ Որոշներն էլ մասնակցում են՝ մասնակցելու համար, միգուցե նաեւ սեփական՝ անձնական կամ խմբակային ակնկալիքներ ունեն, ոչ թե ազգային կամ պետական։ Եթե այդ անձինք եւ ուժերը ազգային եւ պետական մտածողություն ունենային՝ բոլորն էլ եղել են իշխանության, իրենց կդրսեւորեին եւ եթե դրական դրսեւորեին, մենք այսօր հաստատ չէինք ունենա այս իշխանությունը։

-Օրերս տեղեկություն տարածվեց, որ երկրորդ նախագահը 70 տոկոսից ավելի վստահություն է վայելում, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն էլ ասում է՝ 10 օր առաջ իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով միասնական ընդդիմությունը իշխող ուժից կրկնակի ավելի վարկանիշ ունի։

-«Հայաստան» դաշինքը 2021 թվականին 20 տոկոս ձայն է ունեցել, չեմ կարծում, որ այս անգամ ավելին է ունենալու։ Կլինեն ընտրություններ՝ կտեսնենք։

Բայց ես չեմ կարծում, որ Հայաստանում նոր իշխանությունների ձեւավորման հարցն ընտրությունների միջոցով է լուծվելու։ Առիթ ունեցել եմ ասելու, որ այդ հարցը համաժողովրդական ընդվզման միջոցով պետք է լուծվի։

-ՀՀԿ-ն էլ է այդ տարբերակն առաջարկում՝ իմպիչմենթ+ համաժողովրդական ընդվզում։

-ՀՀԿ հիմնադիր լուսահոգի Աշոտ Նավասարդյանն ինձ շատ հարազատ մարդ է եղել։ ՀՀԿ-ն իշխանության ղեկին հայտնվեց Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի դաշինքի շնորհիվ։ Նրանց ողբերգական մահից հետո, ՀՀԿ-ն պարզապես օգտվեց ստեղծված իրավիճակից եւ դարձավ Հայաստանում իշխանության կուսակցություն։ Իհարկե, ՀՀԿ-ում շատ խելացի, հայրենասեր մարդիկ կան, բայց իմպիչմենթն ինձ համար անհասկանալի է։ Իմպիչմենթ՝ ցանկացած երկրում անհնար է իրականացնել, քանի որ դա խորհրդարանական մեծամասնության գործիք է, դա իրականացվում է այն դեպքում, երբ խորհրդարանական մեծամասնությունը դժգոհ է լինում իր վարչապետից։

-Ասում են՝ բանակցում են իշխող ուժի պատգամավորների հետ, հնարավոր է նրանց բերել ընդդիմության դաշտ։

-Հավանաբար, ՀՀԿ-ում դառնությամբ են հիշում 2018-ի դեպքերը ու կարծում են, որ կարող են արդյունքի հասնել այն ձեւով, ինչ ձեւով Նիկոլ Փաշինյանը հասավ՝ իրենց իշխանության ժամանակ։ 2018-ին եթե չլինեին ՀՀԿ խմբակցության ձայները, Նիկոլ Փաշինյանն իշխանության չէր գա, իսկ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ուղղակի կոալիցիոն կառավարություն կազմեցին ՔՊ-ի հետ։

-Իսկ ինչո՞վ եք առանձնացնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» ուժին։

-Ամեն դեպքում, մեր ժողովրդին պետք է մարդ, ուժ, որը կհամախմբի եւ կառաջնորդի այս դժվարին իրավիճակում։

– «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»-ը կարո՞ղ է դառնալ այդ ուժը։

-Ես կուզեի, որ դառնար, որովհետեւ մյուսներից սպասելիքներ չունեմ։ Ավելին, հաստատ գիտեմ, որ չեն էլ դառնալու։

-Պոտենցիալը տեսնո՞ւմ եք։

-Անպայման։ Բայց նաեւ շատ ճշգրիտ քաղաքական քայլեր պետք է իրենք կատարեն, որը, ցավոք, այսօր չեմ տեսնում։ Առաջին հերթին պետք է շատ ունակ թիմ ձեւավորեն, որովհետեւ, ամեն դեպքում, մարդկային գործոնն է վճռական։ Պետք է նաեւ հստակ գաղափարախոսություն մշակեն ու ներկայացնեն ժողովրդին։ Պետությունները, երկրներն ուժեղ են առաջին հերթին իրենց գաղափարախոսությամբ։

Հրապարակված ծրագրային դրույթները ընթացիկ քայլեր են, արտառոց ոչինչ չկա։ Այն, ինչ հիմա ցանկանում ենք ունենալ, ոչ վաղ անցյալում ունեցել ենք. հիշենք Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության արդյունաբերական, գիտատեխնիկական, կրթական, առողջապահական պոտենցիալը։ Եթե մեզ հաջողվի վերականգնել մեր մեղքով կորցրածը, նկատի ունեմ մեր այն ժամանակվա կառավարիչների թեթեւ ձեռքով կորցրածը, եւ զարգանալ ժամանակի պահանջներին համահունչ, դա արդեն կլինի ձեռքբերում։

Ու չեմ հոգնի նորից կրկնվել՝ այդ ամենի համար մեզ պետք է առաջնորդ, որի աշխատաոճը նման կլինի Կարեն Դեմիրճյանի ոճին, կունենա նրա նման մարդկային որակներ եւ կկառուցի սոցիալիստական սոցիալ-տնտեսական համակարգ։ Ես կոմունիստ չեմ եղել, հիացած չեմ այդ գաղափարախոսությամբ, բայց անգամ Եվրոպայում սոցիալիստական սոցիալ-տնտեսական համակարգն է գերիշխող։ Չինաստանի օրինակը նայեք։ Դրանից խուսափել պետք չէ։ Սոցիալիստական սոցիալ-տնտեսական համակարգի պարագայում պետության դերակատարումն է մեծանում, որը մեզ մոտ գոյություն չունի։

-Կարծում եք, որ Սամվել Կարապետյանը կարո՞ղ է Կարեն Դեմիրճյանի «կոստյումը» հագնել։

-Ոչ թե կարող է, այլ պարտավոր է, եթե նա ուզում է, որ ժողովուրդն իրեն առաջնորդ, լիդեր ընդունի։ Համոզված եմ, եթե հարցում անցկացնենք, թե վերջին 50 տարվա ղեկավարներից ո՞ւմ են առաջնահերթություն տալիս, 60-70 տոկոսը Կարեն Դեմիրճյանին կնշեն։ Երիտասարդներն, իհարկե, տեղյակ չեն, չեն ապրել այդ ժամանակներում, բայց դե մենք Տիգրան Մեծի ժամանակ էլ չենք ապրել. միեւնույն է՝ նա մեր պատմության մեջ մնում է անգերազանցելի, ազգային հպարտություն։

Այնպես որ, եթե ուզում են ժողովրդին մոտիվացնել, ժողովրդի ձայնը ստանալ, պետք է շատ իրատեսական քայլեր անեն եւ ես դրանք ցանկանում եմ տեսնել այն ուժից, որը ձեւավորվում է Սամվել Կարապետյանի անվան շուրջ։ Ու բնավ կարեւոր չէ՝ Սամվել Կարապետյանը վարչապետ կդառնա՞, թե՝ ոչ։ Մեզ այս պահին առավելապես ազգային առաջնորդ է պետք, իսկ վարչապետ՝ ով ասես կարող է լինել. Նիկոլն ասաց, որ մենք երեք միլիոն վարչապետ ունենք եւ այդպես էլ կա, եթե Նիկոլը կարողացել է վարչապետ լինել, մյուսներն ինչո՞ւ չեն կարող։ Բայց մեզ պետք է մի ուժ, մի առաջնորդ, որը կհամախմբի եւ այս վիճակից դուրս կբերի ժողովրդին եւ երկիրը։

Հիմա շատերն են կրկնում Կարեն Դեմիրճյանի միտքը, որ փոսի մեջ ենք։ Մի առիթով զրույցի ժամանակ, «փոսի մեջ» լինելու եւ այնտեղից դուրս գալու մասով Կարեն Դեմիրճյանը պատկերավոր ասաց. «Մութ ճանապարհով, մի խումբ մարդկանցով տեղ են գնում ու չեն նկատում եւ ընկնում են փոսը։ Հիմա պետք է փոսից դուրս գալ, դա է փրկությունը։ Ինչպե՞ս պետք է անել»։ Ասաց. «Մեզ նման «ախմախ» մարդիկ կսկսեն վիճել, իրար մեղադրել այդ վիճակի համար, քաշքշել իրար եւ հավերժ կմնան փոսի մեջ։ Իսկ խելացի մարդիկ կհասկանան, որ փոսը շատ խորն է, ոչ ոք ինքնուրույն չի կարող դուրս գալ, ուստի կկանգնեն իրար վրա, մեկին կհանեն փոսից, որ նա հետո սկսի մյուսներին հանել»։ Մենք հիմա այդ մեխանիզմը պետք է աշխատեցնենք։ Ես կուզեմ, որ այդ մեկի դերակատարումն իր վրա վերցնի Սամվել Կարապետյանը։ Մենք սիրով կկանգնենք նրա կողքին, մանավանդ որ, գիտենք, թե ի՞նչ է պետք անել, այս վիճակից դուրս գալու համար։

Ոչ ոք իրավունք չունի այս ճակատագրական պահին երկրի նկատմամբ դրսեւորել կամայական եւ անպատասխանատու վերաբերմունք, առավել եւս՝ Սամվել Կարապետյանը։

Զրույցը՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
10.04.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930