Ֆրանսահայ օպերային «Երգեր եւ մեղեդիներ» համերգաշարի մենակատարն է
Ապրիլի 10-ի երեկոյան «Գաֆեսճյան» կենտրոնում կբացվի դասական երաժշտության «Երգեր եւ մեղեդիներ» համերգաշարը, որի մենակատարն է երիտասարդ ֆրանսահայ օպերային երգչուհի Մարի Մյուլլեր-Սիմոնյանը: Հնչելու են Շտրաուսի, Ռավելի, Պուլենկի ստեղծագործություններից, նվագակցելու է դաշնակահարուհի Հասմիկ Անտոնյանը: Կատարվելու են վոկալ արվեստի խորապես զգայական եւ փիլիսոփայական ստեղծագործություններ, որոնք հազվադեպ են հնչում Հայաստանում, այնպես որ, համերգն արվեստասերի համար կդառնա այդ ստեղծագործությունների հետ հաղորդակցվելու բացառիկ հնարավորություն` մանավանդ շնորհալի ֆրանսահայ սոպրանոյի կատարմամբ:
Համերգին հնչելիք Մորիս Ռավելի «Շեհերազադեն» արեւելյան երազանքի եւ ֆրանսիական իմպրեսիոնիզմի նուրբ համադրություն է` լի գունային հարստությամբ, պատկերային նրբությամբ եւ զգայական խորությամբ: Լուի Արագոնի բանաստեղծությունների հիման վրա Ֆրանսիս Պուլենկի երկու ստեղծագործությունները սիրո, կարոտի եւ զգացմունքների հուզական եւ ճշմարիտ փոխանցումն են երաժշտությամբ, որոնք երգչուհին կնվիրի հանդիսատեսին: Երեկոյի ավարտին կհնչի Պուչինիի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ հատված օպերայից, որն իր նրբագեղությամբ ու թեթեւությամբ երեկոն կդարձնի հիշվող:
Մարի Մյուլլեր-Սիմոնյանը 2024 թվականին արժանացել է Վիեննայի հեղինակավոր Բեթհովենի միջազգային մրցույթի առաջին մրցանակին: 2023 թվականից նա նաեւ Երեւանի ազգային օպերայի երիտասարդ արտիտների ծրագրի մենակատար է` Լեւոն Ջավադյանի ղեկավարությամբ: Խոստումնալից երգչուհին համարվում է նոր սերնդի նշանակալից ձայներից մեկն օպերային արվեստում:
Մարի Մյուլլեր- Սիմոնյանը մեծացել է պահանջկոտ երաժշտական միջավայրում` նա փարիզաբնակ երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանի դուստրն է, երգեհոնի ուսուցումը սկսել է Բուլոն Բիրնկուրի տարածաշրջանային կոնսերվատորիայում, այնտեղ ուսանել 10 տարի, զուգահեռաբար Փարիզի կոնսերվատորիայում դասական երգեցողություն ուսումնասիրելով: 9 տարեկանից նա աշխատել է հայտնի մեցցո-սոպրանո Գիմետ Լորանի ղեկավարությամբ: 2019 թվականին ստացել է երգեհոնահարի դիպլոմ` գերազանցությամբ, նաեւ արժանացել Հայաստանի մշակույթի նախարարության հատուկ մրցանակին:
Մարի Մյուլլեր-Սիմոնյանը նաեւ լավ դաշնակահարուհի է: Իր առաջին օպերային դերը` Ամուրի կերպարը Գլյուկի «Օրփեոս եւ Եվրիդիկե» օպերայում ստացել է 9 տարեկանում, այնուհետեւ մի շարք կարեւոր դերերգեր ունեցել, իսկ վերջին դերը ստանձնել է Երեւանի օպերայում, 2025 թվականին` Մյուզետան Պուչինիի «Բոհեմ» օպերայում:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
10.04.2026

















































