Մենք փնտրում ենք ոչ թե մարդկանց, այլ այն, ինչ նրանք թաքցրել են
«Հետաքննում է դետեկտիվը» շարքում ներկայացված պատմությունները Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանի եւ Հայաստանի միակ պաշտոնապես գրանցված մասնավոր դետեկտիվ կազմակերպության՝ «Gabrielyan & Partners Detective Bureau»-ի հետաքննված իրական դեպքերի հիման վրա են։ «Առավոտն» ամեն ուրբաթ ներկայացնում է դետեկտիվի արտառոց բացահայտումները:
Ամանորյա տոներից հետո առաջին աշխատանքային օրն էր եւ գրասենյակում համակարգիչներով պատասխանում էինք շնորհավորանքներին: Դուռն առանց թակելու գրասենյակ մտան երկու կին:
Նունեն ու Մարիամը քսան տարվա ընկերուհիներ էին։ Ամեն օր միասին՝ նույն գրասենյակում, նույն սեղանի շուրջ։ Բայց հիմա նրանք նստած էին իմ դիմաց որպես երկու կոտրված կին, որոնց միավորում էր ընդհանուր վիշտը. Նրանցից յուրաքանչյուրին խաբել էր սիրելի տղամարդը:
Կարդացեք նաև
– Պարոն Գաբրիելյան… մեր կյանքը կործանված է, – շշնջաց Նունեն։- Մենք երկուսս էլ սիրեցինք, հավատացինք, ու երկուսիս էլ թալանեցին։
Ես միացրի ձայնագրիչը։
Նունեի լեգենդը. Նրա կյանք էր մտել Արթուրը՝ ռուսական ???-ի գնդապետ։ Լուռ, խիստ, սակավախոս։ Նա խուսափում էր լուսանկարվելուց՝ պատճառաբանելով աշխատանքի գաղտնիությունը։ Միշտ հանդիպում էին Նունեի տանը: Երբեք ռեստորան կամ սրճարան չէին հաճախել միասին: Նա գիշերները հաճախ էր անհետանում՝ «տագնապ է Գյումրու բազայում»։
Վերջում Արթուրը շտապ կանխիկ գումար էր խնդրել «գեներալի կոչման» մաղարիչի համար, եւ Նունեն գրավ էր դրել բնակարանը։ Արթուրը խոստացել էր գեներալի կոչումը կնշեն իենց ամուսնության օրը: Նաեւ խնդրել էր մինչեւ իրենց ամուսնությունը ոչ ոքի չասել իր գոյության մասին:
Մարիամի լեգենդը. նրա ընտրյալը Դավիթն էր՝ քրեական աշխարհում ազդեցիկ հեղինակություն։ Վտանգավոր կյանքով ապրող, բայց «արդարամիտ»։ Հանդիպում էին միայն գիշերները։ Բացառապես Մարիամի տանը: Դավիթն էլ նկարներ չուներ։ Նա խնդրել էր Մարիամին իրենց կապը պահել գաղտնի, քանի որ շատ թշնամիներ ունի եւ չի ցանկանա վնասել Մարիամին:
Մի օր նա հայտարարել էր, թե «զոնում ախպերության համար» շտապ փող է պետք։ Մարիամը սպառողական վարկեր էր վերցրել։ Դավիթը խոստացել էր պարտքը վերադարձնելու օրը նվիրել մի լավ ադամանդյա մատանի, որպես շնորհակալություն ախպերությունից:
Մենք ունեինք միայն մեկ թել՝ «Արթուրին» վերջին անգամ տեսել էր Նունեն՝ իրենց շենքի տակի խանութի մոտ։
Գիշերը մենք խանութում էինք։ Տեսախցիկի արձանագրած կադրերը զննելիս, վերջապես գտանք նրան։ Կադրում ակնհայտ պրոֆեսիոնալ էր, ֆիքսելով տեսախցիկները՝ գլուխը կախ էր պահում եւ երբեք չէր նայում դեպի տեսախցիկները։ Բայց մի պահ Նունեին հրաժեշտ տալիս հայացքը բարձրացրեց դեպի վեր ու կադրում երեւաց կես դեմք՝ սպիտակած ձախ հոնքի վրա սպիով։
Այդ կադրը հնարավորինս մաքրելով հատուկ ծրագրերով ու ներմուծելով դեմքի նույնականացման լավագույն համակարգերից մեկում մենք գտանք նրա 17 տարվա վաղեմության, հավանաբար մոռացված «Վկոնտակտեի» պրոֆիլը։
Անունը՝ Արտակ։ Ոչ գնդապետ։ Ոչ մաֆիոզ։ Մի սովորական մարդ:
Մարդ, որը չուներ որեւէ գրանցված աշխատանք, բիզնես գործունեություն ու ամենակարեւորը՝ Հայաստանում որեւէ հասցեում հաշվառված չէր, չուներ մշտական բնակության վայր: Նա Ռուսաստանի քաղաքացի էր:
Նրա վերաբերյալ Ռուսաստանում կային բավականին շատ դատական գործեր՝ պարտքերի ու բռնագանձումների մասով: Նաեւ մեկ քրեական գործ իր հետ ապրող կնոջ տունը թալանելու մասով: Երեք տարի կալանք էր կրել ՌԴ բանտերից մեկում:
Ունենալով նրա տվյալները՝ մենք սկսեցինք քանդել նրա թվային հետքը։
Նա, ինչպես եւ բոլոր խարդախները, չափազանց խելացի էր սովորական հեռախոսազանգեր անելու եւ հեշտությամբ բռնվելու համար։ Նա օգտագործում էր Telegram։
Մենք կարողացանք ֆիքսել նրա համացանցային ակտիվությունն ու IP հասցեների տեղորոշումը։
Պատկերը ահավոր էր իր ցինիզմով։
Ուրբաթ երեկոյան՝ ժամը 22: 00 սահմաններում, «Արթուրի» Telegram պրոֆիլը ակտիվ էր Նունեի շենքի IP տիրույթում։ Իսկ ժամը 01:30-ին, նույն սմարթֆոնից մուտք էին գործել «Դավիթի» պրոֆիլ, բայց արդեն Մարիամի թաղամասի ցանցից։
Բացի այդ, մենք հայտնաբերեցինք, որ Արտակի կողմից օգտագործվող «Արթուրի» Telegram պրոֆիլն ունի ակտիվ օգտահաշիվ հայտնի օնլայն կազինոներից մեկում, իսկ որպես բանկ նշված էր կիպրոսյան բանկերից մեկի տվյալները:
Արդեն մեզ համար պարզ էր՝ նա խարդախ ու խաղամոլ էր: Սակայն պետք էր այդ ամենը փաստարկել ու հիմնավորել: Մեզ օգնության հասան կիպրոսյան գործընկերները եւ տեղեկացրեցին, որ իրենց հարցմանն ի պատասխան՝ բանկը տրամադրել է վերջին երկու փոխանցումների մասին տեղեկատվություն։
Նոյեմբերի 14, ժամը 10:00 – Մուտքագրվել է 15,000 դոլար (Նունեի վարկ վերցնելու հաջորդ օրը)։
Նոյեմբերի 16, ժամը 17:30 – Մուտքագրվել է եւս 11,000 դոլար (Մարիամի վարկ վերցնելու օրը)։
Չկար ոչ Արթուր, ոչ Դավիթ։ Կար մեկ դերասան, խարդախ ու խաղամոլ, ով օգտագործում էր մի ընկերուհու մոտ ասած սուտը որպես մյուսի մոտ գնալու ալիբի։
Ամենակարեւոր փաստը՝ Դավիթի անունով բացված Telegram օգտահաշիվը բացված էր Արտակի անվամբ գրանցված ռուսական օպերատորներից մեկի հեռախոսահամարով:
Ամփոփելով առկա ապացույցները՝ նրանց հրավիրեցինք գրասենյակ ու սեղանին դրեցի Արտակի լուսանկարը։
– Ճանաչո՞ւմ եք նրան։
Նունեի աչքերը լցվեցին. -Սա Արթուրն է։ Սա նրա սպին է…
Մարիամը առաջ ընկավ, գույնը կտրուկ փախավ դեմքից.
-Ի՞նչ Արթուր… Նունե, սա իմ Դավիթն է։
Գրասենյակում մի հինգ րոպե տիրեց ականջներ խցանող լռություն։ Քսան տարվա ընկերուհիներ նույն սենյակում աշխատելով, մեկ մարդու կողմից մանիպուլացվել էին։
Նրանց ներկայացրած քեյսում առկա էին դասական խարդախների կողմից կիրառվող 4 հիմնական բաղադրիչները:
1. Անստուգելի լեգենդ. Եթե տղամարդու կյանքը հիշեցնում է լրտեսական կամ քրեական ֆիլմ՝ վտանգներ, գաղտնիքներ, անհավանական պատմություններ, դա ռոմանտիկա չէ։ Դա նախապես կառուցված ալիբի է՝ ապագա հակասությունները, անհետացումները եւ ստերը արդարացնելու համար։
2. Թվային ուրվական. Նա, ով հրաժարվում է ֆիքսվել սիրելի կնոջ կյանքում (համատեղ լուսանկարներ, բաց սոցցանցեր, հանրային վայրեր այցեր), ուղղակի իրեն պահում է որպես թվային ուրվական, որպեսզի անհրաժեշտ պահին անհետանա առանց հետքի։
3. Ինֆորմացիոն մեկուսացում. Խաբեբան գիտակցված ձեւով կտրում է սիրելի կնոջն արտաքին կապերից՝ արգելելով կիսվել հարաբերությամբ ընկերների կամ ընտանիքի հետ։ Սա վերահսկման մեխանիզմ է։ Ցանկացած խաչաձեւ տեղեկատվություն (օրինակ՝ Նունեի ու Մարիամի պարզ զրույցը) միանգամից կփլուզեր նրա կառուցած կեղծ սցենարը։
4. «Սիրո ֆոնին շտապ փրկության» օպերացիան. Անհապաղ ֆինանսական օգնության պահանջը կամ խնդրանքը (շտապ պետք է փող, թե չէ կձերբակալեն կամ կսպանեն տիպի պատմությունները) պատահական չի։ Սա սցենարի վերջին փուլն է՝ հոգեբանական ճնշման միջոցով արագ գումար ստանալու համար։ Ժամանակ չեն տալիս մտածելու՝ միայն արձագանքելու։
Եթե Նունեն ու Մարիամը կիսվեին միմյանց հետ իրենց «սիրային հաջողություններով», հաստատ Արտակի մոտ չէր ստացվի խաբել նրանց:
Երբ մենք պարզեցինք ամեն ինչ, Արտակն արդեն լքել էր Հայաստանը։ Բայց խարդախները կանգ առնել չգիտեն։ Նրանց պետք է փողը, նրանց պետք է խաղի ընթացքը եւ նոր զոհեր:
Կանայք համապատասխան ընթացակարգով, մեր օգնությամբ դիմում ներկայացրեցին Ռուսաստանի իրավապահ մարմիններ, որպեսզի Արտակի հանդեպ նախաձեռնվի քրեական վարույթ խարդախության հիմքերով:
Նունեն ու Մարիամն այրվում էին վրեժի ծարավով: Նրանց հետաքրքիր չէր գումարը, նրանց պետք էր պատժել հոգիներ կոտրած սրիկային:
Կապվեցինք մեր Մոսկվայի գործընկերների հետ եւ խնդրեցինք նաեւ նրանց աջակցությունը գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու համար:
20 օր էր անցել եւ մենք զբաղվում էինք մեր առօրյայով: Զանգ ստացա Մոսկվայի գործընկերոջիցս՝ Իվանից: Նա հայտնեց ուրախալի լուրը:
Մոսկվայի ծայրամասերից մեկում գտնվող ընդհատակյա խաղատանն իրականացված գործողության ընթացքում ձերբակալվել էր նաեւ Արտակը:
Իվանն ինձ էլփոստով ուղարկեց մի քանի լուսանկար:
Նունեին ու Մարիամին հրավիրեցի գրասենյակ եւ նրանց դիմաց դրեցի լուսանկարներն արված ընդհատակյա խաղատանը ռեյդի ժամանակ։
Այն մարդը, ով ներկայանում էր որպես հզոր ու անպարտելի, հիմա կեղտոտ հատակին պառկած էր ձեռնաշղթաներով, սարսափած աչքերով նայելով տեսախցիկին։ Նրա կողքին՝ սեղանին, ցրված էին այս երկու կանանց շորթված գումարներով գնված ռուլետկայի վերջին ժետոնները։
Գրասենյակում չկար հաղթանակի ճիչ։ Փողն անվերադարձ կորել էր: Կանացի հոգիները խաբված ու կոտրված էին: Նրանք լուռ հեկեկում էին ու ողբում այն տղամարդկանց կորստի համար, որոնք իրականում երբեք գոյություն չէին ունեցել։
Նունեն կամաց մեկնեց ձեռքն ու բռնեց ընկերուհու ձեռքը։ Մարիամը ամուր փաթաթվեց նրան:
Խարդախները երբեք դուռ չեն կոտրում։ Նրանք տեսնում են ձեր հոգու դատարկ անկյունը եւ լցնում են այն պատրանքով։ Ու մնում են այնքան ժամանակ, մինչեւ դու ինքդ ես վառում լույսն ու բացում աչքերդ։
Բայց երբ բացում ես, արդեն ուշ է լինում։
Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.04.2026

















































