Սահմանները հաճախ ընկալվում են որպես պատմական հիշողության, քաղաքական հույզերի կամ քարտեզային վեճերի դաշտ։ Սակայն իրական աշխարհում սահմանները չեն գործում որպես գաղափարներ. դրանք գործում են որպես հաշվարկներ, և այդ հաշվարկների հիմքում միշտ նույն գործոնն է՝ քաղաքական կամ տնտեսական շահը։ Սահմանների բաց կամ փակ լինելը երբեք չի որոշվում միայն մեկ երկրի կամ մեկ ղեկավարի կամքով։ Այն ձևավորվում է տարածաշրջանային ուժերի փոխազդեցության արդյունքում, որտեղ յուրաքանչյուր դերակատար փորձում է առավելագույնի հասցնել իր ռազմավարական օգուտը և նվազեցնել իր ռիսկերը։
Այս համատեքստում, երբ երկրի ղեկավարը քաղաքական խոսույթում օգտագործում է Խորհրդային Հայաստանի քարտեզը՝ որպես խորհրդանշական հղում, դա ներկայացվում է որպես «իրատեսական սահմանների» ընդունում։ Այս մոտեցման տրամաբանությունը պարզ է՝ սահմանափակվել միջազգայնորեն ճանաչված տարածքով, նվազեցնել տարածքային անորոշությունները և ստեղծել կանխատեսելի միջավայր արտաքին հարաբերությունների կարգավորման համար։ Բայց միջազգային հարաբերությունների իրականությունը շատ ավելի բարդ է, քան քարտեզային ինքնասահմանափակումը։ Քանի դեռ մյուս դերակատարների համար գոյություն ունեն շահեր, որոնք կապված են սահմանների փակ լինելու կամ վերահսկվող բաց լինելու հետ, միայն Հայաստանի դիրքորոշման փոփոխությունը բավարար չէ համակարգը փոխելու համար։
Տարածաշրջանային հիմնական խաղացողներից յուրաքանչյուրը գործում է իր ռազմավարական հաշվարկով։ Թուրքիայի համար հայ–թուրքական սահմանը միայն տնտեսական հարց չէ։ Այն նաև տարածաշրջանային ազդեցության գործիք է։ Բաց սահմանը կարող է բերել առևտրի աճի և կապերի ընդլայնման, սակայն փակ սահմանը պահպանվում է որպես քաղաքական լծակ, որը թույլ է տալիս կարգավորել ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում և պահպանել ազդեցությունը հարակից գործընթացների վրա։
Ադրբեջանի համար սահմանային կարգավորումները երկար ժամանակ եղել են ռազմավարական ճնշման մեխանիզմ։ Նույնիսկ ներկայիս փուլում, երբ ուժային հարաբերակցությունը զգալիորեն փոխվել է, վերահսկվող հաղորդակցային ուղիները և սահմանային ռեժիմների տարբերակված կիրառումը պահպանում են բանակցային առավելություն և քաղաքական ազդեցության հնարավորություն։ Այդ պատճառով ցանկացած բացում դիտարկվում է ոչ թե միայն որպես տնտեսական գործընթաց, այլ նաև որպես ազդեցության վերաբաշխում և դրա շարունակում։
Կարդացեք նաև
Ամենից համակարգային գործոնը Ռուսաստանի դիրքավորումն է։ Հարավային Կովկասում ռուսական ռազմավարությունը երկար ժամանակ կառուցվել է ոչ թե լիարժեք բացության, այլ վերահսկվող փոխկախվածության վրա։ Փակ կամ կիսափակ սահմանները թույլ են տալիս պահպանել միջնորդի դեր, վերահսկել տարածաշրջանային կապերի ուղղությունները և սահմանափակել արտաքին ինտեգրման արագությունը։ Այս իմաստով փակ սահմանները ոչ թե համակարգի խափանում են, այլ դրա աշխատանքի մեխանիզմ։
Այս ամբողջ համակարգում խորհրդանշական նշանակություն է ստանում նաև խորհրդային քարտեզի կիրառումը՝ որպես քաղաքական լեզու։ Այն, ինչ ներկայացվում է որպես «իրատեսական սահմանների» ընդունում, հաճախ արտաքին դիտարկման մեջ ընկալվում է որպես ինքնասահմանափակում։ Սակայն միջազգային համակարգում ինքնասահմանափակումը չի երաշխավորում փոխադարձ համարժեք արձագանք, այլ պարզապես փոխում է բանակցային մեկնակետը՝ հաճախ նվազեցնելով սուբյեկտի ազդեցության տարածքը։
Տարածաշրջանային հաղորդակցությունների իրական տնտեսագիտությունը հասկանալու համար կարևոր է նաև ենթակառուցվածքային վերահսկողության գործոնը։ Հայաստանի երկաթուղային համակարգը կառավարվում է Հարավկովկասյան երկաթուղու միջոցով, որը կոնցեսիոն հիմքով կապված է Ռուսական երկաթուղիների հետ։ Այս փաստը ձևավորում է իրավիճակ, որտեղ ենթակառուցվածքը գտնվում է ազգային տարածքում, սակայն կառավարման և ներդրումային տրամաբանությունը՝ արտաքին ազդեցության դաշտում։ Այս կառուցվածքը ինքնին չի բացառում տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը, հակառակը՝ տեխնիկապես կարող է հեշտացնել ինտեգրացիոն գործընթացները՝ համակարգերի որոշակի միասնականացման պատճառով։ Սակայն այստեղ առանցքայինը ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական տրամաբանությունն է։
Ռոլան ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

















































