Մինչեւ մեկ շաբաթ առաջ իշխանությունների, նրանց սպասարկող «արեւմտամետների» եւ հ/կ-ների սիրված խոսքն էր «հիբրիդային պատերազմը», որը Ռուսաստանը վարում է մեր երկրի դեմ՝ Փաշինյանի վերարտադրությանը խոչընդոտելու համար: Այդ լեգենդի տակ ԵՄ-ն իշխանություններին 12 միլիոն եվրո է տվել: Հավանաբար, դրանք «ռեալիզացնելու» համար նույն հ/կ-ները «փաստերի ստուգումներ» են անցկացնում եւ բացահայտում, թե ինչպես են չարամիտ կրեմլյան քարոզիչները սուտ լուրեր տարածում ինքնիշխանության ու ժողովրդավարության փարոս հանդիսացող հայրենի կառավարության եւ նրա ներկայացուցիչների դեմ: Գլխավոր հետախույզ Քրիստինե Գրիգորյանը համապատասխան զեկույցներ էր գրում ու ՔՊ (հ/կ) ոճով ելույթներ էր ունենում «հիբրիդայինի» թեմայով:
Եվ հանկարծ ապրիլի 1-ին Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցից հետո այդ խոսակցությունները հիմնականում ավարտվեցին: Թե ինչու դա տեղի ունեցավ, կարելի է միայն ենթադրություններ անել: Ենթադրությունները հիմնականում երեքն են: 1/ Տիկին Գրիգորյանի՝ Կրեմլում ծվարած գործակալները (այսպես ասած՝ «հայկական Շտիրլիցները») այլեւս չեն զեկուցում նրան՝ այնտեղ Հայաստանի դեմ հյուսվող դավադրությունների մասին: 2/ Փաշինյանը Պուտինից պահանջել է վերջ տալ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմին՝ սպառնալով դուրս գալ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից, եւ ՌԴ նախագահը, վախենալով իր երկրի համար այդ աղետալի հեռանկարից, համապատասխան հրահանգ է տվել իր գործակալներին: 3/ Պուտինն է Փաշինյանին խնդրել «հիբրիդային պատերազմի» մասին քիչ խոսել։
Փաստը մնում է փաստ՝ «հիբրիդային» փուչիկն, ի վերջո, պայթելու է: Ինչպես «Սաշիկի 50/50-ը» (չնայած նախընտրական կոնյունկտուրայից ելնելով, կփորձեն մի փոքր վերաթարմացնել), ինչպես «Գեներալ Մանվելի տուշոնկան»:
Ինչպես TRIPP-ը, որովհետեւ ի սկզբանե պարզ էր, որ Իրանի հետ սահմանին ամերիկյան «օբյեկտ» կառուցելը, մեղմ ասած, վիճահարույց է: Ինչպես «Վենսի 9 միլիարդ ներդրումները»:
Կարդացեք նաև
Ինչպես «ամերիկյան մոդուլային ատոմակայանը»: Ինչպես Ակադեմիական քաղաքը: Ինչպես Աջափնյակի մետրոյի կայարանը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

















































