Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունները շահագրգիռ են, որ գույքի գները թանկանան, ու ամեն բան անում են դրա համար». «Հրապարակ»

Ապրիլ 11,2026 10:05 Share

Արդյո՞ք ներկայիս աշխարհաքաղաքական լարված իրավիճակը կանդրադառնա անշարժ գույքի շուկայի վրա: Իրանական պատերազմի առաջին օրվանից խոսակցություններ են տարածվում, թե տների գները Հայաստանում բարձրանում են, որ 80 մլն բնակչություն ունեցող Իրանից, նաեւ՝ Լիբանանից, փախստականների հոսք է սպասվում, ինչի հետեւանքով կավելանա անշարժ գույքի պահանջարկը: Վիճակագրությունը եւս հաստատում է այդ միտումը: Ըստ այդմ, դեռ պատերազմից առաջ, տարեսկզբից անշարժ գույքի հայաստանյան շուկայում օտարերկրացիների ակտիվություն էր նկատվում: Հունվարին օտարերկրացիների իրականացրած գործարքները կազմել են 126 միավոր, ինչը նախորդ տարվա համեմատ 9 տոկոսով ավելի է: Մեր անշարժ գույքի հիմնական գնորդները ռուսներն են, որոնք 126-ից 109 գործարք են իրականացրել, երկրորդ տեղում ԱՄՆ քաղաքացիներն են՝ 9 գործարք:

Իրանցիների ակտիվություն առայժմ չի նկատվել: Ըստ անշարժ գույքի «Կալիբրի» գործակալության տնօրեն Ռուստամ Գրիգորյանի, գների բարձրացում շուկայում նկատվում է, սակայն չի կարելի միանշանակ ասել, որ դա պայմանավորված է Իրանի շուրջ պատերազմի հետեւանքներով: «Այլ գործոններ էլ կան, օրինակ, բնականոն պահանջարկը: Օտարերկրացիների գնումներն ընդհանուր գործարքներում այնքան էլ մեծ չեն, 3-4 տոկոս են կազմում»,- ասում է նա:

Շինարարության տեմպերն ավելացել են, ըստ փետրվարի պաշտոնական վիճակագրության, 20,5 տոկոսով շինարարության ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է, բայց պահանջարկի այս ավելացումն ինչո՞ւ չի անդրադառնում գների վրա:

Ըստ «Կալիբրիի» տնօրենի, շինարարության ծավալների աճը չի անդրադարձել երեւանյան գների վրա: «Եկամտային հարկը Երեւանից դուրս եկավ, այդ աճը, հավանաբար, մարզերի հաշվին է: Կենտրոնական բանկը եւ Կադաստրի կոմիտեն հրապարակել են իրենց եռամսյա վերլուծությունները, եւ, ըստ դրանց, մոտավորապես 5 տոկոսի աճ կա անշարժ գույքի շուկայում: Գների այս աճն արդեն զգացվում է»:

Անշարժ գույքի գծով փորձագետ Կարապետ Հովհաննիսյանը հակառակն է պնդում: Ըստ նրա, անշարժ գույքի շուկայում թանկացումներն արհեստական են, բազմաթիվ նորակառույց գույքեր չեն վաճառվում: «Շատ վաճառողներ այս պահին գներն իջեցնում են ու, միեւնույն է, գնորդ չեն էլ գտնում։ Իսկ խաղացող վերավաճառողներն իշխանությունների ասեղն են թելում։ Իշխանությունները շահագրգիռ են, որ գույքի գները թանկանան, ու ամեն բան անում են դրա համար, ինչ ծրագիր ասես, որ չեն հորինում։ Իրականում, բանկերում վարկ վերցնող չկա, եւ շատ-շատ տխուր վիճակ է»,- ասում է նա։ Հիմնական խաղացողների թվում նա նաեւ իշխանությանն է հաշվում: «Շուկայի հիմնական մասնակիցները` իշխանություններ, կառուցապատողներ, բանկեր, վերավաճառողներ, շահագրգռված են, որ անշարժ գույքը թանկանա, որպեսզի նորակառույց անշարժ գույքը չլճանա, պետությունն ընտրություններից առաջ տնտեսական ցնցումներ չունենա, սրան գումարած՝ ՀՆԱ-ի աճի հաշվին անընդհատ պարտք է բերում, որպեսզի բանկերը չգնան սնանկության»: Գործոններից մեկն էլ ագահությունն է: «Դա մարդկային բնույթն է»:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930