Նիկոլ Փաշինյանի աջակիցներից կազմված հայտնի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան․ հայտնում են Ադրբեջանի ԶԼՄ-ները։
«2026 թվականի ապրիլի 10-12-ը Ադրբեջանում կկայանա Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հաջորդ երկկողմանի կլոր սեղանի քննարկումը՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում:
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը շարունակում է խթանել երկխոսությունը եւ անմիջական փոխազդեցությունը Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ։ Ըստ APA-ի, այս անգամ հայկական պատվիրակությունն Ադրբեջան է ժամանել ցամաքային սահմանով, հատել է սահմանազատված հատվածը եւ անցել սահմանային եւ անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերը»,- գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով թեմայի մասին, նկատում է. «Երկու կողմերի որեւէ երկխոսություն, եթե չի արտացոլում հասարակությունների դիրքորոշումը, եթե իրական խնդիրները չեն վերհանվում, եթե այդ երկխոսությունների արդյունքում որեւէ արդյունքի կողմերը չեն հասնում, եթե Ադրբեջանի հռետորաբանությունը չի փոխվում, ապա դա նշանակում է, որ այս ամենը զուտ ցուցադրական պրոցես է, որովհետեւ այդ հանդիպումներին մենք տեսնում ենք բացառապես իշխանամետ եւ իշխանությունների կողմից վերահսկվող շրջանակների, որոնք անհարմար հարցեր երբեք չեն հնչեցնի եւ, առհասարակ, չեն բարձրաձայնի այն հարցերը, որոնք իսկապես հետաքրքրում են մեր հանրությանը: Երկու կողմից էլ խաղաղության օրակարգը իշխանություններն իրենց «մոնոպոլիայի» տակ են վերցրել եւ տպավորություն են ուզում ստեղծել, թե իբրեւ երկու կողմերի երկխոսությունը եւ խաղաղության օրակարգը միայն իրենք կարող են ապահովել եւ, առհասարակ, խոսել խաղաղության մասին: Ինչ վերաբերում է այս հանդիպումներին, ապա դրանք անարդյունավետ են: Երբ հայկական կողմի ներկայացուցիչներին հարց են տալիս, թե ինչու չի փոխվում Ադրբեջանի հռետորաբանությունը, նրանք պատասխանում են, որ ցանկանում են ընդհանրություններ գտնել, այլ ոչ թե հակասություններ, բայց ի՞նչ անկեղծ երկխոսություն կարող է լինել մի պետության հետ, որը զավթողական քաղաքականություն է վարում քո դեմ: Առհասարակ, ինչի՞ մասին են այդ հանդիպումները: Բուռն գործունեության իմիտացիա են ստեղծում, որը ո՛չ խաղաղության մասին է, ո՛չ էլ հաշտության: Ադրբեջանական կողմը խնդիր ունի՝ արտաքին աշխարհին ցույց տալու, որ պատրաստ են երկխոսություն սկսել Հայաստանի հետ, որ, տեսեք-տեսեք՝ մենք փորձում ենք հայերի հետ լեզու գտնել, բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը հարձակում է գործում եւ արդարանում, որ հայերն էին մեղավոր»:
Կարդացեք նաև
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

















































