«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկ Շիրակի մարզում, այսօր Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարները խորապես ցավալի և ցնցող են։ Զոհերի թվում կան նաև երեխաներ…
Այսպիսի դեպքերը ստիպում են գիտակցել՝ որքան փխրուն է մարդկային կյանքը ճանապարհին և որքան մեծ է մեր յուրաքանչյուրի պատասխանատվությունը ղեկին։
Ճանապարհին արագության գերազանցումը ցանկացած պարագայում չի արդարացնում արագ տեղ հասնելու չհիմնավորված մտածելակերպը, բայց մեծացնում է պատահարի հավանականությունը։
Կարդացեք նաև
Վարորդական կուլտուրան և փոխադարձ հարգանքը ճանապարհին ոչ թե պարզապես վարքականոններ են, այլ խիստ պարտականություն։
Առանձնահատուկ կարևորություն ունի երեխաների փոխադրումը։ Նրանք պետք է տեղափոխվեն միայն անվտանգ և համապատասխան մանկական նստատեղերով, ամրագրված անվտանգության գոտիներով։ Յուրաքանչյուր ծնող և վարորդ պարտավոր է գիտակցել, որ նույնիսկ փոքր անփութությունը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ։
Ակնհայտ է իհարկե, որ ոչ բոլոր դեպքերում է մեղավորը միայն վարորդը կամ հետիոտնը․ մեծ է նաև ճանապարհների անվտանգության մակարդակի դերը։
Անհրաժեշտ գծանշումները, պատշաճ լուսավորությունը և արդյունավետ վերահսկողությունը այն նվազագույն պայմաններն են, որոնք կարող են էապես նվազեցնել դժբախտ պատահարների թիվը։
Անվտանգ ճանապարհների կառուցումը, արկածախնդրության բացառումը և սթափ վարքագիծը մեր և մեր հարազատների կյանքի ու անվտանգության ապահովման պարտադիր պահանջներն են։
Այս անդառնալի ողբերգությունները թող զգոնության կոչ լինեն բոլորիս համար:

















































