«Պարոն Փաշինյա′ն, ինձ հետաքրքրում է՝ ՞ոնց եք կարծում՝ ՀՀ-ում ուժեղ, դուխով կամ հպարտ քաղաքացի մնացե՞լ է բացի ձեր ղեկավար անձնակազմից»,- Տաշիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց քաղաքացիներից մեկը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները «ուրախ ավտոբուսով» շրջում են Տաշիրով, Ստեփանավանով, Վանաձորով, Սպիտակով, Ապարանով։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց քաղաքացու հարցին՝ իհարկե, լիքը, օրինակ՝ Դուք։ Քաղաքացին հակադարձեց․ «Ես վաբշե դուխով չեմ ու արդեն հպարտ էլ չեմ։ Ես իմ երկրում, քաղաքում դուխով ու հպարտ եմ, բայց դրսերը ոչ դուխով եմ ոչ հպարտ»։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց՝ դրսերն ի՞նչ կապ ունի, ես մեր երկրի պատասխանատուն եմ։ Քաղաքացին ի պատասխան մտահոգություն հայտնեց․ «Երկրից դուրս ես գալիս, ոչ դուխով ես, ոչ հպարտ, որովհետև մնացածն արդեն դուխովացել ու հպարտացել են։ Ու էդ ժամանակավոր խաղաղությունը, որ բերել եք մեզ ու ասում եք՝ կապված է Ձեր անձի հետ, որովհետև բազմիցս հայտարարել եք, որ Դուք չլինեք, պատերազմ կլինի, արդյոք մեզ տենց խաղաղություն պե՞տք է։ Աստված ոչ արացսե՝ Ձեզ մի բան լինի, էլ խաղաղություն չի լինի՞։ Դրա համար ամեն օր աղոթում եմ, որ բան չլինի Ձեզ։ Էս գնով խաղաղությունը նորմա՞լ է»։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան դրսում դուխով լինելու՝ քաղացու հայտարարություններին, ասաց․ «Ամեն քաղաքացի դուխով ու հպարտ պետք է լինի իր երկրում։ Մնացած երկրներում մենք հյուրի կարգավիճակով ենք, և դուխով ու հպարտ լինելու՝ շատ լուրջ սահմանափակում ունենք։ Մեկը գա ստեղ ուրիշ երկրից, իրեն դուխով ու հպարտ պահի, դուր կգա՞ Ձեզ»։ Քաղաքացին կրկին հակադարձեց՝ լավ էլ գալիս, պահում են՝ պարսիկները, հնդիկները։ Նոր տարվա գիշերը Երևանում միայն իրենք են եղել։ Փաշինյանն էլ վստահեցրեց՝ ես էլ եմ եղել Հանրապետության հրապարակում, 90 տոկոսը ՀՀ քաղաքացիներ են եղել։
Այնուհետև ասաց՝ ընտրություններին հանդես են գալիս «Տեր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով, ուստի մարդկանց ասում են, որ խաղաղությունը ոչ թե իրենից ու իր թիմից է կախված, այլ ժողովրդից․ «Ժողովուրդն այս ընտրություններում խաղաղության՝ իր կամքը պետք է ցույց տա՝ հանդես գալով խաղաղության ծրագրով հանդես եկող ուժերի օգտին։ Էն ուժերը, որոնք ասում են 29743 կմ տարածքով չպետք է բանակցենք, այդ ուժերի հաղթանակը նշանակում է կոնֆլիկտ, պատերազմ։ Այն ուժերը, որոնք հանդես են գալիս ՀՀ-ի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս քարտեզներով, այդ ուժերի՝ իշխանության գալը նշանակում է կոնֆլիկտ ու պատերազմ»։
Քաղաքացին էլ՝ որպես համեմատություն ասաց․ «Եթե ամեն օր ինձ ծեծեք, ու դրանից հետո սկսեմ ամեն ինչ տալ, պարզ է՝ ինձ էլ չեք ծեծի»։ Նիկոլ Փաշինյանը կրկին հիշեց Շվեյկին․ «Եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քեռի կասի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































