Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցներին ընդունել է Հիքմեթ Հաջիևը

Ապրիլ 11,2026 16:08 Share

2026 թվականի ապրիլի 10-12-ը Ադրբեջանի Գաբալա քաղաքում, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում, տեղի ունեցավ երկկողմ կլոր սեղան, որին մասնակցում էին Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Հանդիպումը համախմբել էր երկու երկրների հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներին։

Հայկական պատվիրակությունը Ադրբեջան է ժամանել ցամաքային սահմանով՝ անցնելով պաշտոնապես սահմանազատված և սահմանագծված հատվածով և անցնելով սահմանային ու անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերը։ Սահմանի այս հատումն, ինքնին,հերթական խորհրդանշական քայլն էր «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության կողմից՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների միջև վստահության ամրապնդման միջոցների ձեռնարկմանը։

Երկու օրվա ընթացքում տեղի ունեցան քննարկումների չորս նիստեր։ Մասնակիցներն անդրադարձան Հարավային Կովկասում և դրա շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներին և խաղաղության գործընթացի վրա դրանց ազդեցությանը։ Ադրբեջանցի և հայ փորձագետները նաև մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան դիրքորոշումների և տեսլականների շուրջ։

Նախքան երկկողմ երկխոսության մեկնարկը, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ներկայացուցիչները հանդիպումներ և քննարկումներ էին անցկացրել իրենց երկրների քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի հետ՝ խաղաղության գործընթացի վերաբերյալ հանրային սպասելիքներն ու ընկալումներն ավելի լավ հասկանալու նպատակով։ Առանձին նիստի ընթացքում նախաձեռնության մասնակիցները ներկայացրին այդ հանդիպումների արդյունքները՝ վեր հանելով իրենց հասարակությունների ներսում առկա հիմնական մտահոգությունները, սպասելիքներն ու տեսակետները։

Հաշվի առնելով հանրային այդ սպասելիքները՝ մասնակիցները եզրափակիչ նիստը նվիրեցին խաղաղության գործընթացի հաջորդ փուլերում իրականացվելիք համատեղ և անհատական հետագա քայլերի շուրջ մտքերի փոխանակմանը։

Ապրիլի 11-ին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության չորրորդ երկկողմ կլոր սեղանի մասնակիցներին ընդունեց Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ Քննարկման առանցքում էին տարածաշրջանային անվտանգությունը, քաղաքական մակարդակում խաղաղության գործընթացի ընթացքը և քաղաքացիական հասարակության ներդրումը հարաբերությունների կարգավորման գործում։

Երկօրյա երկխոսությունն ավարտվեց մամուլի ասուլիսով, որի ժամանակ ամփոփվեցին չորրորդ հանդիպման արդյունքները։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այս հանդիպումն անցավ կառուցողական երկխոսության և անկեղծ քննարկումների մթնոլորտում՝ վերահաստատելով այն համոզմունքը, որ խաղաղության օրակարգին այլընտրանք չկա։ Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների աջակցությամբ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում կազմակերպված երկխոսության մասնակիցները վերահաստատեցին իրենց մտադրությունը՝ շարունակել համատեղ ջանքերը խաղաղության գործընթացի հաջորդ փուլերում վստահության ամրապնդման ուղղությամբ։

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել