Մեր ձեռքի տակ 44-օրյային առնչվող բացառիկ փաստաթղթեր են հայտնվել ոստիկանների հետ կապված: Դրանք, մասնավորապես, վերաբերում են ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության՝ ավելի քան 100 աշխատակիցներին, որոնք ռազմական դրության պայմաններում Արցախ մեկնելուց հետո զինվորական ծառայությունից հրաժարվել են, բայց արդյունքում ազատվել են քրեական հետապնդումից:
Համապատասխան որոշման մեջ նշվում է, որ նրանք 2020 թվականի հոկտեմբերի 4-ին մեկնել են ԱՀ Հադրութի շրջանի Մեխակավան գյուղ՝ մարտական գործողություններին մասնակցելու նպատակով, սակայն հոկտեմբերի 7-ին խմբով հրաժարվել են զինվորական ծառայության առանձին՝ ԱՀ-ում տեղի ունեցող մարտական գործողություններին մասնակցելու պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ:
Բացի այս, տեղեկացվում է, որ հասնելով մատնանշված վայր, նրանք տեղակայվել են բլուրների վրա՝ ըստ գումարտակների և վաշտերի դասավորվել ուղիղ գծով 4-5 կմ երկարությամբ և սկսել փորել կիսաավեր խրամատները, որոնք եղել են 40-50 սմ խորությամբ ու միայն պառկած դիրքում կարող էին չնկատվել հակառակորդի կողմից: Ինչպես նշվում է, նրանք 2 օր մնացել են այդ տեղանքում՝ անձրևով լցված խրամատներում, առանց որևէ կոնտակտային մարտական գործողության մասնակցելու, այդ օրերին վերջացել է նաև նրանց սնունդը, ոչ մի հրահանգ չի ստացվել, ոչ էլ օժանդակ ուժեր են բերվել:
Կարդացեք նաև
Այն, ինչ նկարագրվում է այստեղ, հաստատում է այն պնդումները, որ պատերազմի օրերին կարևոր ուղղություններում կատարյալ բարդակ է տիրել, կամ՝ կազմակերպված անկազմակերպվածություն, և դեռ զարմանում ենք, որ պարտվել ենք պատերազմում: Մյուս կողմից՝ նման դեպքերն առավել են ընդգծում 18-20 տարեկան զինվորների հերոսությունը, բանակի սպաների, հրամանատարության: Եվ ոչինչ, որ Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը դասալքություն ասելով՝ հիմնականում բանակին և զինվորականությանն են նկատի ունենում:
Իհարկե, այստեղ հանուն արդարության պետք է նշել, որ 44-օրյա պատերազմում Ոստիկանությունը տվել է ավելի քան 4 տասնյակ զոհ, և նրանց մեջ հերոսական կռիվ տվողներ են նաև եղել:
Իսկ մեր ձեռքում բացառիկ փաստաթղթեր են հայտնվել նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության տարբեր քրեակատարողական հիմնարկների մոտ 200 ծառայողների վերաբերյալ, որոնք հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի հոկտեմբերին, երբ Արցախում պատերազմ էր, զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով ծառայության համար վստահված զենքով ինքնակամ թողել են իրենց վստահված մարտական դիրքերը, վերադարձել զորամասեր, հանձնել զենքերը՝ հրաժարվելով մեկնել առաջնագիծ, բայց ավելի ուշ ազատվել են քրեական հետապնդումից:
Նշենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին այդ ժամանակ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի մասնակցությամբ տեղի էր ունեցել ՔԿԾ կամավորական համահավաք վաշտի՝ ռազմաճակատ ճանապարհելու միջոցառումը։
Բադասյանը ողջույնի խոսքում նշել էր. «Մենք գործ ունենք պանթուրքական նոր ծրագրի հետ, գործ ունենք պատերազմական գործողություններում ահաբեկիչ վարձկանների ներգրավման հետ, որոնք դեմ են առել քաջարի հայ զինվորի հաղթական դիմադրությանը: Վստահ եմ նաև, որ բոլորդ գիտակցում եք՝ մեր հայրենիքի ապագան միայն մեր ձեռքերում է, և միայն մենք ենք կարողանալու մեր հայրենիքը պաշտպանել թշնամուց»:
Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը բարձր էր գնահատել համակարգի նվիրյալների՝ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին զինվորագրվելու ցանկությունը և համոզմունք հայտնել, որ բոլորը վերադառնալու են հաղթանակած, և բոլորի անունները ոսկե տառերով են գրվելու ծառայության պատմության մեջ:
Ի դեպ, հիշեցնենք, որ մենք գրել էինք նաև պատերազմի ժամանակ Տավուշում պայմանագրայինների ճանապարհը փակելու մասին, այս փաստով մեղադրվողներ կային:
Ավելի ուշ տեղեկություն էր ստացվել նաև, որ 3-րդ բանակային կորպուսի 18 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել, պատերազմի օրերին ողջ կազմով հրաժարվել էին մեկնել Արցախ: Տեղեկություններ կան, որ նրանցից ևս կան արդարացվողներ, բայց սա առանձին քննարկման նյութ է:
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում





















































