Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին․ Հայաստանի իշխանությունների կողմից հետևողական և կոշտ դիրքորոշման բացակայությունը միայն խորացնում է անպատժելիության մթնոլորտը

Ապրիլ 12,2026 10:20 Share

Սոցիալական ցանցերի մոնիթորինգը հաստատեց հերթական մշակութային ոչնչացման փաստը․ օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին՝ Հայ Առաքելական Եկեղեցու տաճարը, որը կառուցվել էր 2007 թվականին։ Եկեղեցու հիմնարկեքը տեղի էր ունեցել 2005 թվականի սեպտեմբերին և ավարտվել 2007 թվականի սկզբին՝ ամերիկահայ բարերար Ներսես Եփրեմյանի աջակցությամբ, ի հիշատակ նրա որդու՝ Հակոբ Եփրեմյանի։

Այս եկեղեցին կառուցվել էր Արցախի Հանրապետության մայրաքաղաքի հավատացյալների հոգևոր կարիքները հոգալու համար՝ շարունակելով Արցախում դարերով ձևավորված քրիստոնեական ներկայության ավանդույթը։ Դեռևս 19-րդ դարի վերջից Ստեփանակերտում գործել է միանավ ծխական եկեղեցի, որը խորհրդայնացումից հետո վերածվել է մշակույթի տան, իսկ 1950-ականներին վերակառուցվել՝ Ստեփանակերտի պետական հայկական դրամատիկական թատրոնի։

Այսօր մենք ականատես ենք ոչ միայն շինության ոչնչացմանը։ Սա Ադրբեջանի կողմից իրականացվող հետևողական պետական քաղաքականության մի մասն է՝ ուղղված հայկական ներկայության, հիշողության և հենց Հայրենիքի ջնջմանը օկուպացված տարածքներում։ Ոչնչացվում են ոչ միայն հուշարձաններ, այլև ժողովրդի կապը իր պատմական հողի հետ։

Մենք դիմում ենք միջազգային կառույցներին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրոպայի խորհրդին, ՄԱԿ-ին՝ հստակ գնահատական տալու տեղի ունեցողին և ձեռնարկելու գործուն քայլեր մշակութային ժառանգության հետագա ոչնչացումը կանխելու համար։

Լռությունը այսօր դառնում է հանցակցության ձև։

Միաժամանակ չենք կարող չարձանագրել, որ Հայաստանի իշխանությունների կողմից մշակութային ժառանգության պաշտպանության և բռնի տեղահանված բնակչության իրավունքների հարցում հետևողական և կոշտ դիրքորոշման բացակայությունը միայն խորացնում է անպատժելիության մթնոլորտը և խրախուսում նոր հանցագործություններ։

Հայրենիքի ջնջումը հանցագործություն է ոչ միայն մեկ ժողովրդի, այլև ողջ մարդկության դեմ։
Մենք հիշում ենք։ Եվ շարունակելու ենք վկայել։

ԱՐՑԱԽԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930