«Ճիշտն ասած, ինձ համար ամենահիշվող Աշոտ Նավասարդյանը ոչ թե խորհրդարանում էր կամ ՀՀԿ գրասենյակում՝ հարցազրույց տալիս, այլ «Էրեբունի» օդանավակայանում: 1992-ի գարունն էր՝ Աշոտն իր ընկերների հետ պատրաստվում էր ուղղաթիռով մեկնել ռազմաճակատ: Զինվորական համազգեստով էր, ինքնաձիգը՝ ձեռքին: Ուժեղ էր, ինքնավստահ, հպարտ: Եվ՝ ուրախ․․․»:
Արամ Աբրահամյան
29․ 03․ 2005թ․
Նույն պետական գործիչ Աշոտ Նավասարդյանի անվան Երևանի թիվ 196 հիմնական դպրոցում ավանդույթ է դարձել «Նավասարդյանական ասպետ» մրցույթ-խաղը՝ 5-րդ դասարանցիների մասնակցությամբ։
Կարդացեք նաև
Մեր ժողովրդի լավագույն զավակներից Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրվան նվիրված մրցույթ-խաղը և իր անվան կրթօջախում անցկացնելը նախաձեռնել է նույն դպրոցի տնօրենի տեղակալ Աննա Դավթյանը 2016 թվականին։
Քաղաքական, պետական գործիչ, ՀՀԿ հիմնադիր-նախագահ Աշոտ Նավասարդյանը ծնվել է 1950թ․ մարտի 28-ին։ Ազգային միացյալ կուսակցության անդամն ազգային ազատագրական ու անկախության գաղափարների համար ԽՍՀԱ տարածքում համարվել էր այլախոհ, երեք անգամ կալանավորվել և ընդհանուր դատապարտվել 17 տարվա ազատազրկման ու 5 տարի աքսորի։
Կալանավայրերում անց է կացրել շուրջ 12 տարի, այդ թվում՝ 7 տարի բանտային և հատուկ ռեժիմի պայմաններում։ Վերադառնալով աքսորից՝ 1989թ․ «Ազգային ինքնորոշում միավորում» կազմակերպության խորհրդի անդամների հետ հիմնադրել ու ղեկավարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը։ Մինչև մահը, մեծ աշխատանքներ է կատարել նորանկախ հայրենիքի կայացման շեմին։ Սրտի իշեմիկ հիվանդության պատճառով մահացել է 03․ 11․ 1997թ․, 47 տարեկանում։
Մրցույթ-խաղին մասնակից եղան դպրոցում գործող 7 հինգերորդ դասարաների աշակերտները՝ յուրաքանչյուր թիմում՝ 6 հոգի։ Թիմերը կոչվում էին հայ արքայական տոհմերի անուններով։ Երվանդունիներ արքայական տոհմի անունը կրում էր 5-րդ Ա դասարանը՝ դասղեկ Հասմիկ Ղազարյան։ Մասնակիցներ՝ Ալեն Մանուկյան, Գոհար Քցյան, Նարե Կիրակոսյան, Դավիթ Կարապետյան, Էվա Պետրոսյան և Ռոբերտ Հակոբյան։
Արտաշեսյանների տոհմը ներկայացնում էր Իրինա Գրիգորյանի 5-րդ Զ դասարանը՝ Աշոտ Մանուկյան, Ինգա Սարգսյան, Ռուզաննա Հովսեփյան, Մհեր Ալեքսանյան, Նատալի Գրիգորյան և Մարինա Քուրդօղլյան։
Արշակունիներ անունով հանդես եկավ 5-րդ Դ դասարանը՝ դասղեկ Արփի Ասրյան, մասնակիցներ՝ Հասմիկ Հայրապետյան, Արիանա Բաբայան, Գագիկ Մարգարյան, Ավետիք Չոլոյան, Նարեկ Կոշտոյան և Սամվել Ավուշյան։
Հայոց Բագրատունի աշքայական տոհմը ներկայացրեցին Աշոտ Նավասարդյանի դստեր Արուսյակ Նավասարդյանի դասարանի սաները՝ Մարկ Մարգարյանը, Միկա Ստեփանյանը, Մարիա Օհանյանը, Արեգ Լեո Գրիգորյանը Արինա Հայրապետյանը և Լինա Փարեմուզյանը։
Կիլիկյան Հայաստանի 2 արքայական տոհմերից Ռուբինյանների անունով հանդես եկան Ռեգինա Մարգարյանի 5-րդ Գ դասարանի սաները՝ Ալեքս Սիրականյանը, Միքայել Պեպանյանը, Արտակ Գալստյանը, Վարդուհի Բաղիյանը, Գրիգոր Հայրապետյանը և Միքայել Ճշմարիտյանը։
Հեթումյան տոհմի հետնորդները Կ․ Ավետիսյանի 5-րդ Ե դասարանցիներն էին՝ Նելլի Արաբաջյան, Կարինա Բարոյան, Խաչատուր Խաչատրյան, Արեգ Հայրումյան, Նատալի Հովսեփյան և Քրիստիան Մելիքյան։
5-րդ Բ դասարանը կոչվում էր օրվա հերոսի՝ Աշոտ Նավասարդյանի անունով՝ «Նավասարդյանականներ»։ Իր դասարանից Մարգարիտա Ղազարյանը թիմի կազմ էր վերցրել Աշոտ Ավետիսյանին, Գայանե Ասրյանին, Արսեն Հովսեփյանին, Սեդա Գալստյանին, Էլիզա Խաչատուրյանին և Ռաֆայել Միրզոյանին։
Մրցույթ-խաղը վարեց նախաձեռնող ու հեղինակ Աննա Դավթյանը։ Սկզբում Ա․ Դավթյանն անդրադարձավ արդեն ավանդույթ դարձած մրցույթ-խաղի 10-ամյա պատմությանը՝ տեղեկացնելով, դահլիճում ներկա է մրցույթի առաջին մասնակիցներից՝ Ա․ Նավասարդյանի թոռնուհին, տատի Ա․ Նավասարդյանի կնոջ՝ Հասմիկ Նավասարդյանի ուղեկցությամբ։
Հանձնախմբի կազմում էին մրցույթի հարցերի հեղինակները՝ դպրոցի ուսուցիչներ։ Թիվ 196 հիմնական դպրոցը տնօրինում է Ա․ Նավասարդյանի ավագ դուստրը՝ Անուշ Նավասրդյանը, ով նաև մրցույթ-խաղի հանձնախմբի նախագահն էր։ Խաղը բաղկացած է վեց ոլորտից՝ «Աշոտ Նավասարդյան», «Կերպարվեստ», «Երաժշտություն», «Մայրենի», «Սպորտ» և «Իմ հայրենիք»: ՀՀ Օրհներգը հնչելուց հետո սկսվեց մրցույթը, որն անցավ բավականին աշխույժ, լարված։
Աշակերտները հատկապես լավ էին պատասխանում «Աշոտ Նավասարդյան» և «Իմ հայրենիք» ոլորտների հարցերին։ Մոտ 3 ժամ տևած մրցույթ-խաղն անցավ, ինչպես հնչեց դահլիճում՝ խելքի, մտքի, գիտելիքի, անխախտ հավատի և հաղթանակի շնչով։ Հաղթանակի, որին շատ էին ուզում հասնել մասնակից դպրոցականները։ Դպրոցի ֆեսբուքյան էջում ասված է․ «Արդար, ազնիվ ասպետական սերունդն է երջանիկ կյանքի երաշխավորը, Հայաստան աշխարհի և հայի հարատևման առհավատչյան: Արդեն ավանդույթ դարձած «Նավասարդյանական ասպետ» խաղ-մրցույթը բացի գիտելիքի դրսևորումից, իր մեջ անսահման հուզմունք, սեր, հավատ, հույս և լույս է ամփոփում, որը յուրատեսակ հարգանքի տուրք է բոլոր նրանց, ովքեր ապրեցին, չվախեցան, պայքարեցին ու նահատակվեցին հանուն հայրենյաց և հանուն արդարի»:
Մրցույթ-խաղի վերջնամարտում բոլոր թիմերը հաղթեցին․ կարևորը՝ լավ էին պատասխանում հարցերին։ Յուրաքանչյուր աշակերտ պատասխանատու էր մի ոլորտի համար, սակայն կարևորվում էր ընդհանուր կարծիքը, միասնական միտքը։ Ինչպես ընդունված է մրցույթ-խաղի վերջում, երբ ամփոփվում են արդյունքները, դպրոցականներին իր մայրական օրհնանքն է տալիս Ա․ Նավասարդյանի կինը՝ Հ․ Նավասարդյանը, ով մշտապես եղել է ամուսնու աջակիցը, գաղափարակիցը, տարիներով սպասել է նրա վերադարձին։ Իր խորհուրդը տվեց նաև աշակերտների ծնողներին, ովքեր ներկա էին և հետևում էին իրենց երեխաների խաղին։ Իր սաներին շնորհավորեց ու բարին մաղթեց կրթօջախի տնօրեն Ա․ նավասարդյանը։ Կայացավ հիշարժան ևս մեկ միջոցառում, որի մասին դեռ շատ կհիշեն հատկապես մասնակից դպրոցականները, ովքեր «Կողքինդ ո՞վ է» հարցին արդեն գիտեն պատասխանել․ «Ես եմ․․․»։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ








































































