«Ազատություն Դավիթ Մինասյանին», «Վաղը քեզ հետ նույնը կլինի», «ՀՀ քաղաքացին անպաշտպան է», «Թույլ տվեք հանգիստ աղոթել եկեղեցում» բովանդակությամբ պաստառներով այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ի պաշտպանություն դպրոցական Դավիթ Մինասյանի՝ լուռ բողոքի ցույց անցկացրեցին «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական շարժման երիտասարդները։
«ՀայաՔվե» քաղաքացիական շարժման խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը լրագրողներին ասաց, որ այսօրվա լուռ ակցիային մասնակցելու համար Երեւան են եկել երիտասարդներ տարբեր մարզերից, որպեսզի իրենց աջակցությունը հայտնեն Դավիթին։
«Երիտասարդները շատ մտահոգ են այս հարցով եւ փորձում են իրենց ձայնը բարձրացնել՝ բոլորս Դավիթ ենք, բոլորս այս պահին անազատության մեջ ենք։ Այս ակցիայի նպատակն այն է, որ հասարակությանը համախմբենք ու փորձենք պայքարել Դավիթի անազատության համար, քանի որ Դավիթը ոչ մի մեղք չի գործել։ Նա փորձել է մասնակցել պատարագին, եւ այդ գեղեցիկ օրն իրենց ընտանիքի համար վերածել են դժոխային օրվա։ Հիմա Դավիթը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, եւ մենք պետք է մեր աջակցությունը հայտնենք Դավիթի ընտանիքին, կանգնենք նրանց կողքին եւ փորձենք ազդեցություն ունենալ որոշումների վրա»,- ասաց Սայիդա Պողոսյանը։
Կարդացեք նաև
«ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական շարժման վարչության անդամ Արամ Պետրոսյանն էլ նշեց, որ այս ակցիան խորհրդանշում է այն, որ Հայաստանում խոսքի ու կարծիք հայտնելու ազատություն չկա։ «Թուրքական ջարդերի ժամանակ շատ հայեր փորձել են եկեղեցում իրենց կյանքը փրկել, բայց չի ստացվել։ Նույնը հիմա է՝ դու կարող ես գտնվել եկեղեցում, խաղաղ կանգնած լինել, բայց գան քեզ հրեն, հետո հայտնվես բանտում, հաշվի չառնեն ոչ քո տարիքը, ոչ առողջական վիճակը»,- ասաց Պետրոսյանը։
Նա նշեց, որ Դավիթի փոխարեն կարող է լինել յուրաքանչյուրը։ «Մարդ, ով կարող է սեփական եկեղեցին պղծել, սեփական հայրենիքից հրաժարվել հանուն նրա, որ պաշտպանի իր աթոռը, կարծում եմ, նրա ու նրա թիմակիցների գնահատականը հարիր չէ մեր նման մարդկանց»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ էր եղել։ Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։ 3 անձ ձերբակալվել էին՝ դպրոցահասակ եղբայրներ՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները և Գևորգ Գևորգյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

























































