«Հայաստանի իշխանությունները թշնամու հետ համատեղ պայքարում են հայկական ինքնության դեմ` թիրախավորված է Հայ Առաքելական եկեղեցին։ Այն, որ ասում են՝ եկեղեցին խառնվում է քաղաքականությանը, նման բան չկա, եկեղեցին պարզապես պաշտպանում է պետության հիմքերը եւ մեր ժողովրդի իրավունքները»,- Փարիզում Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ եթե Հայ Առաքելական եկեղեցին, լոբբիստական կազմակերպությունները միջազգային հարթակներում խոսում են Արցախ վերադառնալու մասին, Արցախում պատմամշակութային ժառանգության ոչնչացման խնդրի մասին, սա քաղաքականությանը խառնվել չէ։ Սա ժողովրդի ինքնության հիմքերը պահելու կարեւոր քայլ է։ «Երբ ասում են՝ Սփյուռքն ի՞նչ գործ ունի Հայաստանի գործերին խառնվի, եկեղեցին ի՞նչ գործ ունի խառնվի, բա լավ, էս ժողովրդի ով է լուծելու»,- ասաց նա։
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ այս խորհրդաժողովում կարեւոր առաջարկներ են հնչել, բայց դրանք մնալու են թղթի վրա, որովհետեւ Հայաստանում կա հակահայկական ռեժիմ։ «Եվ եթե էդ ռեժիմի հարցը չենք լուծում, մեր բոլոր նախաձեռնությունները հենց սենց են մնալու»,- հավելեց նա։
Ըստ նրա՝ Հայ դատի գրասենյակները, աշխարհասփյուռ տարբեր կազմակերպություններ մեծ ջանքեր են գործադրում Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների վերադարձի հարցով։ Բայց արդյունք չկա, որովհետեւ պետությունը դրա դեմ է գործում։ «Արցախահայերի վերադարձի իրավունք, պայքարում ենք գիշեր-ցերեկ այդ հարցը միջազգային հարթակ վերադարձնելու համար։ Չկա արդյունք, որովհետեւ պետությունը դրա դեմ է աշխատում։ Պետք է հավատանք, որ, այո, հունիսի 7-ի ընտրությունը հնարավորություն է, հավատանք մեր ուժին, մեկտեղենք մեր ջանքերը, էս խնդիրը ուծենք, եւ դրանից հետո կկտրենք այս զիջումների շղթան, բեկում կմտցնենք ու կվերադառնանք ռազմավարական մեծ ծրագրին, որ ստիպված չլինենք խոսել մեր ինքնության պահպանման մասին»,- հավելել է նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































