Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլ չեմ ուզում խրտվիլակ լինել, ուզում եմ մարդ դառնալ»․ յուրօրինակ ներկայացում՝ Գյումրիում

Ապրիլ 12,2026 21:25 Share

Գյումրու Հայորդյաց տանը «Փոփոխությունների թատրոնի» կողմից բեմադրվեց իր տեսակով յուրօրինակ` ինտերակտիվ  ներկայացում՝ «Ագռավաձորը»,  որը տղամարդու ու կնոջ իրավունքների ու պարտականությունների մասին  քարացած պատկերացումներին վերջ դնելու, հայ կնոջ կրթություն ստանալու, գյուղական համայնքը զարգացնելու գործում կարևոր դերակատար դառնալու ուղերձ էր։

Այս ներկայացումը բեմադրվում էր առաջին անգամ՝ «Փոփոխությունների թատրոնի», «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի  ու ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի  հետ համագործակցությամբ՝  «ԵՄ-ն  հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի շրջանակում։

Առանցքում մի կարևոր հարց էր․ թույլատրե՞լ  Ագռավաձոր գյուղի բնակչուհի, ագռավներին քշելու համար որպես խրտվիլակ աշխատող երիտասարդ կնոջը՝ Խրտվիլակ Նազիկին գնալ  քաղաք՝ կրթություն ստանալ ու վերադառնալ գյուղ, ներդրում կատարել․ անասնապահական բիզնես հիմնել, թե՞ կտրականապես դեմ  լինել զարգացման ձգտում ունեցող կնոջ որոշմանը։

Դերասաններին՝ Ագռավաձորի գյուղապետին, Նազիկին, նրա ամուսնուն՝ Խրտվիլակ Սեթոյին, զոքանչին մարմնավորող կերպարները կարողացան  ներկայացումը վերածել ակտիվ քննարկման  ու տեսակետների բախման՝ որպես դերակատարներ ընդգրկելով նաև դահլիճում նստածներին։ Նրանցից ամեն մեկը յուրովի էր պատկերացնում հանգուցալուծումը։

Ներկայացման  գլխավոր ասելիքը շարադրված էր երազանք ունեցող երիտասարդ կնոջ հետևյալ խոսքերում․ «Էլ չեմ ուզում խրտվիլակ լինել, ուզում եմ մարդ դառնալ»։

Խրտվիլակ աշխատող կնոջ հրաժարականի դիմումը քննվեց գյուղապետարանում, գյուղապետի այն հարցին, թե «մարդավարի ասա՝ ի՞նչ ես ուզում», հաջորդեց կնոջ հեգնանքը․ «Պարոն գյուղապետ, որ մարդ չենք, ի՞նչ ձևի մարդավարի ասեմ»։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ներկայացման նպատակը ցույց տալն է, թե ինչպես սեռով պայմանավորված՝ կանայք շատ հաճախ զրկվում են իրենց անձնական կյանքը ճիշտ կազմակերպելու ու մասնագիտական կարողությունները զարգացնելու և համայնքի համար որպես կարողունակ, մարդկային ռեսուրս ծառայելու հնարավորությունից։

Ըստ նրա,  իրենց աշխատանքային  գործունեությունը ցույց է տալիս, որ կարծրատիպային մտածողությունն ավելի շատ փոքր քաղաքային  համայնքներում է և գյուղական բնակավայրերում, և այս դեպքում ասելիքը շրջիկ թատրոնի միջոցով տեղ հասցնելը շատ ավելի արդյունավետ է։

Մեր զրուցակցի կարծիքով, թատրոնի միջոցով զգայուն այս թեման մատուցելն ու լսարանի հետ քննարկելը ավելի լրջորեն խորհելու տեղիք է տալիս, քան ասենք դասախոսությունները։

«Այսօրվա ներկայացումը լոկ ներկայացում չէ,  սա հնարավորություն է տալիս լսարանին մասնակից դառնալ և ունենալ իրենց տեսակետները և սցենարում կատարել փոփոխություն՝ իրենց պատկերացրած ճիշտ տարբերակն առաջարկելով։ Չնայած  լսարանում տարբեր մտածողությամբ, տարբեր տարիքի անձինք էին, այնուամենայնիվ մի ընդհանուր մոտեցում կար բոլորի մոտ՝ թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց, այո՛, կինը պետք է ստանա կրթություն։

Իսկ ինչո՞ւ նմանատիպ սցենարով ու այս մոտեցմամբ, որովհետև սա ավելի շատ կապված է մարդկանց մտածողության և կրթության հետ․ նմանատիպ հարցերը, որոնք ավելի շատ կարծրատիպային բնույթ են կրում, իրական կյանքում գործողությունների են հանգեցնում։ Դրա համար պետք է հնարավորինս շատ իրազեկել, կրթել, որովհետև նման ձևով միայն կարող ենք կարծրատիպային մտածողությունը փոփոխության ենթարկել։

Այս ներկայացման մեջ հիմնական շեշտադրումը կնոջ թիրախավորված լինելն է և շատ կարևոր է, թե ինչպես է լսարանը  բացասական արձագանքում այն մտածելակերպին, թե կինն ինչո՞ւ պիտի կրթվի, դա անիմաստ է, կամ կինը բացարձակապես չի կարող այլ գործով զբաղվի, բացի կենցաղից ու երեխաների  դաստիարակությունից»,-ասում է Արթուր Նաջարյանը։

«Փոփոխությունների թատրոն» մշակութային հասարակական կազմակերպության դերասան և ռեժիսոր Վահագն Գասպարյանն էլ տեղեկացրեց, որ երկար տարիներ համագործակցում են ՄԱԿ բնակչության հիմնադրամի հետ։

Նրա մեկնաբանմամբ՝ ներկայացումը տղամարդկանց և կանանց իրավահավասարության մասին է։ Ըստ նրա, ներկայացումը ունի նաև այն ուղերձը, որ ընտանիքում երեխաների խնամքը պետք է լինի երկուստեք՝ թե՛ կնոջ և թե՛ տղամարդու ուշադրության կենտրոնում։

«Ներկայացումը տարբերվում է  ավանդական թատրոնի ոճից, այստեղ մենք քանդում ենք չորրորդ պատ հասկացողությունը ու անմիջական շփում ունենք հանդիսատեսի հետ, և ինչպես դուք ականատես  եղաք, աշխույժ են անցնում ներկայացումները, լինում են քննադատություններ, բանավեճեր, բայց այդ ամենը առանց բռնության և, իհարկե, առողջ մթնոլորտում։  Դրան ավելանում են զվարճանքը և ուսուցողական մոտեցումը», -ասաց Վահագն Գասպարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930