Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուլտրավերամշակված» սննդի՝ մեծ չափով օգտագործումը բացասաբար է ազդում կանանց ու տղամարդկանց վերարտադրողական առողջության վրա

Ապրիլ 13,2026 09:30 Share

Կարտոֆիլի չիփսեր, թխվածքներ, սառեցված պիցցա և քաղցր ըմպելիքներ․ ըստ երկու նոր հետազոտությունների՝ այս և նման «ուլտրավերամշակված» մթերքները կարող է խոչընդոտել բազմաթիվ զույգերին ծնող դառնալու երջանկությունը վայելելու հարցում, քանի որ, ինչպես պարզվել է, «ուլտրավերամշակված» անառողջ սնունդը բացասաբար է ազդում մարդու վերարտադրողականության վրա՝ նվազեցնելով երեխա ունենալու հնարավորությունը թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում։

«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ  սննդակարգը, որտեղ շատ քիչ մասնաբաժին են կազմում«ուլտրավերամշակված»մթերքները, լավագույն տարբերակն է զույգերի համար՝ թե իրենց առողջության, թե հղիանալու հավանականության, թե և ապագա երեխայի առողջության տեսանկյունից»,- նշել է հետազոտող բժիշկ Ռոմի Գայյարը։ Նա մանկաբույժ է Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում գտնվող Էրազմուսի համալսարանի բժշկական կենտրոնում։

Մարտի 24-ին Human Reproduction ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ նրա թիմը պարզել է, որ «ուլտրավերամշակված» սննդի մեծ քանակը նվազեցնում է տղամարդկանց վերարտադրողականությունը և կարող է դանդաղեցնել սաղմի աճը հղիության ընթացքում։

Միևնույն ժամանակ, մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ կանայք ավելի մեծ հավանականությամբ են հղիանում, եթե քիչ են օգտագործում «ուլտրավերամշակված» սնունդ։ Այս տվյալները հրապարակվել են Nutrition and Health ամսագրում։

«Սա ցույց է տալիս, որ սննդակարգը կարող է կարևոր և չափելի գործոն լինել՝  կապված կնոջ հղիանալու հնարավորության հետ»,- նշել է հետազոտության առաջատար գիտաշխատողներից մեկը։

«Ուլտրավերամշակված» սնունդը ոչ միայն նպաստում է քաշի ավելացմանը կամ սրտա-մետաբոլիկ հիվանդություններին, այլ նաև ազդում է հորմոնների վրա, դա շատ ավելի լուրջ խնդիր է, որի մասին մարդիկ այնքան էլ տեղեկացված չեն»,- հավելել է նա։

«Ուլտրավերամշակված» սնունդը հիմնականում պատրաստվում է ամբողջական մթերքներից ստացված բաղադրիչներից, ինչպիսիք են հագեցած ճարպերը, օսլան և շաքարը։ Այն նաև պարունակում է բազմաթիվ հավելումներ՝ համը բարելավելու, տեսքը գրավիչ դարձնելու և պահպանման ժամկետը երկարաձգելու համար։ Այդպիսի մթերքներ են փաթեթավորված խմորեղենը, քաղցր փաթիլները նախաճաշի համար, պատրաստի կամ արագ տաքացվող ուտեստները և վերամշակված մսամթերքը։

Հետազոտողների տվյալներով՝ որոշ զարգացած երկրներում «ուլտրավերամշակված» սնունդը կազմում է մարդկանց կողմից ընդունվող օրական կալորիաների մինչև 60%-ը։

Գայյարի հետազոտության մեջ վերլուծվել են Նիդեռլանդներում անցկացված ուսումնասիրության մասնակից 831 կնոջ և 651 տղամարդու տվյալներ։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ «ուլտրավերամշակված» մթերքներով հարուստ սննդակարգը տղամարդկանց շրջանում 63%-ով բարձրացնում է բեղմնավորման հետ կապված դժվարությունների ռիսկը։

Հետազոտողները նաև նկատել են, որ այն կանանց մոտ, որոնք շատ են օգտագործել այսպիսի սնունդ, հղիության 7-րդ շաբաթում սաղմի աճն ու չափերն ավելի ցածր են եղել։

«Մեր ուսումնասիրությունն առաջին անգամ ցույց է տալիս, որ «ուլտրավերամշակված» սննդի օգտագործումը կապված է ինչպես տղամարդկանց և կանանց վերարտադրողական ցուցանիշների, այնպես էլ վաղ սաղմնային զարգացման հետ»,-նշել է Գայյարը։

Երկրորդ հետազոտության շրջանակներում վերլուծվել են ավելի քան 2500 կանանց տվյալներ ԱՄՆ-ից։ Արդյունքները ցույց են տվել, որ «ուլտրավերամշակված» մթերքների շատ օգտագործումը մոտ 68%-ով նվազեցնում է կանանց բեղմնավորման հավանականությունը։

«Այս թեմայով քննարկումները հիմնականում կենտրոնացած են կալորիաների և ճարպակալման վրա, սակայն մեր արդյունքները ցույց են տալիս ավելի բարդ մեխանիզմների առկայություն՝ ներառյալ քիմիական նյութերի ազդեցությունը»,- նշել է գիտաշխատող Անթեա Քրիստոֆորուն։

Մակմաստերի համալսարանի ասպիրանտ Անջելինա Բարիկը հավելել է, որ «ուլտրավերամշակված» սննդում հաճախ կան այնպիսի քիմիական նյութեր, ինչպիսիք են ֆթալատները, բիսֆենոլ A-ն և ակրիլամիդները, որոնք կարող են անցնել սննդի մեջ փաթեթավորումից կամ մշակման ընթացքում օգտագործվող պլաստիկ սարքավորումներից։

«Այս նյութերը հայտնի են հորմոնային խանգարումներ առաջացնելու ունակությամբ, և դա կարող է բացատրել մեր նկատած կապը»,- նշել է նա։

Չնայած դժվար է ամբողջությամբ խուսափել «ուլտրավերամշակված» սննդից, բայց մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում սահմանափակել այն։

«Խոսքը կատարյալ լինելու մասին չէ, այլ այն մասին, որ ուշադրություն դարձնենք սննդի մշակման աստիճանին, ընտրենք բնական վիճակին մոտ մթերքներ և նախապատվություն տանք պարզ բաղադրիչներին»,- ասել է Բարիկը։ «Նույնիսկ այս պարզ փոփոխությունը կարող է նվազեցնել մեզ դեռևս լիովին անհասկանալի վնասակար ազդեցությունները»։

Ինչպես կարող է սննդակարգն ազդել տղամարդկանց և կանանց վերարտադրողական գործառույթների վրա

Սննդի ընտրությունը կարող է մի քանի եղանակներով ազդել վերարտադրողականության վրա։ «Սննդակարգը կարևոր դեր է խաղում հորմոնների արտադրության, ձվաբջիջների և սերմնաբջիջների որակի, ինչպես նաև ընդհանուր վերարտադրողական առողջության մեջ»,- ասել է բժիշկ Դոքինսը, որը չի մասնակցել հետազոտությանը։

«Տղամարդկանց մոտ ցինկը, հակաօքսիդանտները և օգտակար ճարպերը բարելավում են սերմնաբջիջների որակը»,- նշել է նա։ «Կանանց մոտ ֆոլաթթուն, վիտամին D-ն և օմեգա-3 ճարպաթթուները նպաստում են ձվաբջիջների որակին, հորմոնային հավասարակշռությանը և պաշտպանում են դրանք օքսիդատիվ սթրեսից»։

Ուլտրամշակված սննդի՝ ավելի մեծ քանակով օգտագործումը նշանակում է, որ մարդիկ քիչ են օգտագործում ամբողջական մթերքներ, որոնք ապահովում են այս կարևոր սննդանյութերը։ «Այսպիսի սնունդը ոչ միայն առաջացնում է բորբոքում, այլև աղքատ է կարևոր հակաօքսիդանտներով, օրինակ՝ օմեգա-3-ով, որոնք անհրաժեշտ են օքսիդատիվ սթրեսը նվազեցնելու համար»,- ասել է Դոքինսը։ Նրա խոսքով՝ դա կարող է բացասաբար ազդել սերմնաբջիջների ԴՆԹ-ի և ձվաբջիջների որակի վրա։

Դալլասի IVF կլինիկայի վերարտադրողական էնդոկրինոլոգ և գինեկոլոգ Սառա Մուկովսկու խոսքով՝ «ուլտրավերամշակված» սննդում մեծ չափով առկա ռաֆինացված շաքարի ավելցուկային օգտագործումը կարող է հանգեցնել ինսուլինային դիմադրության և հորմոնային խանգարումների։

«Բացի այդ, քրոնիկական բորբոքումը, որը կարող է առաջանալ նման սննդի երկարատև օգտագործումից, կարող է խանգարել սերմնաբջիջների և/կամ ձվաբջիջների զարգացմանը, ինչպես նաև արգանդում ստեղծել ոչ բարենպաստ միջավայր»,- նշում է բժիշկ Մուկովսկին։ Նա նաև հավելում է, որ այսպիսի սնունդը սովորաբար քիչ է պարունակում բջջանյութ, ինչը կարող է վատացնել աղիքների աշխատանքը և ուժեղացնել բորբոքումը՝ առաջացնելով լրացուցիչ խնդիրներ վերարտադրողականության հետ կապված։

Վերջապես, «ուլտրավերամշակված» սնունդը կարող է նպաստել ավելորդ քաշի և ճարպակալման առաջացմանը, «ինչն արագացնում է վերոնշյալ բոլոր գործընթացները»,- ասել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի վերարտադրողական էնդոկրինոլոգ Ալեքս Ռոբլեսը։

Աղբյուրներ՝

Everyday health
Մարդու վերարտադրության և սաղմնաբանության եվրոպական ընկերություն (23 մարտի, 2026 թ.),
Մակմաստերի համալսարան (19 մարտի, 2026 թ.),
Human Reproduction (24 մարտի, 2026 թ.),
Nutrition and Health (19 մարտի, 2026 թ.)։

Պատրաստեց՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930