Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային Երևանի «գարշահոտ» կողմը. ինչո՞ւ է մարզահամերգային համալիրի անցումը մնում անմխիթար

Ապրիլ 14,2026 10:39 Share

Աղբակույտեր, կոտրված զուգարանակոնքեր, գարշահոտություն ու կիսավեր պատեր. սա այն տեսարանն է, որին ամեն օր ականատես են լինում Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր տանող ստորգետնյա անցումից օգտվողները:

Դեռևս 2025թ. հունվարին Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ մարզահամերգային համալիրի ստորգետնյա անցումը բարեկարգելու նպատակով քաղաքապետ Տիգրան Ավինյանի թույլտվությամբ քանդվել են գետնանցումում առկա ինքնակամ շինությունները: Թեև այս հայտարարությունից անցել է ավելի քան մեկ տարի, սակայն բարեկարգման աշխատանքներ այդպես էլ չեն իրականացվել. միայն քանդվել են գիշերակացի կամ այլ նպատակների համար ծառայող շինությունները՝ տարածքը թողնելով անմխիթար վիճակում:

Դեռևս հայտնի չէ, թե երբ կմաքրվի ու կբարեկարգվի գետնանցումը: Երևանի քաղաքապետարանն այս խնդրի վերաբերյալ հարցումն ուղարկել էր Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմին, որտեղից էլ հայտնեցին, որ քաղաքապետարանում ներկայումս քննարկումներ են ընթանում՝ նախագծի պատրաստման շուրջ: Այնուամենայնիվ, աշխատանքների իրականացման համար հստակեցվելիք բյուջեի վերաբերյալ տեղեկատվություն դեռևս առկա չէ:

Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում միջոցառումների ու համերգների պակաս չկա, սակայն այնտեղ հասնելու համար շատերը ստիպված են արագ քայլերով ու շունչը պահած անցնել ստորգետնյա անցումը՝ փորձելով րոպե առաջ ազատվել զազրելի տեսարանից: Նույն իրավիճակն էր նաև ապրիլի 4-ին՝ ՀՀ վարչապետի կազմակերպած «Վարչաբենդ»-ի համերգին:

Ի դեպ՝ այսօր էլ Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի համերգն է, որին, ամենայն հավանականությամբ, կայցելեն նաև օտարերկրյա հյուրեր:

Նշենք, որ Երևանի կենտրոնում բավական մեծ ծավալի շինարարական աշխատանքներ են ընթանում, այդ թվում՝ բարեկարգման նպատակով ամբողջությամբ քանդվում է Ամիրյան փողոցը, որի վիճակը, այնուամենայնիվ, անմխիթար չէր կարելի համարել:

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տեսանյութը նկարվել է ապրիլի 4-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930