Հարցաքննության է հրավիրվել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժին Ստեփանյանը (լուսանկարում). այս մասին Հակակոռուպցիոն դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը։
Նա հավելեց, որ իրավապահները Վերժինե Ստեփանյանին ուղեկցել են Եղեգնաձորի քննչական մարմին։ Նրա հետ այս պահին իր փաստաբանն է. «Մեզ անհայտ հանգամանքներում, անհայտ ու անհասկանալի պատճառներով Վերժինե Ստեփանյանը ուղեկցվել է իրավապահ մարմինների կողմից համապատասխան բաժին և ըստ ամենայնի հարցաքննվում է։ Դեռ չգիտենք ինչի համար։ Նույնը չէ, այլ հանգամանքներ են հավանաբար, բայց մի բան կարող ենք պնդել, որ սա քաղաքական հետապնդում է։
Սա գործող թույլ իշխանությունների կողմից փորձ է մեր կանանց միջոցով փորձել ճնշել մեզ, բայց ես մի վատ նորություն ունեմ նրանց համար՝ մեր կանայք չեն վախենում նման հետապնդումներից, «Ուժեղ Հայաստանը» չի վախենում որևէ հետապնդումից, և մենք սա գնահատում ենք որպես իրենց թուլության հերթական դրսևորում։
Արդեն առիթ ունեցել ենք շեշտել, շեշտում ենք նորից` Հայաստանը բռնապետություն չի դառնալու, Հայաստանը Ադրբեջան չի դառնալու, մենք թույլ չենք տալու։ Այս պահին արձանագրում ենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու կանանց՝ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ իրավական անհասկանալի ու ապօրինի գործընթաց է ընթանում»,–ասաց Մարիաննա Ղահրամանյանը։
Կարդացեք նաև
Երկու կանայք էլ անչափահասների մայրիկներ են. «Գոհար Ղումաշյանը երեք երեխայի մայր է, նրա փոքրը՝ երկու ամսականը չլրացած տղան, հիմա նրան տանը սպասում է, իսկ Վերժինեն երկու անչափահաս երեխայի մայր է»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































