Այսօր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանի գործով դատական նիստում հանրային մեղադրողը միջնորդեց կրկին կալանավորել Արշակ սրբազանին:
Ըստ դատախազի՝ վարչական հսկողություն խափանման միջոցը, որը ներկայումս կիրառված է Արշակ սրբազանի նկատմամբ, չի ապահովում քրեական վարույթի նպատակների իրականացումը:
Նրա խոսքով՝ առկա են օրենքով նախատեսված այնպիսի ռիսկեր, որոնք կարող են չեզոքացվել միայն կալանքի կիրառմամբ: Դատախազը վստահեցրեց՝ Արշակ սրբազանի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու ու ապօրինի միջամտելու ռիսկեր կան:
Կարդացեք նաև
Ըստ հանրային մեղադրողի՝ այս փուլում դեռ չեն հարցաքննվել գործով անցնող կարեւոր անձինք, իսկ Արշակ սրբազանի՝ ազատության մեջ գտնվելն իրական ու բարձր հավանականություն է ստեղծում, որ կազդի այդ անձանց վրա ու քայլեր կանի գործում առկա ապացույցները կեղծելու կամ թաքցնելու ուղղությամբ:
Արշակ սրբազանի պաշտպաններից Արսեն Բաբայանն էլ նկատեց, որ ականատեսն ենք լինում քաղաքական հետապնդման ծայրաստիճան հանգամանքին: Նրա խոսքով՝ դատախազը գիտի, որ կիրառված այլընտրանքային խափանման միջոցն ավելի ծանր խափանման միջոցով փոխարինելու համար պետք է նոր հանգամանք լիներ. «Մինչդեռ ունենք Վերաքննիչ դատարանի դատական ակտ, որ գնահատելով դատախազի բոլոր պնդումները՝ հերքել էր ու փոխել խափանման միջոցը»:
Բաբայանն ասաց, որ տեւական ժամանակ է՝ Արշակ սրբազանն ազատության մեջ է ու չի եղել մի դեպք, մեկ արձանագրում, որ որեւէ եղանակով նա խոչընդոտել է գործի քննությանը. «Չի ներկայացվել որեւէ տվյալ, որը կարող էր օբյեկտիվ դիտորդի մոտ կարծիք ստեղծել, թե Արշակ սրբազանը կարող է խոչընդոտել քննությանը: Արշակ սրբազանը նպատակ էլ չունի որեւէ բան խոչընդոտելու, քանի որ ինքն ընդհանրապես առնչություն չունի այն ամենի հետ, ինչ այստեղ կատարվում է»:
Բաբայանը միջնորդեց վերացնել վարչական հսկողություն խափանման միջոցը ու որեւէ խափանման միջոց չկիրառել: Որովհետեւ, ըստ նրա, 2018-ից սկսած քննվում է այս գործը, ու ապացուցվել է, որ որեւէ ռիսկ ու հիմք գոյություն չունի:
Հիշեցնենք, որ ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Ս.Խ.-ն նախնական համաձայնության է եկել իր անմիջական ենթակայությամբ ծառայող սարկավագ Ս.Տ.-ի և դեռևս չպարզված անձի հետ, ովքեր 2018 թվականի հուլիսի 7-ին, միմյանց փոխլրացնելով, ակցիայի մասնակից Հ.Ա.-ին ապօրինի իրացրել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց՝ հետևյալ եղանակով. Ս.Խ.-ի ցուցումով դիվանատան քարտուղար Ս.Տ.-ն բջջային հեռախոսով լուսանկարել է դիվանատան ընդունարանում կախված՝ Հ.Ա.-ին պատկանող ուսապայուսակը, ապա ստացված լուսանկարը «Վայբեր» հավելվածի միջոցով ուղարկել է Ս.Խ.-ին, ինչից հետո հանցավոր խմբի անդամները նշված ուսապայուսակի մեջ տեղադրել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը՝ այդ կերպ հանդիսադիր վայրում՝ Հայ Առաքելական Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան ընդունարանում Հ.Ա.-ին ապօրինի իրացնելով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիայի»


















































