«Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվել է ապրիլի 16-ին՝ Մեղրու մանկապարտեզին հարող տարածքում կազմակերպված խորհրդանշական ծառատունկով։
Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովը, ԱՊՀ անդամ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներ, որոնք Մեղրի են ժամանել՝ մասնակցելու «2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը։
Ծառատունկն իրականացվել է Մեղրիում Կառավարության 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում վերանորոգված մանկապարտեզի բակում։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ նախաձեռնությունն ինչպես բնապահպանական, այնպես էլ խորհրդանշական նշանակություն ունի` Մեղրին նորովի բացահայտելու և մշակութային զբոսաշրջությունը զարգացնելու առումով:
«Ծառ տնկելով մենք ավելացնում ենք քաղաքի կանաչ տարածքները»,– նշել է նախարարի տեղակալը` ընդգծելով, որ նախատեսվում է նաև մշակութային միջոցառումների շարք, որը կշարունակվի մինչև նոյեմբեր:
Կարդացեք նաև
«Մշակույթը համագործակցության կարևոր հարթակ է. մշակույթից են սկսվում այն երկխոսությունները, որոնք հետագայում կարող են զարգանալ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում»,– ասել է նա։
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ նախատեսված միջոցառումները կուղեկցվեն պատմամշակութային վայրեր այցելություններով: «Մեր նպատակն է բացահայտել և վերաբացահայտել Մեղրին զբոսաշրջիկների աչքերով։ Պարզվում է՝ ինքներս էլ այնքան լավ չենք ճանաչում Մեղրին, և այստեղ շատ բան կա տեսնելու, բացահայտելու և ներկայացնելու»,– նշել է Դանիել Դանիելյանը՝ հավելելով, որ արդեն քարտեզագրվել են այն հիմնական ուղղությունները, որոնք հետաքրքիր կարող են լինել այցելուների համար։
Նա նաև շեշտել է տեղացիների հյուրասիրությունն ու ընդունելության ջերմ մթնոլորտը՝ նշելով, որ այն կարևոր գործոն է զբոսաշրջության զարգացման համար։ Ըստ նրա՝ Մեղրին ճիշտ ներկայացնելու դեպքում հնարավոր է ակնկալել զբոսաշրջիկների հոսքի աճ, ինչը կհանգեցնի նաև ենթակառուցվածքների զարգացմանը։
«Եթե կարողանանք ճիշտ ներկայացնել Մեղրին և նրա հետաքրքիր վայրերը, ապա վստահաբար կունենանք զբոսաշրջիկների աճ, իսկ դրա հետ միասին կզարգանան նաև ենթակառուցվածքները՝ կհայտնվեն նոր հյուրատներ, հյուրանոցներ, ռեստորաններ և սրճարաններ»,– ասել է նա։
Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի խոսքով՝ արվում է հնարավորը՝ քաղաքը բարեկարգ ու գեղեցիկ պահելու համար՝ զբոսաշրջիկներին գրավելու նպատակով. «Հասկանում ենք, որ այս միջոցառումներից հետո Մեղրին կդառնա ավելի ճանաչելի ոչ միայն ԱՊՀ տարածաշրջանում, այլև այլ երկրներում։ Մարդիկ կճանաչեն Մեղրին, և զբոսաշրջիկներն ավելի հաճախ կայցելեն այստեղ։ Իսկ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր զբոսաշրջիկ Մեղրիում իրեն զգա հարմարավետ միջավայրում և վերադառնալով իր երկիր՝ նաև ուրիշներին խորհուրդ տա այցելել Մեղրի»։
Ծառատունկից հետո ԱՊՀ բարձրաստիճան պատվիրակության ներկայացուցիչները, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի և Մեղրու քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանի ուղեկցությամբ, այցելել են Մեղրու պատմամշակութային վայրեր: Առաջին կանգառը Մեղրու փոքր թաղի Սուրբ Հովհաննես (Սուրբ Սարգիս) միջնադարյան եկեղեցին էր: 16-րդ դարի բացառիկ հոգևոր կառույցը հարուստ է հայկական որմնակամարներով և մանրանկարչությամբ: Հյուրերն այցելել են նաև Խաչաց տուն, որը Մեղրիում պահպանված ամենահին բնակելի տունն է և ծառայում է որպես մշակութային ժամանց վայր և հյուրատուն-թանգարան: Հաջորդաբար նրանք այցելել են Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրի 17-րդ դարի կամուրջ:
ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագրի բացման միջոցառումներն անցկացվում են ապրիլի 16-17-ը։ Ծրագիրը ներառում է մի շարք մշակութային միջոցառումներ՝ ART Expo ցուցահանդես, որտեղ անդամ երկրները կներկայացնեն իրենց ազգային մշակույթը, գալա համերգ՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարմամբ, գիշերային դիսկոտեկ՝ հայ հայտնի դիջեյների մասնակցությամբ, ինչպես նաև այցելություններ Մեղրու պատմամշակութային հաստատություններ։
ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագիրը գործում է ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հովանու ներքո՝ 2011 թվականից։ Մեղրին հայկական երրորդ քաղաքն է, որին շնորհվել է այս պատվավոր կարգավիճակը․ Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է ճանաչվել 2013 թվականին, իսկ Գորիսը՝ 2018 թվականին։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































