Արթուր Պողոսյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 16-ի նիստում ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը:
Քննչական կոմիտեի նախագահը ներկայացնելով 2025 թվականի կառույցի գործունեության մասին հաղորդումը՝ նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում քննվել է 90.931 քրեական վարույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 85.341-ի համեմատ, այսինքն՝ աճել է 5.590 վարույթով կամ 6.5%-ով: 90.931 քրեական վարույթից լուծվել է 69.694-ի ընթացքը՝ նախորդ տարվա՝ 63.211-ի համեմատ, այսինքն՝ ընթացքը լուծված քրեական վարույթներն աճել են 6.483-ով կամ 10.2%-ով:
Արթուր Պողոսյանն անդրադառնալով դատավարական ավարտներով քրեական վարույթներին՝ նշել է, որ նախորդ տարվա համեմատ դատարան ուղարկված վարույթների քանակն աճել է 2.825-ով կամ 23.8%-ով: Այսպիսով, ավարտված 41.761 քրեական վարույթից 14.650-ը՝ 15.533 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024 թվականին՝ 11.825 քրեական վարույթ` 12.805 անձի վերաբերյալ):
Քննչական կոմիտեի նախագահը ելույթի ընթացքում անդրադարձել է նաև ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային վնասի վերականգնումներին՝ նշելով, որ 2025 թվականի ընթացքում գրանցվել է աննախադեպ՝ 47 մլրդ 129 մլն 552 հզր ՀՀ դրամ վնասի վերականգնում, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 8 մլրդ 41 մլն 225 հզր-ով (2024-ին՝ 39 մլրդ 118 մլն 327 հզր ՀՀ դրամ):
Անդրադառնալով զինվորական ծառայության հետ կապված դեպքերին՝ Քննչական կոմիտեի նախագահը ընդգծել է, որ ծառայության հետ կապված սպանության դեպքեր չեն արձանագրվել (2024-ին՝ 5 դեպք, 5 անձ), հակառակորդի կողմից կատարված սպանություններ նույնպես չեն արձանագրվել (2024-ին՝ 3 դեպք, 4 անձ), ինչպես նաև չեն արձանագրվել ծառայության հետ կապված տրանսպորտային կամ մարտական միջոցներ վարելու կամ շահագործելու կանոնների խախտման դեպքեր (2024-ին՝ 2 դեպք, 5 մահացած անձ) և ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնների խախտման դեպքեր (2024-ին՝ 1 դեպք, 2 մահացած անձ):
Կարդացեք նաև
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում խոսել է նաև անչափահասների նկատմամբ և անչափահասների կողմից կատարված հանցագործությունների, ընտանեկան բռնությունների և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ՝ ներկայացնելով վիճակագրական տվյալներ:
ՀՀ քննչական կոմիտե


















































