«Փաստինֆո». ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Ստամբուլում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ, որից հետո տպավորություններով կիսվել է ադրբեջանական «Real TV»-ին տված հարցազրույցում։
«Հանդիպումը լավ անցավ: Կարող եք զարմանալ, բայց տարաձայնություններ չկան: Կա փոխըմբռնում, կան ընկերական հարաբերություններ, կա համագործակցություն, կան ապագա գործընկերության պլաններ: Բանակցությունների ընթացքում մենք որևէ խոչընդոտի չբախվեցինք, և հուսով եմ, որ այսուհետ ևս դրանք չեն լինի»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը։
Ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս է Երևանում գնահատվում ադրբեջանական արտադրանքի արտահանումը Հայաստան, ինչպես նաեւ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցումը, Ալեն Սիմոնյանը նշել է, թե այդ ամենը դրական է գնահատվում։
«Ես վաղուց եմ այդ մասին խոսում՝ մենք պետք է էլ ավելի ընդլայնենք առևտուրը: Ես գիտեմ, որ մեր գործարարները, մեր կառավարությունները և համապատասխան կառույցները աշխատում են այդ ուղղությամբ և դա շատ լավ է: Մենք պետք է շարունակենք խորացնել այս ուղղությամբ աշխատանքները»,- ասաց նա։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ նախագահը հարցազրույցի ժամանակ անդրադարձավ նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցերին և դրանք «հիասքանչ» որակեց։
«Մի՞թե չեք տեսնում, թե ինչպես են անցնում այդ հանդիպումները և ինչպիսի արձագանքներ են հնչում դրանցից հետո: Տեսեք, մենք վաղուց և շատ լավ գիտենք միմյանց: Բարեբախտաբար, մեր ժողովուրդների միջև այդ մութ էջն արդեն մնացել է անցյալում: Հիմա մենք որպես քաղաքական գործիչներ և գործընթացները ղեկավարող մարդիկ, պետք է դա էլ ավելի զարգացնենք և բաց չթողնենք այս հիանալի հնարավորությունը»,- ասաց Ա. Սիմոնյանը։


















































