Լրահոս
Գիշերային զանգ
Օրվա լրահոսը

«Ուրախ ավտոբուս»-ը բախվում է ճանապարհային խոչընդոտների, դժվարանցանելի փոսերի մեջ է հայտնվում»

Ապրիլ 18,2026 12:30 Share

«Խոչընդոտների առջեւ է նաեւ ընդդիմադիր, պայմանական ձեւակերպմամբ, երրորդությունը, որը ներքին եւ արտաքին հարթակներում պետք է ավելի մեծ վստահության արժանանա, ոչ թե անցյալի «փառքերի» վրա հույս դնի, անցյալը վաղուց գործոն չէ՝ ո՛չ Փաշինյանի, ո՛չ ընդդիմության համար», «Առավոտի» զրուցակիցն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը։

-Նիկոլ Փաշինյանը խոստանո՞ւմ է, թե՝ սպառնում, երբ հայտարարում է, որ երեք հիմնական ընդդիմադիր ուժերը` «Հայաստան» դաշինքը, ԲՀԿ-ն եւ «Ուժեղ Հայաստանը» չեն հաղթահարելու ընտրական շեմը։

-Ոչ խոստում է, ոչ սպառնալիք. ինքնախաբեության եւ ինքնամխիթարության ճիգ է՝ վախեցնող իրականությունից երազների հովիտ ընկնելու փորձ։ Իր գաղափարական հակառակորդներին եւ ընտրություններում առաջատար դիրք գրավող ուժերին ամեն կերպ փորձելով նսեմացնել, վարկաբեկել՝ գործող վարչապետը մատնում է թիմի խորքային տագնապն ու անհանգստությունները։ Արեւելյան իմաստությունը պնդում է՝ հալվա՜, հալվա՜ ասելով՝ բերանդ չես քաղցրացնի։ «Հաղթելու ենք» կարգախոսի անպատեհ շահարկումը՝ ի հեճուկս իրականության սթափ գնահատման, որպես կանոն, հանգեցնում է ձախողման ու պարտության։ Նախադեպեր ունենք։

– Ինչո՞ւ է այդքան նյարդային, ջղաձիգ եւ զայրացած` Նիկոլ Փաշինյանը, անգամ սպառնում է մինչեւ տարեվերջ ունեզրկել «Ուժեղ Հայաստանի» առաջնորդին, եթե վստահ է, որ այս ընտրություններում էլ բացարձակ մեծամասնություն է ունենալու, որ հիմնական ընդդիմադիր ուժերն անգամ անցողիկ շեմը չեն հաղթահարելու։

– Կարծում եմ՝ հարցի ձեւակերպման մեջ պատասխանն արդեն առկա է։ Նյարդայնությունն ու ջղաձգումները, ցասման պոռթկումները խորքային անվստահության եւ տագնապի ցուցիչներ են եւ, իհարկե, ապացուցում են, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ «բացարձակ մեծամասնությանն» ինքն անգամ չի հավատում։ Նման սպառնալիքներով նա փորձում է հույս տալ թիմին, իր կողմնակիցներին, թե «ապագա կա»։ Իրականում ինքնավստահ, հաղթող ուժը երբեք նման բառապաշար եւ վարքագիծ չի ունենում եւ «թույլ» մրցակիցներին չի նկատում անգամ, այլ ոչ թե ամեն վայրկյան ազդարարում է, որ եթե իրենք չընտրվեն, պատերազմ կլինի, գուցե արեւն արդեն չի ծագի, հավերժ մայր մտած կլինի, գարուն չի գա, ապագա չի լինի, կենսաթոշակառուներն էլ Լառնակա չեն մեկնի այն արժանապատիվ թոշակով, որ Փաշինյանն է ապահովել։

– Որոշակի տպավորություն կա, որ ընդդիմադիր ուժերն իրենց ոչ միակամությամբ` կամա կամ ակամա, նպաստում են ՔՊ ի դիրքերի ամրապնդմանը։

– Իշխանության տագնապի եւ ընդդիմադիր ուժերի տարաձայնությունների այս համապատկերում, իմ համոզմամբ, ընտրողն է շփոթվում, որոշակի հիասթափություն է առաջանում։ Հիասթափված ընտրողը կարող է չգնալ ընտրատեղամաս, չքվեարկել, իսկ ընտրողների ցածր ակտիվության դեպքում իրոք շահում է գործող իշխանությունը։ Հայաստանին անհրաժեշտ է հանրային բողոքի ալիք, դժգոհ եւ ընդդիմացող ընտրազանգվածի համախմբում ընտրատեղամասերում։ ՀՀ քաղաքացին պետք է հավատա, որ իր քվեն ուժ է, ամենակարեւորը՝ կան ազգային, պետականաստեղծ քաղաքական ուժեր, որոնք արժանի են իր քվեին, ուժեր, որոնք չեն գալիս հանուն պատգամավորական մանդատի կամ գործադիր իշխանության մեջ պաշտոնի, այլ գալիս են հանուն գաղափարի, հանուն Հայաստանի։ Պառակտված, իրար վրա ցեխ շպրտող, սոցիալական տարբեր հարթակներում միմյանց մասին ակնհայտ կեղծ տեղեկատվություն տարածող քաղաքական ուժերն արժանի չեն քվեի, հայ ընտրողը միայնակ առաջնորդի կարիք չունի։ Նրան ազգային ընտրանի է պետք, որն իր գաղափարական, բարոյական եւ մարդկային արժեհամակարգով հակադրվում է ներկայիս իշխանությանը։ Ոչ մի առանձին ուժ միայնակ չի կարող Հայաստանը դուրս բերել համակարգային ճգնաժամից, ուստի հայ ընտրողը պահանջում է միասնություն, փոխադարձ հարգանք եւ վստահություն։

– Ոչ պաշտոնական քարոզարշավն ի՞նչ է հուշում, ելակետային ի՞նչ իրավիճակ ունենք։

– Ելակետային վիճակը կարող է տարբեր զարգացումների հանգեցնել՝ ամենադրականից մինչ ամենաբացասական։ Առայժմ ՔՊ-ն միայնակ փորձում է դրսի կենտրոններին համոզել, որ ինքն ունակ է վերարտադրվելու եւ հանձն առած պարտավորություններն ավարտին հասցնելու։ Պատահական չէ, որ «արեւմտամետ» կոչվող ուժերն աջ ու ահյակ դժգոհում են, թե Փաշինյանն իրենց չի օգտագործում, խաղից դուրս կարգավիճակում են։ ՔՊ-ն ներսից եւս այնքան էլ ամուր չէ. «ուրախ ավտոբուս»-ը բախվում է ճանապարհային խոչընդոտների, դժվարանցանելի փոսերի մեջ է հայտնվում։ Բայց խոչընդոտների առջեւ է նաեւ ընդդիմադիր, պայմանական ձեւակերպմամբ, երրորդությունը, որը ներքին եւ արտաքին հարթակներում պետք է ավելի մեծ վստահության արժանանա, ոչ թե անցյալի «փառքերի» վրա հույս դնի, անցյալը վաղուց գործոն չէ՝ ո՛չ Փաշինյանի, ո՛չ ընդդիմության համար։ Մեր ոխերիմ բարեկամ հարեւանների համար՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի, Հայաստանում ոչինչ չպետք է փոխվի՝ մենք պետք է մնանք կապիտուլյացիոն թակարդում, իրենց ողորմածությանը հանձնված։ Խոշոր աշխարհաքաղաքական կենտրոնները ժամանակ եւ պատեհություն դեռեւս չունեն կենտրոնանալու մեր ուղղությամբ, նրանք կարող են համաձայնել ցանկացած ելքի հետ։ Միայն մենք ենք շահագրգիռ փոփոխություններ կատարելու հօգուտ հայկական պետականության եւ երաշխավորված խաղաղության, ազգային իրական անվտանգության։ Իսկ փոփոխություններ կկատարվեն միայն այն դեպքում, երբ հայ ընտրողը կտեսնի ընդդիմության գաղափարական միասնություն, գործընկերություն եւ բարձր արհեստավարժություն։ Հակառակ պարագայում մենք վերջնական խորասույզ ենք լինելու ներկայիս ճահճում։ Հավաքական ուժն է ծնում իրավունքը, եթե ունենք փոփոխություններ կատարելու ուժ, աշխարհը մեզ հետ հաշվի կնստի, ոխերիմ դրացիները՝ եւս։ Եթե շարունակելու ենք մնալ անցյալում, նեղ անձնական, կուսակցական կամ թիմային շահերի տիրույթում, ապա համակարգային փոփոխությունների հույսը կտապալենք։ Ընտրողը սպասում է։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
17.04.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930