Փաշինյանը ընդդիմադիր լիդերներին ասում է՝ դուք ո՞վ եք, ձեզանից ի՞նչ եք ներկայացնում: Չէ, սա կատակ չէ, երդվում ենք՝ այդպես էլ ասել է: Ու դա ասել է Արցախում ազատամարտի ընթացքը ղեկավարած ու հաղթած պետական գործչին, երկրի տնտեսությունը ոտքի կանգնեցրած, պետականության հիմքերը ամրապնդած նախագահին՝ Ռոբերտ Քոչարյանին: Ասել է մեր երկրի տնտեսության մեջ մեծ դերակատարում ունեցած, հայկական սպորտը ընկած վիճակից վեր բարձրացրած ու նվաճումներ խրախուսած, մշտապես հայ մարդկանց կողքին եղած Գագիկ Ծառուկյանին: Ասում է գործարար ու բարերար Սամվել Կարապետյանին, որ, բացի միլիարդատեր լինելուց, բացի հազարավոր մարդկանց զբաղվածությամբ ու աշխատատեղով ապահովելուց, նաև հսկայական բարեգործական ծրագրեր է իրականացրել Արցախում ու ՀՀ-ում: Ով ում հանդեպ ինչ ընկալումներ ունենա, խոսքը մարդկանց մասին է, որոնք, բացի կայացած անհատներ լինելուց, երկրի, ժողովրդի համար գործեր ունեն արած, վաստակ ունեն: Հա, իրենց բոլոր թերություններով հանդերձ, թերություն չունեցողը թող առաջինը քար նետի:
Ու ով է խոսում, ով է նման տոնայնությամբ արտահայտվում, ով է նման հարց տալիս: Պատահական չէ, որ հենց սոցցանցերում ամենաշատ հանդիպող ձևակերպումը փոխադարձումն էր, թե «բա դուք ո՞վ եք, ախր, ինչե՞ր ունեք արած»: Մարդիկ նշում են, որ ինչի դիպել են այս իշխանությունները, քայքայման ու կործանման են տարել, զրոյացրել ու մինուսացրել են: Երկիրն ու ժողովրդին պատերազմական աղետի տարած, Արցախն ուրացած ու թշնամուն հանձնած, մոտ 5000 լուսավոր տղաների մահվան մատնած, «Եռաբլուրը» եռապատկած, չարած աշխատանքի համար իրենք իրենց բազմամիլիոն պարգևավճարներ դուրս գրած Փաշինյանն ու ՔՊ-ն են համարձակվո՞ւմ որևէ մեկի հասցեին ինչ-որ բան ասել: Ժողովրդին հարկերով ու տուգանքներով, անդադար թանկացումներով «քերթողնե՞րը»: Իսկ գուցե նախ ինքներդ ձեզ նայե՞ք, հը՞: Կողքից: Առանց արհեստական նարցիսիզմի:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































