Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր. այս տարվա թեման՝ «Արտակարգ արձագանքում կենդանի ժառանգությանը հակամարտությունների և աղետների համատեքստում», Արցախի համար մեր ինքնության ֆիզիկական գոյատևման խնդիր է: Մինչ համաշխարհային փորձագիտական հանրությունը քննարկում է պաշտպանության մեթոդաբանությունը, մենք բարձրաձայնում ենք աղետալի իրավիճակի մասին, որը պահանջում է անհապաղ գործողություններ:
Օկուպացված Արցախի տարածքում շարունակվում է հայկական մշակութային արժեքների նպատակաուղղված և համակարգված ոչնչացումը: Դարեր գոյատևած հուշարձանները, եկեղեցիները, պատմական կոթողները և ամբողջական բնակավայրերն այսօր ջնջվում են երկրի երեսից:
Միջազգային կառույցները, ներառյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ցուցաբերում են կատարյալ անգործություն և համարժեք արձագանքի բացակայություն: Ուղիղ մոնիթորինգից հրաժարվելը և վանդալիզմի ապացույցների փաստացի անտեսումը հարցականի տակ են դնում այդ կազմակերպությունների առաքելությունը:
Միջազգային հանրությունը պահպանում է պասիվ լռություն՝ փաստացիորեն լեգիտիմացնելով 21-րդ դարի մշակութային ցեղասպանությունը:
Կարդացեք նաև
Հայաստանի իշխանությունները չեն ձեռնարկում պատշաճ միջոցներ և չեն օգտագործում առկա քաղաքական լծակները Արցախի ժառանգության պաշտպանության համար՝ մեր սրբավայրերը թողնելով անպաշտպան ագրեսորի առջև:
Մենք շեշտում ենք. «արտակարգ արձագանքման» ոչ մի ծրագիր արդյունավետ չի լինի, քանի դեռ հուշարձանները զրկված են այն ստեղծող ժողովրդից:
Արցախի ժողովրդի՝ սեփական Հայրենիք վերադառնալու իրավունքի իրացումը մեր մշակութային ժառանգության պահպանման և կենսունակության երաշխավորման միակ միջոցն է:
ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


















































