Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պետրոսյան. «Մարտահրավերները դիմագրավելու համար ամենակարեւոր խնդիրը ոչ թե ռեսուրսներ չունենալն է, այլ մարտահրավերների խորությունը պատկերացնել չկարողանալը»

Ապրիլ 18,2026 20:21 Share

Կայացավ «Մերձավոր եւ Միջին Արեւելք. մարտահրավերներ եւ հեռանկարներ» խորագրով փորձագիտական համաժողովը, որը կազմակերպել էր հասարակական քաղաքական գործիչ, քաղաքական գիտությունների թեկնածու, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

Ելույթ ունեցան միջազգային հարաբերությունների, արեւելագիտության եւ տնտեսագիտության ոլորտների առաջատար փորձագետներ նաեւ այլ երկրներից՝ վերլուծելով Մերձավոր եւ Միջին Արեւելքում ներկա իրավիճակը եւ դրա ազդեցությունները Հարավային Կովկասի վրա։

Սուրեն Պետրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով նման  նախաձեռնությամբ հանդես գալու անհրաժեշտության մասին, ասաց. «Մենք գտնվում ենք շատ խորքային ճգնաժամում, եւ այդ ճգնաժամը միայն ներքին չէ, նաեւ արտաքին է։ Փոխվում է տարածաշրջանը, աշխարհը, փոխվում են խաղի կանոնները, կան բազմաթիվ  խորքային մարտահրավերներ։ Բայց մարտահրավերները դիմագրավելու համար ամենակարեւոր խնդիրը ոչ թե ռեսուրսներ չունենալն է, այլ մարտահրավերների խորությունը պատկերացնել չկարողանալը, մարտահրավերների տեսակը, բովանդակությունը, ընդհանրապես պատկերացում չունենալը, թե մենք որտեղ ենք ապրում, մեր տարածաշրջանն ինչպես է փոխվում, ինչպես են փոխվում խաղի կանոնները, ինչպես են փոխվում աշխարհաքաղաքական դերակատարները։

Եվ հետեւաբար, եթե մենք պատկերացում չունենք այս փոփոխությունների էության, բովանդակության եւ ձեւի մասին, որեւէ կերպ անգամ դիմադրել այս փոփոխություններին կամ մնալ կենսունակ՝ չկորցնելով մեր ինքնությունը, ուղղակի հնարավոր չէ։ Հետեւաբար, շատ կարեւոր է, որ պարզ պրոպագանդայի կամ տեղեկատվական մանիպուլյացիաների կողքին ստեղծվի նաեւ մեր իրականությանը այլընտրանքային գիտա-վերլուծական մոտեցում, որ մենք, ի վերջո, կարողանանք մի փոքր ավելի լավ պատկերացնել, թե ինչ է տարածաշրջանը, ինչպես է փոխվում տարածաշրջանում ուժերի դասավորությունը, ինչ խաղի կանոններ են ընթանում այստեղ։ Ընդհանրապես, այս ամեն ինչի մեջ ինչպիսին պետք է լինի մեր տեղը եւ դերը։ Բայց ոչ թե սիրողական մակարդակով։

Այս ամենի հիմքում ընկած է գիտավերլուծական եւ ակադեմիական մոտեցում, որը զերծ է պրոպագանդիստական մոտեցումներից, քաղաքական մանիպուլյացիաներից։ Այս համաժողովով իշխանությանը կամ ընդդիմությանը մեսիջ փոխանցելու ոչինչ չկա։ Այս ամեն ինչի արդյունքում գեներացված օրակարգը, մոտեցումները բաց են բոլորի համար։ Բոլոր այն մարդիկ, որ իրականում սրտացավ են պետության, պետականության համար, գիտական այս մեծ ներուժը, որը դրվել է այստեղ եւ վերլուծությունները, կարող են օգտագործել։ Սա որեւէ մեկին ուղղված չէ, սա ուղղված է նրանց, ում հետաքրքիր է պետությունը, պետականությունը, ով փորձում է այս իրականությունից ելքեր գտնել»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930